ԵԹԵ ՀԻՄԱ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՈՒՆԸ ԼԻՆԵՐ


Քաղաքական ողջ դաշտը նախապատրաստվում է առաջիկա համապետական ընտրություններին: Խոստովանեն թե` ոչ, բայց բոլոր քաղաքական ուժերն ու հոսանքները հասկանում են, որ հինգերորդ գումարման Ազգային ժողովում խմբակցություններ կարող են ունենալ միայն այսօրվա խորհրդարանական կուսակցությունները: Հենց այս քաղաքական գիտակցությունն էլ թելադրում է պակաս քան երկու տարի հետո կայանալիք ընտրություններին նախապատրաստվելու և վերադասավորումների տրամաբանությունը: Անվիճելի է, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ոչ պառլամենտական բոլոր կուսակցությունները հեռացան ակտիվ քաղաքականությունից ու հանգրվանեցին քաղաքական դաշտի լուսանցքում: Այս փաստը հաստատում է, որ մեր քաղաքական համակարգը որոշակիորեն ձևավորված է և նախընտրական մետամորֆոզներ հնարավոր են միայն ֆորստ-մաժորային իրավիճակում: Հետընտրական շրջանում ոչ մի նոր կուսակցություն չի ստեղծվել ու դրա նախադրյալներն էլ չկան: Կան, անշուշտ, ցանկություններ, բայց դրանք իրականություն չեն դառնա: Բացահայտ է, որ չկա առաջնորդի հատկանիշեր ունեցող որևէ խարիզմատիկ գործիչ, որն իր քաղաքական կողմնորոշումը դեռ չի ճշտել: Խոսվում է, որ Վիկտոր Դալլաքյանն ինչ-որ աջաբսանդալային կուսակցություն է ջանում ստեղծել: Բայց չկա տնտեսական ուժ, որը քաղաքական ամրապնդման կարիք ունի և Դալլաքյանին կարող է շարքեր ու բավարար ֆինանսներ տրամադրել: «Բարգավաճ Հայաստանի» օրինակն այլևս անհնարին է կրկնել, իսկ «Շամիրամի» նման մի բան կարելի է ստեղծել միայն իշխանության երկփեղկվածության դեպքում, ինչը ևս բացառվում է: Հետևաբար, միանգամայն արդարացված է կանխատեսումը, որ քաղաքական ուժերի հարաբերակցության մեջ առաջիկա երկու տարում ոչինչ էապես չի փոխվելու: Ուրեմն դիտարկենք, թե ինչ հեռանկար կարող են ունենալ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները: Ակնհայտ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխանությունը հավակնելու է ստանալ քվեների առնվազն 60 տոկոսը: Եթե այս քվեները ստանա միայն Հանրապետական կուսակցությունը, ապա հաջորդ կառավարությունը կունենա որակական միանգամայն այլ կառուցվածք, քանի որ չի ձևավորվի քաղաքական քվոտաների միջոցով: Սա նշանակում է նաև, որ ընտրողների ձայների մնացած 40%-ի համար մրցակցող մյուս չորս ուժերի պայքարը կլինի առանձնակի անզիջում, և խորհրդարանական կուսակցությունների թիվը կարող է նվազել: Եթե ընդունենք, որ ԲՀԿ-ն կստանա ընդդիմությանը տրվելիք քվեների 20%-ը, ապա ստացվում է, որ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը» պետք է բավարարվեն 8-5% արդյունքներով: Այս դեպքում ընտրությունները կլինեն ոչ միայն լարված, այլ ոմանց համար նաև խիստ ռիսկային: Հաշվի առնելով նշված երեք կուսակցությունների հասարակական վարկանիշը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ստացած արդյունքները, համակիրների կայունության աստիճանը, համապետական ընտրություններին քվեատուների մասնակցության առավելագույն 65-70% մակարդակը, կարելի է հիմնավորել, որ ՕԵԿ-ի ու «Ժառանգության» համար 5%-ի արգելքը կարող է անհաղթահարելի դառնալ: Պատկերը միանգամայն կփոխվի, եթե Հանրապետական կուսակցությունը որոշի շարունակել կոալիցիոն համագործակցության ավանդույթը: Իսկ դա հավանական է, քանի որ նախևառաջ ՀՀԿ-ի համար են խորհրդարանական ընտրությունները լինելու նախագահական ընտրություններին նախապատրաստվելու փուլ: ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիան նաև տրամաբանական է, քանի որ մինչ այսօր որևէ ԲՀԿ-ական նախագահական հավակնություններ չի ունեցել, իսկ ՕԵԿ նախագահն ու փոխնախագահն արդեն հայտարարել են, որ պաշտպանելու են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Մի փոքր ակտիվացումից հետո ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի նկատելի օլիմպիական հանգստությունը նաև հուշում է, որ գործող կոալիցիան խորհրդարանական ընտրությունների շուրջ սկզբունքային համաձայնություն արդեն կայացրել է: Այս տարբերակը բավական ցանկալի կլինի ընդդիմադիր կուսակցությունների համար, քանի որ առնվազն 30% ընդդիմադիր քվեների համար իրատեսական պայքար կարող են մղել ոչ միայն ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», այլ նաև ՀԱԿ-ը կամ ՀՀՇ-ն: Գուցե հենց այս իրավիճակն է կանխատեսել Րաֆֆի Հովհաննիսյանը և հասկանալով, իր արմատական դիրքորոշումների համար ակնկալած քվեները ստիպված է լինելու կիսել ՀԱԿ-ՀՀՇ-ի հետ, աստիճանաբար որդեգրում է ազգայնական կեցվածք: Դաշնակցությունից ձայներ խլելու համար «Ժառանգությունը» նաև ջանում է դաշինք կազմել Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիդասի» հետ: Եթե այս դաշինքը կայանա, ապա ԱՄՆ երկու նախկին քաղաքացիների ղեկավարած խմբակցությունն ավելի ներկայացուցչական կազմ կունենա ու կարող է ՀԱԿ-ՀՀՇ-ից խլել արևմտյան արժեքների ջատագովի մենաշնորհը:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ