ՕՋԱԽԻ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ` ԲԱՐՈՅԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ


Զորամիավորման հրամանատար Լևոն ԵՐԱՆՈՍՅԱՆԻ համար ամենակարևորը հայ տղամարդու ավանդական կերպարին հավատարիմ մնալն է, իսկ այդ կերպարը, նրա կարծիքով, բնորոշվում է պատվախնդրությամբ, ազգասիրությամբ, կամքով, շռայլությամբ, օջախը` շեն, ընտանիքը` հարգված ու ամուր պահելու պատրաստակամությամբ: Հենց այդպիսի ավանդապաշտ ընտանիքի հայր է Լևոն Երանոսյանը, հայի ավանդական կերպարին բնորոշ առաքինություններով ու բարոյականությամբ: - Դուք Արցախյան պատերազմի լեգենդար զորականներից եք, ժողովուրդը քիչ թե շատ ծանոթ է Ձեր մարտական ուղուն, և ես ուզում եմ, որ այժմ վերհիշեք Ձեր մանկությունը, պատմեք Ձեր ընտանիքի և այն մարդկանց մասին, ովքեր շրջապատել են Ձեզ մանկության և պատանեկության տարիներին: - Ծագումով ղարսեցի եմ, ծնվել եմ Էջմիածնի շրջանի Ջրառատ գյուղում, արդար, ավանդապաշտ, պատվախնդիր հայ շինականի ընտանիքում: Ինչպես ժողովրդիդ անցյալը, այնպես էլ նախնիներիդ ապրած կյանքը յուրատեսակ բարոյական ժառանգություն են, պատգամ, պարտավորություն... Գարեն պապս գյուղի ամենահարգված ու ազդեցիկ մարդկանցից էր, ազնիվ ու իմաստուն: Անցել էր գաղթի ճամփաներով, սեփական աչքերով տեսել թուրքերի անմարդկային վայրագությունները: Ես Գարեն պապիս սիրած թոռն էի, մենք մտերիմ էինք, սիրում էինք զրուցել, նա պատմում էր, թե ինչպես են իր աչքի առաջ թուրքերը սպանել հղի քրոջը, սրով որովայնից դուրս բերել երեխային: Պապս ասում էր` չմեռնեմ` վրեժս առնեմ թուրքից: Նա ինձ կտակեց իր չմարած պարտքը: Գևորգ պապս մեր գյուղի կոլտնտեսության նախագահն էր, Հայրենական պատերազմի ժամանակ, հրաժարվելով պետական արտոնությունից, վեց եղբայրների հետ կամավոր մեկնել էր ճակատ ու միայն ինքն էր կենդանի մնացել: Ամբողջ կյանքում խնամեց զոհված եղբայրների զավակներին, հայրություն արեց: Մեր գյուղը սահմանամերձ է Թուրքիային: Ամեն Աստծո օր աչքս բացել ու տեսել եմ իմ հայրենիքը երկատող սահմանը, Արարատը` գերեվարված, մոտիկ, բայց անհասանելի: Մենք չորս երեխա էինք ` երկու եղբայր, երկու քույր, ընտանիքում հայրիշխանություն էր, զավակները հնազանդ էին ծնողներին: Իմ կարծիքով` մեր ազգային կարևորագույն արժեքներից մեկը հայ ընտանիքի ավանդական կերպարն է` իր բարոյականությամբ, չափանիշներով: Ես չգիտեմ` ուրիշ ազգեր ունե՞ն այնպիսի ըմբռնում, ինչպիսին օջախն է կամ գերդաստանը: Ազգի, հասարակության բարոյական չափանիշները ձևավորվում են ընտանիքներում, և ընտանեկան կառույցի խաթարումներն ուղղակիորեն ազդում են հասարակական հարաբերությունների բարոյականության վրա: - Հետաքրքիր է` ինչպիսի՞ն էր ապագա ռազմիկը, գեներալը մանկության տարիներին, տարբերվո՞ւմ էր հասակակիցներից: - Աշխույժ, եռանդուն, աչքաբաց երեխա էի, «քուչի» տղա: Սկզբում փայտաշեն ատրճանակով զինված, հետո` քարով, պարսատիկով, թաղային ծեծկռտուքների առաջին գծում էի: Ես էությամբ լիդեր եմ, միշտ էլ բարձր դիրք եմ ունեցել տղայական «կաստայում»: Չեմ սիրել բռնություն, ճնշում, թույլին ոտնահարելը վախկոտություն եմ համարել: Մինչև հինգերորդ դասարան լավ եմ սովորել, հետո սկսել եմ ավելի քիչ կարդալ, ավելի շատ լինել դրսում, ընկերներիս շրջապատում: Դպրոցն ավարտելուց հետո բոլորի նման զորակոչվեցի խորհրդային բանակ: - Յուրաքանչյուր ազգ իր զինվորական ավանդույթներն ունի, իր զինվորի հավաքական նկարագիրը: Ինչպիսի՞ զինվոր էր հայը խորհրդային բանակում, ի՞նչ ավանդույթ ենք շարունակում այսօր: - Եթե մի քանի հազարանոց զորամասում երկու-երեք հայ կար, ապա հրամանատարը նրանց անուն-ազգանունով ճանաչում էր: Երևալու, առանձնանալու ձգտումը գալիս էր ազգային պատվախնդրությունից: Հայերը անհատականություն էին, տարբերվում էին կամային որակներով, կենսունակությամբ: Միևնույն ժամանակ` տաքարյուն էին, կռվարար, անհնազանդ: Անձամբ ես կարգապահ զինվոր էի, կազմակերպչական ունակություն ունեի, այդ պատճառով էլ ինձ դասակի հրամանատար նշանակեցին: - Փաստորեն Ձեր զինվորական կարիերան սկսել եք խորհրդային բանակում: Ինչպե՞ս էիք լեզու գտնում տարբեր ազգերի զինվորների հետ: - Ես միշտ էլ կարևորել եմ անհատական աշխատանքը: Անհրաժեշտ է ճկուն լինել, ձևավորել ճիշտ հարաբերություններ, գտնել ազդեցության արդյունավետ մեթոդներ: Անկեղծ ասեմ` մարդու տեսակ կա, որը մինչև չվախենա, չի հարգի: Այդ տեսակը կա բոլոր ազգերի մեջ: Կրտսեր օղակի հրամանատարը պետք է հնարավորինս մոտ լինի զինվորին, ճանաչի, հասկանա նրան: - Դուք ինչո՞վ էիք զբաղված պատերազմից առաջ, ի՞նչ կարողություն ունեիք: Երբեմն հնչում է կարծիք, թե պատերազմ գնացին հիմնականում անապահով, անհաջողակ մարդիկ, ովքեր փախան իրենց խնդիրներից: Ճշմարտության հատիկ կա՞ ասվածի մեջ: - Ազատամարտիկների մեջ շատ կային անապահով խավի մարդիկ, բայց նրանք ոչ թե իրենց խնդիրներից էին փախել, այլ գնացել էին կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը: Անձամբ ես մի քանի ձեռնարկություն ունեի Հայաստանում և արտերկրում, իմ բիզնեսը շահութաբեր էր, լավ վաստակում էի, ապրում էի շքեղ, բարեկեցիկ: Բայց թողեցի ամեն ինչ ու, միանալով Մանվել Գրիգորյանի ջոկատին, մեկնեցի ճակատ: - Դուք կռվել եք ամենաթեժ կետերում, մեկուկես տարի ընդհանրապես չեք հեռացել առաջին գծից, բնականաբար, շատ բան կունենաք վերհիշելու, բայց ես ուզում եմ, որ պատմեք, թե ինչպես վիրավորվեցիք Հորադիզում, ինչպես դիմակայեցիք ցավին, ինչպես հաղթեցիք: Ես մի անգամ լսել եմ այդ պատմությունն ու հոգեցունց ապրումներ եմ ունեցել: Նման ասքերը ունակ են սերունդներ արիացնելու: - Մանվել Գրիգորյանը Երևանում էր, և ես էի փոխարինում հրամանատարին: Տեղեկություն ստացա, որ աջ թևում շարժում է նկատվում: Գնացի անձամբ պարզելու և վիրավորվեցի ականի պայթյունից: Մի ոտքս ամբողջովին ջախջախվել էր, ձեռքս` նույնպես: Որովայնիս շրջանում ցավ զգացի ու երբ փորձեցի շոշափել, հասկացա, որ որովայնս պատռված է. մատներս ներս էին մտնում: Արնաքամ էի լինում, բայց գիտակցությունս չկորցրի: Ռացիայով կապվեցի կենտրոն, հրաման տվեցի զորքերը բերել թիվ 1 մարտական պատրաստության, հետո խնդրեցի կարմիր խաչի բժիշկներին պատրաստվել վիրահատության: Մանվել Գրիգորյանը զանգահարեց, ասաց` չմեռնես, հրաման է, ով մեռնի, ամոթ իրեն: Ասի` չեմ մեռնի, հրամանատար, հրամանը հրաման է: Մանվել Գրիգորյանը` հազար ցավ ու մահ տեսած հրամանատարը, երեխայի պես լալիս էր ինձ համար` իր զինվորի համար, երբեք չեմ մոռանա: Վիրահատությունից հետո էլ վիճակս շատ ծանր էր: Ես խնդրեցի կնոջս բերել, որ ինձ խնամի (կինս մասնագիտությամբ բուժքույր է): Նա իրեն տղամարդու պես պահեց, հանգիստ, առանց խուճապի, ասաց` լավանալու ես, մենակ դիմացիր: Տղայիս հետ էր եկել: Հանկարծ նկատեցի, որ երեխան դռան հետևից նայում է: Երբեք չեմ մոռանա հինգ տարեկան փոքրիկի հայացքը, ինչքա՜ն ապրում կար նրա մանկական աչքերում: Հետագայում տղաս վախենում էր գրկել ինձ, ասում էր` պապա, փորիցդ վախենում եմ: Հիմա մարմնիս մեջ 23 հատ բեկոր կա: - Ի՞նչ ապրում է ունենում մարդը, երբ մահը անխուսափելիորեն մոտիկ է և ուժեղ: - Մարդը` չգիտեմ, իսկ ռազմիկը մտածում է գեղեցիկ մեռնելու մասին: Ռազմիկը ցանկանում է հերոսաբար մեռնել: - Դուք իսկապե՞ս այն կարծիքին եք, որ մենք ավելի լավ ենք կռվում, քան թուրքերը և այդ պատճառով էլ հաղթեցինք: - Այն, ինչ դրված էր կշեռքի նժարին, մեզ համար ավելի թանկ էր, քան թուրքերի համար: Սա° է խնդիրը: Մի կարևոր հանգամանք էլ կար. Ադրբեջանում պատերազմի ժամանակ իսկական խժդժություն էր, Արցախը այնքան կարևոր ու սիրելի չէր, որ մոռացության տար քաղաքական տարաձայնությունները: Իսկ մեր ժողովուրդը միաբան էր, մեր թիկունքն ամուր էր, հուսալի, աջակից: - Պատերազմը հաղթանակով ավարտած զորականը ինչո՞ւ չվերադարձավ իր բիզնեսին: Չէ՞ որ կարող էիք ապրել հանգիստ, խաղաղ, վայելել մնացած կյանքը: Դուք վաստակել էիք այդ իրավունքը: Ինչո՞ւ եկաք կանոնավոր բանակ: - Պատերազմն իր օրենքներն ունի: Սահմաններին կռիվը դադարում է, բայց ռազմիկի հոգում պատերազմը չի ավարտվում: Սահմանը դառնում է կյանքիդ առանցքը, սահմանը ձգում է: Էությամբ դառնում ես սահմանապահ-երկրապահ: - Մտավախություն չկա՞ր, որ առանց մասնագիտական կրթության չեք կարողանա ծառայել կանոնավոր բանակում: - Եթե գործդ նվիրումով ես անում, եթե շատ ես ցանկանում, հաղթահարում ես ցանկացած դժվարություն: Ի վերջո, ցանկացած գործ կարելի է սովորել: Անվիճարկելի է, որ պատերազմով անցած ռազմիկները պետք էին նորաստեղծ բանակին: Մեր բանակը կառուցվեց ոչ այնքան արհեստավարժության, որքան ոգու, բարոյականության վրա: Եթե նվիրում, հայրենասիրություն չլիներ, ամենահմուտ մասնագետներն անգամ չէին կարող մեծ հաջողությունների հասնել: Ազատամարտիկներն ու կադրային սպաները լրացրին իրար: Հետագայում բանակ մտած ազատամարտիկներից շատերը զինվորական կրթություն ստացան, օրինակ` ես ավարտել եմ ՌԴ գլխավոր շտաբի ակադեմիան: - Ձեր ղեկավարած զորամիավորումը երեք տարի շարունակ համարվել է լավագույնը, իսկ Դուք եղել եք I կարգի հրամանատար: Ինչպե՞ս եք հասել նման հաջողության: - Կաբինետային հրամանատար շատ եմ եղել: Շատ եմ շփվել զինվորի հետ, հարգել եմ նրան, միշտ մտածել եմ, որ պարտավոր եմ փոխարինել զինվորի ծնողին: Սպաների հանդեպ պահանջկոտ եմ եղել, ոչինչ աչքաթող չեմ արել, չեմ բավարարվել ձեռքբերումներով: - Ինչպե՞ս է ապրում Ձեր ղեկավարած զորամիավորումում ծառայող զինվորը և ի՞նչ խնդիրներ ունի: - Ապրում է բարեկեցիկ պայմաններում, ապահովված է անհրաժեշտ հագուստով, շատ լավ սնվում է: Վերջերս 800 տեղանոց ճաշարան բացեցինք զինվորների համար, շքեղ ռեստորան է հիշեցնում: Ունենք հարմարավետ հոսպիտալներ, կահավորված բուժկետեր, որակյալ բժիշկներ, ապահովված ենք դեղորայքով: Ոչինչ չենք խնայում զինվորի համար: Էապես բարելավվել են դիրքերում ծառայող զինվորների կենսապայմանները: Յոթ զինվորի սպասարկում է մեկ խոհարար, որը միայն զբաղվում է զինվորների սննդով: Բլինդաժներում հարմար է, տաք: Միակ խնդիրը առնչվում է միջանձնային հարաբերություններին: Մենք պետք է մանկուց սովորեցնենք մեր տղաներին` հանդուրժող, զիջող լինել: Սա խնդիր է, որ միայն հրամանատարների, սպաների ջանքերով չի լուծվի, հարկավոր է ողջ հասարակության, ծնողների, ուսուցիչների աջակցությունը: Յուրաքանչյուր ծնող պիտի սովորեցնի իր տղային հարգել կողքիններին: - Պարոն գեներալ, «Ավանգարդ» թերթի խմբագրակազմի և ընթերցողների անունից շնորհավորում եմ Ձեզ «Հայրենիքին մատուցած ծառայության համար» I աստիճանի մեդալով պարգևատրվելու կապակցությամբ: Մաղթում ենք առողջություն, ուժ, եռանդ, որ հայրենիքին մատուցած Ձեր ծառայությունները բազմապատկվեն խաղաղ բանակաշինության պայմաններում:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ