ԱՍԵՄ` ԲՈՑ ԿԼԻՆԻ, ՉԱՍԵՄ` ԽՈՑ ԿԼԻՆԻ


Ամիսներ շարունակ Երևանն անհամբեր սպասման մեջ էր: Բազմիցս կրկնվող լուրերն ու գովազդները ավետում էին մեր լավագույն բարեկամ Ժակ Շիրակի և աշխարհահռ չակ հայի` Շառլ Ազնավուրի գալուստը: Եթե ժողովուրդն անհամբերությամբ էր սպասում ցանկալի հյուրերին, ապա քաղաքային իշխանությունը հյուրերի առաջ պարզերես մնալու համար լծվել էր տքնաջան աշխատանքի, որն, ի դեպ, մենք` հայերս, սիրում ենք կատարել ամենավերջին պահին: Օրհնվի «ԼինՍի»-ն, որ մեր ճամփաներին տեր է կանգնում, չլիներ նա, «զապաս» կոշիկները թևներիս տակ դրած էինք քայլելու: Ինչևէ: Բոլորին հայտնի էր, որ Ֆրանսիայի նախագահը օթևանելու է «Գոլդեն Փելես» հյուրանոցում, բայց արի ու տես, որ քաղաքապետարանը միայն վերջին պահին էր նկատել Աբովյան պուրակից մինչև այլևս գոյություն չունեցող Երիտասարդական պալատ ձգվող ճանապարհի անհարթությունը և միայն նախագահի ժամանումից 2-3 օր առաջ սկսեց հանրապետական նշանակություն ունեցող մայրուղու այդ հատվածի վերանորո գումը` կաթվածահար անելով երթևեկությունը: Այնինչ այդ աշխատանքները պետք է կատարվեին գիշերով: Հետաքրքիր է, Ժակ Շիրակը նկատե՞ց ճանապարհի թարմ ասֆալտին դաջված անվադողերի հետքերը: Բայց դժվար թե, քանի որ հայկական հյուրընկալությունը վարագուրել էր նման «մանրուքները»: Հյուրերի ժամանումն առավել դժվարեցրեց առանց այն էլ երևանյան չկարգավորված երթևեկությունը` անանցանելի դարձնելով Կոմիտաս, Մյասնիկյան, Ազատության պողոտաները, Աբովյան, Տերյան փողոցները: Այս խճճված երթևեկության կաթսայում թե որքան բենզին, ժամանակ ու նյարդեր եռացին ու հալվեցին, հայտնի է բոլորիս: Ճարպիկ ու հնարամիտ վարորդների յուրօրինակ մրցարշավ էր սկսվել, որով կարելի էր միայն հիանալ: Երբ որևէ տաքսու վարորդի հաջողվում էր ճողոպրել շարքերի արանքով, ապա պետք էր տեսնել, թե նրա ուղևորներին ի՜նչ նախանձով էին հետևում «լռված մարշրուտկայի» ուղևորների հայացքները: «10 համարի մարշրուտկան 8-րդ հիվանդանոցի մոտից իջավ Ազատության պողոտա ու ստիպված թեքվեց Բաբայան փողոց, այստեղից էլ` Քոչար ու... այ, վարորդ եմ ասել, շենքերի արանքով, աջ ու ձախ անելով, ձեռքի հետ մեզ էլ ծանոթացնելով քաղաքի այդ հատվածին, դուրս բերեց «Բարեկամության» մետրոյից քիչ հեռու»,- պատմում էր 2,5 ժամ փողոցներով մանևրող երթուղային տաքսու ուղևորը: Երբեմն լինում են իրավիճակներ, որից դուրս գալու միակ ելքը այնտեղ չգտնվելն է: Փողոցների ծանրաբեռնվածությունից թերևս շահեցին միայն տաքսիները, քանի որ ուղևորը 1000 դրամի փոխարեն հարկադրված էր վարորդին վճարել 2800 դրամա: Բայց վարորդն ի՞նչ աներ: Այսքանից հետո մարդիկ հույս ունեին, որ հոգեկան այս լարվածությունը կթոթափեն Հանրապետության հրապարակում կայանալիք Շառլ Ազնավուրի բացօթյա համերգի ընթացքում: Նրանք, ովքեր միջոցառումից 2,5 ժամ առաջ հաջողացրել էին տեղ զբաղեցնել բեմն ու նստատեղերը «պաշտպանող» արգելաճաղերի մոտ, վայելեցին համերգը, թեև ոչ լիովին, ինչպես այն վայելեցին ըստ շրջանառվող լուրերի` 100-150 հազար դրամանոց արժողությամբ տոմսերով աթոռներին բազմած ունկնդիրները: Համերգն սկսվեց նախատեսված ժամին, և պետք է խոստովանել, որ մեր կառավարությունը ջանք ու միջոցներ չէր խնայել այն հնարավորինս շքեղ և բարձր մակարդակով անցկացնելու համար: Սակայն, ինչպես երեսի յուղը «տակինի» երաշխավորը, այնպես էլ տեղադրված բարձրախոսներն անկարող էին երգի հնչյունները հասցնել միջին և վերջին շարքերի ունկնդիրներին: Զարմանալի ազգ ենք, այսքան հիասթափությունից հետո դարձյալ հավատում ենք խոստումներին, թե անհոգ եղեք, երաժշտության հնչեղության որակն ապահովված է ողջ հրապարակում: Դե, եթե համեգը հասու չէր այդ մասում, ապա իրար գլխի հավաքված մարդիկ մի բանով պիտի զբաղվեի՞ն, թե չէ: Նրանք էլ սրամտում էին, լուծում կենցաղային խնդիրներ, փաթաթվում-համբուրվում էին ու անընդհատ շարժվում տեղից տեղ: Այս ամենից, անկասկած, շահեցին արևածաղկի սերմ, ադիբուդի, բենգալյան կրակներ և լուսարձակ գնդիկներ վաճառողները: Հարյուրավոր մարդիկ հոգնած ու հիասթափված նստոտել էին Կառավարության և Կապի նախարարության շենքերի աստիճաններին, մայթեզրերին և հենց գետնին նստած էլ վայելեցին հրավառությունն իր ողջ շքեղությամբ: Իսկ վերջում եթե երկնքից 3 խնձոր ընկներ, մեկը` հյուրերին կարժանանար, որ առիթ դարձան որոշ մոռացված փողոցների շուտափույթ վերանորոգման, մյուսը` միջոցառման այն կազմակերպիչներին, ովքեր վերաորակավորման խնդիր ունեն, իսկ երրորդը բոլոր այն խելոքներին, ովքեր համերգն իր շքեղ վերջաբանով ու նաև սուրճով, ադիբուդիով, «սեմչկայով» վայելեցին իրենց տանը` հեռուստացույցի առաջ, անվճար և անաղմուկ:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ