Նախընտրական բյուջե և ոչ միայն


Էկոնոմիկայի օրենքն է` եթե կա տնտեսական աճ (իսկ դա մեզանում երկնիշ թվի տեսք ունի), հարկային եկամուտներն ավելանում են, ինչը և բյուջեն լցնելու թերևս ամենալայն խողովակն է: ՀՀ 2007 թ. պետբյուջի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը, շուտով կներկայացվի ԱԺ: Ամենահատկանշականը բյուջեի այս տարբերակում թերևս այն է, որ նախատեսվում է 2007-ին լրացուցիչ հավաքագրել 80 մլրդ դրամ: Հրաշալի` է 80 մլրդ-ով ավելի մուտքեր, ծախսային հնարավորությունների ընդլայնում: Սակայն չի կարող չառաջանալ «ինչպե՞ս, ինչի՞ հաշվին» հարցը. ինչպե՞ս է կառավարությանը դա հաջողվելու: Անբարեխիղճ հարկատուներին բարեխի՞ղճ են «դարձնելու», ստվերային եկամուտնե՞րն են « բացահայտելու», թե՞ օլիգարխներին համոզելու են «ձեռք բռնել»: Սրանք, իհարկե, բյուջեալցման լուրջ լծակներ են, բայց ոչ կիրառելի: Իսկ կիրառելին թերևս փոքր բիզնեսը (անհատ ձեռներեցներ, մանր արտադրողներ) կանխավճարախեղդ անելն է: Հարկային ու մաքսային մարմինների ուժը սրանց է պատելու, ինչպես և իրականում հաճախ լինում է: Թեև ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը բյուջեի լեզվով հիմնավորում է, թե որտեղից կարող են հավելյալ ավելանալ եկամուտները, սակայն իրականությունն ըստ էության այլ է, և այդ հաշվարկներն իրականում սազեցված են: Նախորդի համեմատ այս բյուջեն ծախսային մասով 75 մլրդ դրամով առաջ է: Դրա գրեթե կեսը` 35 մլրդ դրամ, կհատկացվի ուժային կառույցներին: Իսկ ընդհանրապես պաշտպանությանը բյուջեն կվերաբերվի 100 մլրդ դրամի չափով: 10 մլրդ դրամ նախատեսվում է հատկացնել կրթության, 8-ական մլրդ` առողջապահության և սոցիալական ոլորտներին: Նման հատկացումների կողքին մշակույթին ուղղված 1,5 մլրդ դրամը կարող է խղճուկ թիվ թվալ: Շա՞տ է, քի՞չ է, թե՞ բավարար մշակույթի նախարարությանը հատկացված այս գումարը, հասկանալի կդառնա սույն գերատեսչությանը մշակութային օբյեկտների պատկանելության նպատակահարմարությունը ֆիքսելուց հետո: Եթե մշակույթի կրթօջախներն ու մշակութային այլ օջախներ անցնում են տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինությանը, բնականաբար, սնվելով դրանց բյուջեից, և մշակույթի նախարարությանը մնում են պետական նշանակության օբյեկտները (թանգարաններ, պահոցներ, հուշարձաններ), պետբյուջեն զգալիորեն բեռնաթափվում է: Համարձակվե՞նք ուրախացնել ուսուցիչներին, գիտաշխատողներին, հիվանդանոցային համակարգի բժիշկներին, մանավանդ դատավորներին, դատախազության աշխատողներին, նպաստառուներին, թոշակառուներին` ավետելով նրանց աշխատավարձերի բարձրացման լուրը: 2007 թ. ուսուցիչների միջին հաշվարկային աշխատավարձը 58 հազարից կդառնա 74 հազար դրամ, գիտաշխատողների բազային աշխատավարձը` 28 հազարից 44 հազար դրամ: 4 հազարով ավելի կստանան բժիշկները: Աշխատավարձի բարձրացումն ում ինչքան կուրախացնի, չգիտենք: Բայց կենսաթոշակառուները դժվար թե ուրախանան (թեև միջին կենսաթոշակը 11,8 հազարի փոխարեն 2007-ին կկազմի 13,5 հազար դրամ), քանզի նրանք մեկ անգամ արդեն ճաշակել են այդ ավելացման վնասն ու դառնությունը: Կենսաթոշակին հազար դրամի հավելումով նրանցից շատերը զրկվեցին նպաստից, որ 10-13 անգամ ավելի էր, քան հազար դրամը: Եվ ընդհանրապես, հայտնի գնաճի և դոլարի համարժեքի ժամ առ ժամ նվազման պայմաններում աշխատավարձի ավելացումը (այն էլ ոչ զգալի չափով) քաղաքացու սոցիալական վիճակի բարելավման պատվար չէ: Դոլարի ինչպիսի՞ փոխարժեք է ամրագրել 2007-ի բյուջեն: Դա 357 դրամն է: Այսօր, երբ տարադրամի շուկայում դոլարի փոխարժեքը մեկ նիշով է ցածր սահմանվածից (367), և հինգի պոչը (357) արդեն երևում է, դժվար է սա կայուն կամ մոտավորապես կայուն ցուցանիշ համարել: Հիշենք, որ 2007-ը նախընտրական տարի է, և դեռ տարեսկզբից են քաղաքական գործիչները կանխատեսել փողի շքահանդես նախընտրական պայքարում: Մտահոգությունը խորացնում են տնտեսագետների կանխատեսումները. որքան մեծանում է տրանսֆերտների ներհոսքը, որքան ավելի շատ դոլար է շրջանառվում Հայաստանում, ավելի կտրուկ տատանումների է ենթարկվում փոխարժեքը` միշտ դեպի վատ, միշտ դեպի վար: Միայն թե նման տատանումների հնարավոր հետևանքները կամրագրվեն արդեն ոչ թե բյուջեում, այլ իրական կյանքում: Հ.Գ. - Դատավորների աշխատավարձի բարձրացումով համակարգում արմատացած կաշառակերության նվազում կարելի՞ է ակնկալել, ինչպես լինում է նորմալ հասարակարգում: «Դատական համակարգում երկու անգամ աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել, սակայն կոռուպցիան չի կրճատվել»,- փաստում է օրվա բանախոսը: Ասել է, թե նորմալ հասարակություն չենք: