Արժե՞ քաղաքականանալ` ընտրախոստումներին հավատալով


Քաղաքական դաշտը ոչ մի կերպ չի ամբողջականանում` գոնե ընտրություններին որոշակի դիմագծով ներկայանալու համար: Անկեղծ ասած` փաստն ուշագրավ է առաջին հերթին չափազանց տարօրինակ լինելու պատճառով: Ամորֆ խմորումների շարունակականության արդյունքում այդպես էլ չի ուրվագծվում, թե, ասենք, հայրենակցական միություններն ինչ ձևաչափով պետք է ներգրավվեն առաջիկա ընտրապայքարում: Հայրենակցականները նախորդ քարոզարշավներում լավագույնս օգտագործվելու մեծ փորձ ունեն, և ավելի քան «դժվար» ընտրապայքարում քաղաքական ուժերը, բնականաբար, այս անգամ չեն կարող անտեսել միությունների աջակցությունը ի շահ իրենց ծառայեցնելու հնարավորությունը: Այլ հարց է, որ այս տարբերակով առանձին քաղաքական ուժ ձևավորելով` ամենաուղղակի կերպով կխախտվի հայրենակցականները չքաղաքականացնելու նախնական խոստումը: Եվ, որ պակաս կարևոր չէ, որոշ կուսակցություններ կզրկվեն քաղաքական աջակցության փորձված տարբերակից: Բացի այդ, ընտրություններում անհրաժեշտ քվեներ կորզելու հարյուր տոկոսանոց երաշխիքներ այս դեպքում էլ չեն կարող լինել, քանի որ այն, ինչ բոլորովին վերջերս կատարվեց Արտաշես Թումանյանի համանման նախաձեռնության հետ, հայրենի քաղգործիչ ներին պետք է հուշի, որ պետական պաշտոն վարելով հանդերձ, բիզնեսաշխարհում թռիչքներ գործելու և քաղաքական կարիերա սկսելու փորձերը ավելի հաճախ անհաջող ավարտ են ունենում: Լոռեցիների ու ապարանցիների միավորման ծրագիրը, որ արդեն կայացած իրողություն էր թվում, «Միավորում հանուն Հայաստանի»-ի շրջանակներում փոշիացվեց հաշված ժամերի ընթացքում: Իսկ կատարվածի հիմնապատճառը բոլորովին էլ նշված միությունների չնախատեսված անհամատեղելիությունը չէր: Այնպիսի կատաղի քարոզարշավը, որը դեռ նոր է իր բոլոր անսպասելի ու անհավանական դրսևորումներով ներկայանալու ընտրազանգվածին, հայրենակցականները քաղաքականացնելու ջատագովներին կհուշի, որ քաղաքական ուժերի գերակշիռ մասը և ոչ մի դեպքում չի հանդուրժի տեղային էլեկտորատի քվեների մասնատման սպառնալիքը: Ավելին, քաղաքական ուժերի դաշինքներ ձևավորելու ձգտումն ու փորձերը իսկի էլ միմյանց հանդեպ անանց սիրով չեն պայմանավորված: Հայրենի քաղգործիչները բոլորից լավ են գիտակցում ընտրական անհաջողության հավանականությունը, և ակնհայտ է, որ վերջիններս միավորվելով` ձգտելու են ուժերը հնարավորինս համատեղելու տարբերակ գործի դնել` հայտնվելու համար ապագա խորհրդարանում: