Մակերեսում ՄԱԿ-ը, խորքում` հարցականներ


Հայաստանին առնչվող վերջին կարևոր իրադարձությունները թվարկելիս և գնահատելիս, թերևս, կարելի է դիմել հին ու հայտնի ոճին` արձանագրելով երկու նշանակալից իրադարձություն. մեկը` «լավ», մյուսը` «վատ»: Լավն այն է, որ Հայաստան այցելեց Եվրամիությունում մեծ դերակատարություն ունեցող, Եվրոպայի խոշորագույն տերություններից մեկի` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Թե° Հայաստանի, թե° Արցախի համար բացասական հետևանքներով հղի է այն փաստը, որ ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) ջանքերով ՄԱԿ-ի օրակարգ մտցվեց, այսպես կոչված, սառեցված հակամարտությունների հարցը: Անդրադառնանք «վատ» լուրի էությանը և հնարավոր հետևանքներին: Արդեն տասը տարուց ավելի է, ինչ Ադրբեջանը մերթ անթաքույց, մերթ դիվանագիտական խորամանկ մանյովրներով փորձում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասությունից տեղափոխել այլ միջազգային կառույցներ: Ինչո՞ւ: 1) Մինսկի խումբը բավականաչափ մասնագիտացել է սեփական առաքելության իրականացման նրբերանգների և տեխնոլոգիաների հարցում: Լավ պատկերացնում է հիմնախնդրի արմատներն ու էությունը: Դա բացարձակապես ձեռնտու չէ Ադրբեջանին: Վերջինիս շահերից բխում է միջնորդների կողմից խնդրի միայն մակերեսային ընկալումը: 2) Ադրբեջանի իշխանական վերնախավում վաղուց արմատացած է այն կաղապարված մտայնությունը, որ Ռուսաստանը միանշանակ պաշտպանում է իր ռազմավարական դաշնակցի` Հայաստանի շահերը: Մինսկի խմբում համանախագահող մյուս երկիրը` Ֆրանսիան, դիտվում է Հայաստանի վաղեմի ու հավատարիմ բարեկամ: Որպես լրացուցիչ ապացույց բերվում է այն փաստը, որ Ֆրանսիան օրենքի մակարդակով հայոց ցեղասպանությունը ճանաչած աշխարհի միակ պետությունն է: Դե, իսկ Մինսկի խմբում համանախագահող հաջորդ գերտերությունը` ԱՄՆ-ն ազերիների կողմից համարվում է հայկական ամենաուժեղ լոբբինգի «հայրենիք»: 3) Վերոնշյալ հանգամանքներին վերջին տարիներին գումարվեց Ադրբեջանի համար խիստ անցանկալի մարտավարությունը, որ ԼՂ հարցում որդեգրեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այդ մարտավարության մեխը Արցախի ինքնորոշման իրավունքի ընդունումն է` այնտեղ անցկացվելիք հանրաքվեի միջոցով: Հիշեցնենք նաև, որ հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր առիթներով ուղղակի կամ ակնարկներով հարցականի տակ են դրել Մինսկի խմբի աշխատանքների արդյունավետությունը` միաժամանակ հասկացնելով, որ այս ձևաչափն այլևս սպառել է իրեն: Ադրբեջանը ջանք չի խնայում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը քննարկման թեմա դարձնել Եվրախորհրդում և ՄԱԿ-ում: Ժամանակ առ ժամանակ թվում էր, թե նրանք մոտ են իրենց նպատակին: Բայց հիմնականում Ռուսաստանի շնորհիվ, ինչու չէ, նաև ԱՄՆ-ի համաձայնությամբ, Մինսկի խմբի ձևաչափը առ այսօր գործում է, և մոտ ապագայում էլ հակամարտության կարգավորման միջնորդական հիմնական դերը կվերապահվի ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ինչո՞վ է վտանգավոր ԼՂՀ հիմնախնդիրը ՄԱԿ-ի օրակարգային քննարկումների թեմա դարձնելը, որին համառ ջանքերի գնով վերջապես հասավ Ադրբեջանը: Եթե հարցը մտնում է ՄԱԿ-ի օրակարգ, ապա, բնական է, որ դրա վերաբերյալ պետք է ընդունվի բանաձև: Բանաձևերն այս կազմակերպությունում ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Բոլորին է հայտնի, թե որքան մուսուլմանական «անտերուդուս» պետություններ կան, որոնք բոլորովին անտեղյակ լինելով ԼՂ հակամարտության պատմական մանրամասներից, կարող են քվեարկել ադրբեջանամետ բանաձևի օգտին` տուրք տալով միայն կրոնական համերաշխության սկզբունքին: Սակայն գոնե ցավ սրտի մխիթարանք կարելի է համարել այն, որ ՄԱԿ-ի բանաձևերը (տարեկան շուրջ 300 բանաձևեր է ընդունում այս կազմակերպությունը), որպես կանոն, «իմպերատիվ» բնույթ չունեն. դրանք ավելի շատ խորհրդատվական, փոքր-ինչ նախազգուշական երանգներ պարունակող փաստաթղթեր են: Եվ վաղուց արդեն ավանդույթի է վերածվել պետությունների կողմից ՄԱԿ-ի բանաձևերը մեծամասամբ «շան տեղ չդնելու» պրակտիկան: Բայց դա չի նշանակում, որ հայկական դիվանագիտությունը պետք է ընկնի ծայրահեղության մեջ և արհամարհի ՄԱԿ-ի հնարավոր ոչ հայանպաստ վերաբերմունքը, քանզի դա ոչ երկրորդական ներգործություն է թողնում միջազգային կարծիքի վրա: Սառեցված հակամարտությունների հարցը ՄԱԿ-ի օրակարգ մտնելու փաստը արտգործնախարար Վարդան Օսկանյանը որակեց մտահոգիչ: Հայկական կողմի հակաքայլը, ըստ արտգործնախարարի, լինելու է այն, որ մնալով բանակցային կողմ, Հայաստանը պնդելու է Արցախի մասնակցության պարտադիր լինելը հակամարտության կարգավորման գործընթացին: Խոշոր հաշվով Ադրբեջանի ռազմավարությունը հանգեցնում է վերջնական համաձայնագրի կնքման ձգձգմանը: Ակնհայտորեն Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել` միաժամանակ միջնորդների աչքերին թոզ փչելով, թե չի հրաժարվում հակամարտության խաղաղ կարգավորման կառուցողական դիրքորոշումից: Սա էլ հիմք է տալիս ենթադրելու, որ Ի. Ալիևը ոչ թե սպառնալիքներով «ձև» է անում, այլ իրոք մտադիր է նավթային դոլարների միջոցով ուժեղացնել բանակը և վերսկսել պատերազմը: Եթե միջազգային հանրությանը չհաջողվի սթափեցնել Ալիևին (իսկ գերտերությունները ամեն ինչ կանեն վերջինիս « ուշքի բերելու» համար), ապա սառը ցնցուղի դերը ապագայում ստիպված կլինի ստանձնել Հայկական բանակը: Ի դեպ, այն, որ Ի. Ալիևին խելքի բերելու հարցում շահագրգիռ են աշխարհում եղանակ ստեղծող տերությունները, ապացուցում են Նյու Յորք այցելության ընթացքում Վ. Օսկանյանի ձեռք բերած պայմանավորվածությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Իսկ վերջիններս արդեն այցելելու են տարածաշրջան: Թե° հայկական, թե° ադրբեջանական աղբյուրները հավանական են համարում, որ այս այցից հետո կկայանա հակամարտող երկու երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումը: Ուշագրավ է, որ պետական այցով Հայաստան այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ևս շեշտեց, որ ԼՂՀ հարցը ՄԱԿ կամ միջազգային այլ կառույց տեղափոխելը է°լ ավելի կխճճի ու կերկարաձգի բանակցային գործընթացը` ջուրը լցնելով երկար տարիների ընթացքում ձեռք բերված քիչ թե շատ դրական արդյունքները: Այսպիսով, ստացվում է, որ թե° Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, թե° Ֆրանսիան միանշանակ պնդում են, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման մենաշնորհը պետք է շարունակի պատկանել ԵԱՀԿ Մինսկի խմբին: Եվ միայն ապագայում կպարզվեն «առյուծի սիրտ կերած» Ալիևի` գերտերություններին ընդդիմանալու, լրջմիտ տեսքով ու համառությամբ «հողմաղացների» դեմ պայքարելու իրական դրդապատճառները:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ