ԱՆՈՒՂՂԵԼԻՆԵՐԸ


Արմատականների առանձին շրջանակներում հակակրիմինալ տրամադրությունների որոշակիացման փորձերը շուրջ մեկ տարի առաջ կայացած սահմանադրական հանրաքվեին հաջորդող ընթացքի միակ իրողությունն են, որի շուրջ ընդդիմությունը դարձյալ ձգտում է միավորվել: Դժվար չէ կռահել, որ հակաքրեական տրամադրությունները տվյալ դեպքում բանակցելու ու համագործակցելու ավելի շուտ առիթ են և ոչ թե պատճառ: Դժվար չէ կռահել նաև, որ եթե քրեական խայտառակ իրավիճակից հնարավոր լիներ խուսափել, ապա արմատականների միավորման նոր ծրագիրը հազիվ թե հնարավոր լիներ վերագործարկել: Առավելևս, որ իշխանափոխության բազմիցս ձախողված երազանքը վերստին արդիական դարձնելու շանսերը գոնե այս պահին չափազանց փոքր են: Սույն իրողությունը թերևս արմատականներն իրենք էլ են քաջ գիտակցում, ու հենց այս է հիմնական պատճառը, որ նրանք նույն նպատակին փորձում են այլ ճանապարհ ներով մոտենալ: Դիցուք, հակակրիմինալ շարժման ավանգարդում հայտնված Արամ Կարապետյանը հայտարարում է, որ եթե նույնիսկ իրավապահները ձերբակալում են հանցագործնե րին, միևնույն է. «հետո զանգում են և դրանց բաց են թողնում»: Ավելին, ըստ «Նոր ժամանակների» առաջնորդի, պայքարելու ամենաարդյունավետ տարբերակը հարցը քաղաքականացնելն է, քանի որ, ըստ առաջատար հակակրիմինալիստի, մեր երկրում իշխանությունն էլ է քրեականացված: Այսքանից հետո դժվար է անգամ մեծագույն ցանկության դեպքում հավատալ, թե, այսպես կոչված, հակակրիմինալ շարժման գլխավոր ու գուցեև միակ նպատակը քաղաքական-նախընտրական չէ: Ասվածը խիստ ցայտուն կերպով հիմնավորում է նաև այն փաստը, որ ընդդիմադիր նոր շարժման` իրար հաջորդող միանման հայտարարություն ներն ստորագրող կուսակցությունների թիվն արդեն քսանի է հասնում: Ուրիշ էլ ե՞րբ են մեզանում երկու տասնյակ, երբեմն էլ ավելի քաղաքական ուժեր մեկ նպատակի շուրջ համախմբվում, եթե ոչ ընտրությունների նախաշեմին: Սա բոլորս էլ լավ գիտենք, և, համենայն դեպս, անցյալի «դառը» թե «քաղցր» փորձն էլ միմիայն դրա վկայությունն է: Ուրեմն կարիք էլ չկա մանրամասնել, որ նման լայնամասշտաբ միավորումների ապագան էլ է ավելի քան տեսանելի: Բացի այդ, մի այնպիսի ձևաչափում, որտեղ ընդգրկված է, ասենք, «Ազգային միաբանությունը», չի կարող մոտալուտ պառակտման հոտ չգալ: Ի՞նչը կարող է լավատեսությամբ համակել մյուս արմատականներին, եթե Արտաշես Գեղամյանը վաղուց ու շատ հստակ հայտարարել է, որ իրենք առաջիկա ընտրություններին միայնակ են մասնակցելու: Կասկած չկա, որ նա շատ շուտով նշված ձևաչափում «երկիրը կործանող զույգի գործակալներ» ու այլ նման բաներ «կհայտնաբերի» ու սովորականի նման կհեռանա: Նոր ձևաչափի հեռանկարներին այդքան թերահավատորեն չէինք վերաբերվի, եթե այնտեղ շատ ու շատ ուրիշ «անհուսալիներ» չլինեին: Եվ, իրոք, ինչպե՞ս են սրանք ընդամենը մի քանի ամիս հետո միմյանց ներկայությունը (երբեմն էլ գոյությունը) հանդուրժելու, եթե ամեն մեկն արդեն նախատեսել ու երբեմն էլ բարձրաձայնում է, թե ընտրություններին միայնակ կամ լավագույն դեպքում մեկ-երկուսի հետ դաշինք կազմած է մասնակցելու: Արժե, ուրեմն, շանտաժի ենթարկել «Բարգավաճ Հայաստանին», պնդելով, թե այստեղ խոստացել են միանալ ձևաչափին, բայց հապաղում են: Ինչևէ, սա այն դեպքն է, երբ ընդդիմությունը դարձյալ չգիտի, թե ինչ է ուզում: