Դպրոցը` նորոգ, առօրյան` հագեցած


Քանաքեռ¬Զեյթուն համայնքի թիվ 136 դպրոցի պատմության մեջ «սև տարեթիվ» եղավ 1999¬ը, երբ ուսումնական այս կրթօջախը հրդեհի ճարակ դարձավ, և թե° ուսուցիչները, թե° աշակերտները մտածում էին, որ վերջ, դժվար թե նրա հարկի տակ այլևս զնգա երեխաներին դեպի իրեն բերող զանգը` հարազատ ղողանջներով£ Դպրոցի տնօրեն Գրետա Թունյանին ուրիշ մի այլ ողբերգություն այնպիսի հուսահատության չէր հասցրել, որպիսին այդ էր, բայց և չէր պատրաստվում ձեռքերը ծալած նստել¬սպասել կամ, որ ավելի վատ է, հրաժեշտի մահերգ նվագել£ Նա հավատում էր լույսին, որը վերստին բացվելու է£ Ու… բացվեց, և ջահը վառողը եղավ իրանահայ բարերար, գործարար Լևոն Ահարոնյանը£ Հեռուստատեսությամբ պատահաբար լսելով Գրետա Թունյանի ելույթը` իրենց անելանելի վիճակի մասին, նա, հոգու կանչին ունկնդիր, ձեռնամուխ եղավ դպրոցի վերականգնմանը` իրականացնելով այն 2001 թվականին, որը եղավ կրթօջախի երկրորդ ծննդյան տարին£ Հուզմո՞ւնք` քիչ է ասել, երախտագիտությո՞ւն` բարերարն ինքը ստիպում է շրջանցել այդ բառը, հապա ուրիշ ի՞նչ, ինչպե՞ս շնորհակալ լինել£ Այս հարցը դեռ օդի մեջ էր, երբ տնօրինուհու պրպտող միտքը նոր ձեռնարկումներ հղացավ. դպրոցում բացել և կահավորել Պարույր Սևակի և Հովհաննես Թումանյանի անուններով կաբինետներ£ Այնտեղ կանցկացվեն հայոց լեզվի և գրականության դասեր, կթևածի երկու հայ մեծերի բանաստեղծական շունչը£ Առաջիկայում կկենսակոչվի Գ. Թունյանի մի այլ մտադրությունը ևս` ռազմական կաբինետ բացել` իր ամբողջ կահավորանքով հանդերձված£ Վերջերս Բարերարը տիկնոջ հետ, որպես ցանկալի հյուր, եղավ Էջմիածնում, ուր Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարքի ձեռամբ նրանց հանձնվեց հայ եկեղեցու բարձրագույն` «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան£ Անմոռաց այցի շրջանակներում պատվավոր հյուրը եղավ նաև իր հոգեսան դպրոցում, ուր նրան սպասվում էր հաճելի անակնկալ. այդ օրը, ի պատիվ մեր նորանկախ հանրապետության 15-ամյակի, գեղեցիկ միջոցառում էր դպրոցում, որին հրավիրված էր նաեւ Քանաքեռ¬Զեյթունի համայնքապետ Արայիկ Քոթանջյանը: Վերջինս հեռուստացույց նվիրեց դպրոցին` ի նշանավորումն տոնի: Դա թաղապետի հոգատար վերաբերմունքի դրսևորումն էր կրթական այս օջախին, որից, ի դեպ, անմասն չեն նաև համայնքի տարածքում գտնվող մյուս դպրոցները£ Լևոն Ահարոնյանը ջերմ բառերով շնորհավորեց հավաքվածներին` երկրի համար հիշարժան օրվա կապակցությամբ: Հավաքվածներին իր գեղեցիկ ելույթով պատվեց դպրոցի պարի համույթը` խանդավառ կատարումներով եզրափակելով օրը£