«Թեթև» թմրանյութերի սահմանափակում


Հոլանդական Մաաստրիխտ քաղաքում ուժի մեջ մտած նոր օրենքով արգելվում է մարիխուանայի վաճառքը` արտասահմանցի զբոսաշրջիկների մեծ մասին: Ինչպես հայտնի է` մինչ այս բոլոր ցանկացողները տեղի սրճարաններում կարող էին ազատորեն ձեռք բերել այսպես կոչված «թեթև» թմրանյութեր: Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ մարիխուանայով հրապուրված զբոսաշրջիկների հոսքի մեծացումը սպառնում է հասարակական կարգին և փոխադրամիջոցների երթևեկության լուրջ խնդիրներ է հարուցում: Սրճարանատերերն էլ պնդում են, որ այդ արգելանքը չի գործի, քանի որ արտադրված կանեփի վաճառքի սահմանափակումը կարող է տեղական տնտեսության անկում առաջ բերել: Տարօրինակ է, որ այս պարագայում ոմանք խտրականության տարրեր «կհայտնաբերեն»: Խնդիրն այն է, որ մարիխուանայի վաճառքի արգելանքը չի տարածվելու հարևան Գերմանիայի ու Բելգիայի քաղաքացիների վրա: Նիդեռլանդների խորհրդարանը ևս մտադիր է առաջիկայում քննարկել բոլոր արտասահմանցիներին «թեթև» թմրանյութերի վաճառքն արգելելու օրինագիծը: