Հավերժի ճամփորդը


Դեռ քանի գարուն պիտի ապրեր.. Ու որքան լուսաշող երազանքներ ուներ, որ չիրականացան ու չապրվեցին: Արդեն շուրջ 20 տարի է անցել այն օրվանից, երբ զոհվեց Վարդան Հովհաննիսյանը: Ընդամենը 20 տարեկան էր` Երևանի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող: Հոգով իսկական զինվորն ու նվիրյալը չէր կարող անհաղորդ մնալ հայրենիքի ցավին, և համալսարանական դասագրքերի փոխարեն գնդացիրը վերցրեց: Գնաց` հերոսանալու և դարձավ հավերժի ճամփորդ... Դեռ մանկական տարիքից աշխույժ ու նախաձեռնող էր Վարդանը: Մանկապարտեզում հաճախ էր ընկերներին շուրջը հավաքած` հեքիաթներ պատմում: Մանկությունն էլ թռավ հեքիաթի պես: Ապա ընդունվեց համալսարան: Տարիքին ոչ համապատասխան չափազանց խորաթափանց ու լրջամիտ պատանին նաև կենսուրախ ու շարժուն էր: Պատշգամբում թռչուններ էր պահում, իսկ երազանքը` զինվորական դառնալն էր: Որդեկորույս մոր ցավը երբեք չի մեղմանում: Իսկ հուշերը կրկին փոթորկում են ցաված հոգին: Վարդանի մայրը` տիկին Սալբին, դժվարությամբ բառեր գտնելով ու արցունքները խեղդելով` պատմում է որդու մասին: Ու հուշերից հառնում է նա` այնքան կենդանի և իրական. - Դժվար է խոսելը... Հիշում եմ` քննությունները վաղաժամ հանձնել էր: Վաղուց էր մտադրվել, որ պետք է Արցախ գնա, սակայն թաքցնում էր մեզնից: Իսկ նախքան մեկնելը` հաճախ էր միանում երկրապահներին, տարբեր ջոկատների հետ գնում սահմանամերձ շրջաններ, թեև հաճախ նրան հետ էին ուղարկում` իմանալով, որ ուսանող է: Հորեղբորից գումար էր խնդրել, որ զենք ձեռք բերի: Երբեմն ինձ թվում էր` ռոմանտիկան է խոսում նրա մեջ, սակայն սխալվել էի: Նրա որոշումը հստակ էր, քայլերը` հաշվարկված և կշռադատված: Միտինգներին երբեք չմասնակցեց, ասում էր` դրա փոխարեն պետք է սահման գնալ: Հիշում եմ` Շուշիի ազատագրման օրը ցնծության մեջ էր: Միայն ափսոսում էր, որ ինքը չի մասնակցել: Մեզնից գաղտնի Վարդանը լսել էր Վազգեն Սարգսյանի մարտակոչը և անմիջապես գնացել Մայրաքաղաքային գունդ: Անհանգիստ էր այդ օրերին, հավանաբար մտածում էր` չեն ընդունի: Սակայն ընդունել էին: Տարերքի մեջ էր: Միայն թե տեսնեիք երջանկությունը, վառվռուն աչքերը: Համազգեստի համար երեխայի պես ուրախացել էր: Ոգևորությունն անսահման էր հատկապես այն պատճառով, որ Արկադի Տեր-Թադևոսյանն էր նրանց ծանոթացնում զինվորական գործին: Չէր ասում, որ անդամագրվել է մահապարտների գումարտակին, և միայն Արցախ գնալուց հետո իմացանք: Վարդանն այն խիզախներից էր, ով անվարան զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը, դարձավ հայրենյաց պաշտպան մահապարտ: Եվ որտեղի՞ց 20-ամյա պատանու մեջ այդքան անձնազոհություն, համարձակություն և սեր` առ հայրենիք: Ուսանողական տետրում գրված մի քանի տողերը կարծես լավագույնս խտացնում են հայրենասեր պատանու նկարագիրը` «Ես հայ եմ` զավակը մի ժողովրդի, որ շատ բան է տվել աշխարհի քաղաքակրթությանը և իր տվածի մեջ էլ ինձ համար ամենաթանկն ու գեղեցիկը իմ հայրենասիրական ոգին է»: - Ֆիզիկապես կոփված էր, առողջ, բարձրահասակ, գեղեցիկ: Ինձ միշտ զարմացնում էր նրա մեծ հայրենասիրությունը: Հիշում եմ` Վարդանը խնդրում էր, որ իրեն անպայման գնդացիր տան, ոչ թե ինքնաձիգ: Գնդացիրը հետևակի համար ամենահզոր զենքն էր, իսկ նա, չնայած տարիքին, գերազանց տիրապետում էր դրան: Այնքան համահունչ էր գնդացիրը նրա արտաքինի հետ: Վարդանն այդ տարիքում արդեն պետական մտածելակերպ ուներ, ինձ հիացնում էին նրա մտքերը,- հիշում է ամենաավագ մահապարտ, Վարդանի հրամանատար (5-րդ դասակ) Սպարտակ Մաթևոսյանը: Պատմում են, որ վճռական մարտերից մեկից առաջ Վարդանը Գանձասարում 30 մոմ է վառել` կռվող մարտիկներից յուրաքանչյուրի ու նաև մարտական գործողության հաջող ելքի համար խնդրելով Բարձրյալի օգնությունը: Վարդան Հովհաննիսյանի հերոսական ու խիզախ կերպարն իր հուշերով ամբողջացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը. - Հակառակորդի լայնածավալ գրոհը հետ մղելուց հետո նկատեցինք, որ բլրի հետևից մի տանկ անընդհատ կրակում է: Որոշում կայացվեց 5-րդ և 7-րդ դասակների ուժերով գրավել այն: Ձեռք բերեցինք գիշերային տեսանելիություն ապահովող սարք: Երկու դասակներից հինգական մարտիկներ առաջ նետվեցին: Վարդանի գնդացրի հիմնական հարվածային ուժն էր այնտեղ: Մեզ հաջողվեց տանկն անվնաս գրավել: Գրոհի ժամանակ մեկ անգամ ևս տեսա Վարդանի նվիրումն ու անձնազոհությունը: Տարերքի մեջ էր խիզախ գնդացրորդը: Արյունը եռում էր երակներում, կռվում էր ինքնամոռաց: Սակայն Վաղուհասի մարտերում հերոսի մահով ընկավ Վարդանը` գնդացիրն ամուր գրկած: Հերոս պատանու անունն այսօր էլ համալսարանականների շուրթերին է, իսկ նրա անվան լսարանում առած դասերը դառնում են հայրենասիրության հունդեր: Հավերժ ուսանող-ազատամարտիկի օրինակով սերունդներ են կրթվում: - Շուրջ 20 տարի թրթռացող մոմի պես մեր հոգիներում պահում ենք հիշատակն այն մարդկանց, ովքեր իրենց նվիրեցին մեր հայրենիքին, բացեցին անկախության ճանապարհը, ազատագրեցին մեր սահմանները, հայրենիքը սիրելու դաս տվեցին մեզ: Վարդան Հովհաննիսյանն այդ անմահներից մեկն է: Առաջիններից, ով ըմբռնեց, թե ինչ է նշանակում անկախ պետության ստեղծումը,- ասում է «Արծիվ մահապարտներ» գումարտակի ընդհանուր հրամանատար, «Արծիվ մահապարտների միության» նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ