«Դոկտոր Մահի» կտավներն` աճուրդով


Հոկտեմբերի վերջին Նյու Յորքի Տեխնոլոգիական ինստիտուտում անցկացվելիք աճուրդում վաճառքի են հանվելու բժիշկ, նկարիչ և երաժիշտ Ջեկ Կևորկյանի` նույն ինքը` «դոկտոր Մահի» աշխատանքներն ու անձնական իրերը (տեղեկացրել է AFP¬ն` վկայակոչելով հանգուցյալի փաստաբանի խոսքերը): Աճուրդում նրա ձեռագիրն ու ավելի քան 20 գեղանկարներն են լինելու: Ի դեպ, Կևորկյանի նկարների հիմնական թեման մահն է: Աճուրդից գոյանալիք եկամուտների մի մասը կստանա հանգուցյալի զարմուհին, ով նրա միակ ժառանգորդն է, իսկ մնացածը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաների օգնության կենտրոնին: Ջեկ Կևորկյանը «դոկտոր Մահը» մականունը ստացել է` լինելով անհույս հիվանդների ինքնասպանության իրավունքի պաշտպանն ու այդ իրավունքի իրականացման նպաստողը: 1999 թ. նա 8 տարի ազատազրկման էր դատապարտվել` 130 ամերիկացիների ինքնասպանությանը նպաստելու համար` անբուժելի այդ հիվանդներին մահացու ներարկումներ կատարելով կամ գազով թունավորելով: