ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ


Ադրբեջանցիների հետ մեր հարևանությունը որքան ճակատագրական դառնություն, նույնքան էլ զվարճալի իրողություն է: Չկա մի օր, որ հարևան երկրի պաշտոնական անձերն ու լրատվամիջոցները մի անհեթեթություն չտարածեն, որը որքան ծիծաղելի է, նույնքան էլ` ողբերգական: Ողբերգական, որովհետև շատ հաճախ մենք էլ հարկադրված ենք լինում գոնե համաշխարհային հանրությանն ապացուցել, որ տարածվող տեղեկություններն ու իբրև թե իրավիճակի վերլուծությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ հակատրամաբանական ու հակաիրական պոստուլատներ, որոնք այսօր դարձել են ադրբեջանական քարոզչամեքենայի գլխավոր շարժիչ ուժերը: ԻՀԱՐԿԵ, եվրոպաներում ու ամերիկաներում ապրող քաղաքակիրթ մարդիկ չեն կարող պատկերացնել, որ 21-րդ դարում պետական մակարդակով կարող են ստել, հորինել, մեղանչել ճշմարտության ու բանականության դեմ: Նույն համաշխարհային հանրությունը կարող է շատ լուրջ դեմքով կարդալ նաև օրերս ադրբեջանական իշխանական 1news.az էլեկտրոնային թերթում տեղադրված այն հաղորդագրությունը, որ «հայերը Խաչեն գետով ուղարկել են երկու ական, որը հայտնաբերել ու այդ մասին ահազանգել են Աղդամի շրջանի Այաղ Գարվանդ գյուղի բնակիչները: Ականներից մեկը հակատանկային է, մյուսը` հակահետևակային: Մասնագետները պարզել են, որ դրանք արտադրված են Հայաստանում: Նույն օրն ականները վնասազերծվել են»: Դե պատկերացրեք, կարդում են, առանց վերլուծելու և տրամաբանելու մտածում, որ հայերը սադրանքների են դիմում և գետերով ականներ ուղարկում` այսպես վնաս հասցնելով հարևան երկրին, նրա էկոլոգիական միջավայրին ու մարդկանց: Եվ «կեցցեն» ադրբեջանական սակրավորները, որ գտել են այդ ականներն ու վնասազերծել` այսպես ցույց տալով հայերի «դժնի ու անմարդկային գործողությունները»: Հետո միայն մարդիկ կմտածեն, որ գետերով, այսինքն` ջրի միջով, անհնար է արկեր լուղարկելը, որ արկերը, ի տարբերություն փայտի, անմիջապես ջրասույզ կլինեն ու չեն հասնի Այադ Գարվանդ գյուղ կամ մեկ ուրիշ տեղ: Հակատանկային արկերը բավական ծանր են, դրանք ջրի մեջ հայտնվելուց անմիջապես հետո` ջրասույզ են լինում, իսկ ահա այս պարզ ճշմարտության մասին ադրբեջանական «փառապանծ» բանակի հրամանատարներն ու երկրի իշխանությունները «մոռացել» են: Նրանց համար կարևորը քարոզչությունն է: Ավելի ստույգ` հակաքարոզչությունը, որն այս անգամ էլ անհեթեթ է և ծիծաղելի… Գոնե մի անգամ գնային Խաչեն գետի մոտ ու տեսնեին, թե իրենից ինչ է ներկայացնում գրեթե ցամաքած այդ գետակը. այն պարզապես չորահուն հեղեղատ է, որի ջրերի մեծագույն մասը կուտակվում է ջրամբարում… Դե, եվրոպացի ու ամերիկացի մարդ, գետ բառը կարդալով` փորձիր ենթադրել, որ այն վաղուց գոյություն չունի, քանի որ գետ ասելով` դու Միսիսիպին ու Միսսուրին, Դանուբն ու Թեմզան ես հասկանում: Այս «տեղեկատվությունը» մեզ հուշում է, որ այլևս վարկաբեկված ու իր բոլոր «փաստարկներով» ձախողված ադրբեջանական քարոզչամեքենան շուտով մեզ նորանոր «անակնկալներ» է մատուցելու; Ասենք, ադրբեջանցիները հանկարծ կարող են տարածել, որ շփման գծում հայերը լազերային ճառագայթներ են տեղադրել կամ էլ այլմոլորակա յինները Բաքվում դեսանտ են իջեցրել… Չի բացառվում նաև, որ հայտարարեն, թե հայերն ուզում են հրդեհել Կասպից ծովը, ուստի այդ նպատակով հսկայական քանակությամբ բենզինի տակառներ են Արաքսով բերել ու տեղադրել ծովի շուրջբոլոր… Դե, համաշխարհային հանրությունն էլ կկարդա, կզարմանա, կզայրանա և իր պատկերացումներում հերթական անգամ կուրվագծի զոհի կերպարը` ի դեմս ադրբեջանցիների: Եթե նույն համաշխարհային հանրությունը հավատում է, որ Հայաստանից ու Ադրբեջանից մեկ միլիոն ազերի է հեռացել ու դարձել փախստական` քսան տարուց ավելի ապրելով անմարդկային պայմաններում, եթե ոմանք ուզում են հավատալ, որ հայերը ցեղասպանություն են իրականացրել ազերիների նկատմամբ, եթե նույն այդ հանրությունը հավատում է, որ խաչքարը մուսուլմանական Ադրբեջանի խորհրդանիշն է, կամ էլ Հայաստանն ազերիների պատմական հայրենիքն է, ապա ինչո՞ւ չպետք է հավատա, որ հայերն ուզում են հրդեհել Կասպից ծովը… Երևի ճիշտ էին մեր պապերը, երբ ասում էին, որ թշնամին էլ պիտի կարգին լինի, մինչդեռ մեր բախտն այս հարցում էլ չի բերել. ունենք հարևան-թշնամի, որի երևակայությունը չի անցնում անհեթեթության սահմաններից, իսկ գործադրած քարոզչական զենքերն էլ տգետ մանկամտության արգասիք են:

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ