ՆՈՒՅՆՆ Է ՀԱՍՑԵՆ ՀՆԱՄՅԱ


ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ գործունեությանը նոր շնչառություն հաղորդելու` Լևոն Տեր¬Պետրոսյանի հերթական փորձն ակնհայտորեն երկու նպատակ ունի. վերակենդանացնել շարժումը և ակտիվ քարոզչութ յուն ծավալել առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ: Ասվածը լավագույնս հաստատում է առաջին Նախագահի հայտարարությունը` հանրահավաք¬նստացույցերի յոթնօրյա ժամկետի վերաբերյալ: Այսինքն, կարելի է ենթադրել, որ 2008¬ի դժոխային տասնօրյակի նմանակման փորձը նախավարժանքը կարող է դառնալ այն իրադարձությունների, որոնք խորհրդարանի (կասկածից վեր է նաև Նախագահի) ընտրություններից առաջ նախատեսում է ծավալել Կոնգրեսը: Փաստորեն, քարոզարշավ կոչվածն ընդդիմությունը դարձյալ ընդունված կարգով չի նախատեսում անցկացնել: Արդյունքում` Երևանի Կենտրոնի մի մասը դարձյալ արմատականների մոլի երկրպագուներով է լցվել, տրամադրության բարձրակետին ու օրվա ժամից անկախ երգ ու պարն է խաթարում շրջակայքի բնակչության անդորրը, իսկ անխուսափելորեն կուտակվելիք աղբը ոչ թե պարկերով, այլ երևի բեռնատարներով է տեղափոխվելու: Օրինապահների հնչեցրած պահանջն էլ չկատարելու դեպքում, թերևս նրանց (երբեմն էլ` միմյանց) հետ բախումներ էլ կարող են հրահրվել… Հետաքրքիր է, որ խոսքի և ճարտասանության մեծագույն առանձնաշնորհն ունեցող Լ. Տեր¬Պետրոսյանն այս անգամ նույնպես այլ քարոզչատեսակ չի գտնում ու միմիայն իր գլխավորած զանգվածի վարքին արտառոց դրսևորումներ հաղորդելու եղանակով է նախատեսում խորհրդարանական տեղեր ապահովել ընդդիմության վերնախավի համար: Թեև սա այն դեպքերից է, երբ կարելի է ասել, որ կողմերը լավ էլ իրար գտել են: Այն մի քանի հարյուր մարդիկ, ովքեր ուղիղ մեկ շաբաթով անմնացորդ նվիրվել են ՀԱԿ առաջնորդի տրամադրություններին ու գործողություններին, նման տեսարանների մասնակից դառնալ վաղուց են երազել կամ ծրագրել: Լ. Տեր¬Պետրոսյանի հայտարարությունն էլ` «Կոնգրեսն ընդառաջում է ինքնաբուխ միջոցառում անցկացնելու ձեր ցանկությանը», ամեն ինչ ավելի է որոշակիացնում: Պատասխանել է պետք հարցին, թե խոստումնալից ընթացք ստացող երկխոսությունն ինչո՞ւ ձախողվեց: Կարելի է հավանական համարել, որ ընդդիմությունը միգուցե իսկապես ձգտում էր կամուրջները չայրելուց բացի կառուցողական դաշտում համագործակցել իշխանության հետ: Սակայն տրցակներով ազգափրկիչ ծրագրեր ունեցող արմատականների հեռացումը բանակցությունների սեղանից ոչինչ չի թողնում եզրակացնել, քան պնդել, որ նման ծրագրեր ոչ միայն երբևէ գոյություն չեն ունեցել, այլ նաև այդպիսիք ներկայացնելու ցանկություն ու կարողություն էլ Կոնգրեսը չունի: Իսկ վրանային յոթնօրյակի նախաձեռնությունը հերթական անգամ հուշում է, որ ընդդիմության տարերքը միմիայն միտինգաշարերն են: Թեև այս օրերին շարունակվում են բավական մեղմ ակնարկներ հնչել երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության ու հնարավորության մասին, սակայն ակնհայտ է սկսված երկակի խաղի նպատակը. ավելի ուշ համագործակցության դադարեցումը կոալիցիայի «անհանդուրժողականությամբ» պայմանավորել: Թե ինչքանով հավատընծա կլինի վատ կազմակերպված այս բեմականացումը` դժվար չէ պատկերացնել: Ավելի ակնհայտ է նաև, որ ընդդիմությունը միտինգներից զատ ուրիշ ոչինչ չի սիրում ու արդեն ինքն իրեն դատապարտել է Ազատության հրապարակում հոգնեցնող հյուր դառնալու: