Հա՞ որ....


Տարբեր պաշտոնյաների տների վրա զինված հարձակումներ կազմակերպած բանդայի բացահայտումից ու վնասազերծումից հետո խանութներն սկսել են հրաժարվել «Սուրիկի լավաշ» ընկերության արտադրանքից: Հայտնի է, որ հացամթերք արտադրող կազմակերպության ղեկավար Արտուշ Հակոբյանը բանդայի պարագլուխներից է եղել: Նրա քույրը պնդում է, թե խանութների կազմակերպած միաժամանակյա ակցիան իրենց սնանկացնելու նպատակն ունի: Մինչդեռ «Սուրիկի լավաշի» դեմ չհայտարարված բոյկոտը, ինչպես ասում են, ինքնաբուխ բնույթ է կրում ´ ապրանքն ընդունելուց հրաժարվող խանութները գործում են առանց հրամանի ու առանց փոխհամաձայնության: Առաքիչներն էլ թեև ջանք ու եռանդ չեն խնայում խանութատերերին համոզելու, որ ասենք «հացից չեն խռովում», բայց, միևնույն է, այդպես էլ չիրացված ապրանքն օրվա ավարտին արտադրամաս վերադարձնելով` նրանք հայտարարում են, թե, ըստ երևույթին, իրենց դեռ երկար չի հաջողվելու վաճառքի նախկին ծավալները վերականգնել: Այսինքն` սա այն դեպքն է, երբ հասարակությունն է ընդվզում ինքնաբուխ: Կողոպտիչի հացը չի´ ուտվի…