Թերևս` իրատեսություն


 

Ողջունելի է ուսումնատենչությունը, սակայն հետխորհրդային տարածաշրջանում դա հաճախ ինքնանպատակ ձգտում է դառնում: Մեզանում ևս բուհերը պատրաստակամորեն տեղավորում են բոլոր ցանկացողներին: Դպրոցականներն էլ կարծես ակամա դեպի բուհեր են նետվում` 4-5 տարի հետո դիպլոմակիր գործազուրկների բանակը համալրելու: Այլ անելիք չունեն. միայն բարձրագույն ուսհաստատություններն են նրանց հրավիրում: Աշխատելու մասին կարո՞ղ են մտածել, կամ եթե նույնիսկ մտածեն, աշխատատեղեր կա՞ն: Նույն իրավիճակը երևի նաև Բելառուսում է, թեև այնտեղ աշխատանք գտնելն ասում են ավելի հեշտ է: Եվ Լուկաշենկոն հանձնարարել է կրճատել ուսանողների քանակը: Վերջին հաշվով` պետությունն իրավունք ունի և պարտավոր է պլանավորել տնտեսությանն անհրաժեշտ մասնագետների քանակը:

- Խնդիր է դրվել` մեկ տարում կարգավորել այդ գործընթացը: Դա ավելի ազնիվ կլինի ժողովրդի հանդեպ. հավաքագրել այնքան ուսանողներ, որքան մեզ անհրաժեշտ է,- ասել է բելառուս նախագահը:

Նա հանձնարարել է հաշվետվություն ներկայացնել, թե շրջանավարտներից քանի՞սն է աշխատանքի տեղավորվել (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը): Միանգամայն տեղին է և Լուկաշենկոյի մյուս պահանջ-նախազգուշացումը. չպետք է գնալ ուսման վարձերն ավելացնելու ճանապարհով. առանց այդ էլ դրանք բարձր են:

Ուսանողների հետ հանդիպելով, նա ընդգծել է.

- Մենք պատրաստ ենք կիրառել արտասահմանյան փորձը, բայց ոչ թե պատճենել այն: Բելառուսներն աստիճանական, առաջընթաց զարգացման կողմնակից են, այլ ոչ` կտրուկ թռիչքների ու հեղափոխության: