ԱՆՁԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՊԱՀԻ 
ՍԵՐԸ


 

Վահեն պարանը արդեն օղ էր կապել, կանգնել էր աթոռին, և մտքում հրաժեշտի խոսքեր էին, երբ հանկարծ հայտնվեց ջինը:

- Ինչո՞ւ,- հարցրեց:

- Առանց Նրա` չեմ կարող,- ասաց Վահեն:

Ջինը նայեց նրա հուսահատ դեմքին և ասաց.

- Ես կօգնեմ, սպասիր:

Վահեի աչքերում հույսի կայծեր շողացին:

Ջինը գնաց: Գիշերը Վահեն մնաց սպասման մեջ: Առավոտյան, երբ բացեց աչքերը, կարծես արթնացավ շքեղ երազում: Իր հյուղակը չկար. ինքը դղյակում էր: Լսվում էր դեղձանիկների երգը: Ծովի ծփանքն էր լսվում: Վեր կացավ, մոտեցավ պատուհանին, և ծովի կապույտ զովը շոյեց աչքերը: Հոգու մեջ ծփացին ծովի ալիքները: Քայլեց դեպի ծովը: Թափանցիկ կապույտում վխտում էին ոսկե ձկների վտառները: Չքնաղ էր բնությունը, աշխարհը…

Վահեն հետ դարձավ, բարձրացավ աթոռին, պարանը օղ կապեց…

- Սպասիր,- նորից հայտնվեց ջինը, և Վահեն անհույս հայացքով նայեց նրա աչքերին…

Հաջորդ առավոտ Վահեն արթնացավ լուսե հեքիաթում: Ամբողջ դղյակը դարձել էր ոսկի: Ադամանդ էր շուրջբոլորը: Արծաթ էր դարձել ծովի ավազը: Ու երգում էին նրա չորս կողմը դրախտի լուսե փերիները…

Վահեի դեմքին ժպիտ շողաց: Հեգնական ժպիտ… Եվ նորից օղ կապեց պարանը:

- Չեմ կարող,- ասաց,- հոգիս դատարկ է:

Եվ ջինը նորից նայեց աչքերին.

- Սպասիր:

Վահեն սպասեց… Տեսավ, թե ինչպես ջրից դուրս եկավ մի հավերժահարս:

- Նա քոնն է, ահա´, վայելիր նրան: Նման չքնաղ կին չեն տեսնում նույնիսկ հրեշտակները,- ասաց ջինն ու գնաց: Կինը եկավ, և մի պահ լռեց ողջ բնությունը…

Հաջորդ առավոտ հավերժահարս-փերին լույս անմեղությամբ երբ դեռ նիրհում էր կուսական անկողնում, Վահեն վեր կացավ, ոսկեհյուս պարանը օղ կապեց և կանգնեց ոսկով լի պարկին:

- Առանց Նրա` չեմ կարող,- ասաց:

Ասաց մտքո՞ւմ, թե՞ բարձրաձայն` ոչ ոք չիմացավ…

Ու միայն նրա հոգու դատարկությունը արձագանքեց.

- Առանց Նրա` չեմ կարող…

Գուրգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ