Ու՞մ առաջ ենք բացում մեր տան դռները


 

(երեք պատմություն` «կանչված, բայց անկոչ հյուրեր» շարքից)

Այս պատմություններն ամենևին էլ կասկածի տակ չեն դնում դարերով մեր պապերից մեզ հասած «Հյուրն Աստծունն է» իմաստուն խոսքերը, և քանի դար էլ անցնի` հյուրընկալութ յունն ու հյուրասիրությունը լինելու են ողջախոհ մարդու էության և կենցաղի բաղկացուցիչ մասը: Պարզապես հարկավոր է զգոն և զգուշավոր լինել անգամ Աստվածահաճո ձեռնարկումներում ու քայլերում, մանավանդ, եթե խոսք է գնում, թե ու՞մ առաջ ենք բացում մեր տան դռները…

Ոստիկանության Էրեբունու բաժին այցելած կինը երկընտրանքի մեջ էր, և կարծես իրեն մեղավոր էր զգում, որ քիչ հետո իր ներկայացրած պատմությամբ սև ամպեր են կուտակվե լու օրեր առաջ իրենց տանը հյուրընկալված ծանոթներից մեկի գլխին: Բայց ի վերջո խղճահարությունը տեղի տվեց և վրդովված կինը ներկայացրեց ճշմարտությունը:

Թոռնիկի ծննդյան տարեդարձի կապակցությամբ տանը կազմակերպված խնջույքին հրավիրյալների թվում է եղել նաև ընտանիքի ծանոթ Վ.-ն: Տան անդամներից մեկը նրան պատահաբար նկատել էր ննջասենյակից շփոթված դուրս գալիս: Իսկ երբ հարցրել էր, թե ինչի՞ կարիք ունի և ինչո՞ւ էր մտել ննջասենյակ` Վ.-ն պատճառաբանել էր, որ իրեն վատ է զգում և միջոցառումը դեռ չավարտված` հրաժեշտ էր տվել ու հեռացել:

Հետո պարզվել էր, որ ննջասենյակի պահարանից բացակայում է 1.500 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա շղթան` կախազարդով:

***

Օրեր առաջ Երևանից Սյունյաց գողտրիկ Կապան քաղաք ժամանած հյուրին` 30-ամյա Լիանա Դ.-ին, տանտերերը, ինչպես ասում են, գրկաբաց էին ընդունել, և ինչպես հարկն է` երկու օր պատվել էին:

Նրան հրաժեշտ տալուց հետո պարզվել էր, որ հյուրասենյակի (այդ սենյակում էր գիշերել) պահարանից բացակայում է ոսկյա մատանին:

Տանտերերի բախտից` աներախտագետ ծանոթուհին չէր հասցրել հեռանալ քաղաքից և գողություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին:

Հանցանքը խոստովանելուց հետո նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է մատանին:

***

Նույն ժամանակահատվածում համանման մի պատմություն էլ տեղի է ունեցել Երևանի Մալաթիա թաղամասում, բայց ի տարբերություն նախորդ երկուսի` այս դեպքը նաև կողոպուտի հանցակազմ է պարունակում:

Հոկտեմբերի 2-ին ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Ծերենցի փողոցի տներից մեկի մոտից բերման են ենթարկել Տավուշի մարզի բնակիչ, 36-ամյա Հովնան Խ.-ին:

Պարզվել է, որ նա մի ամբողջ օր հյուրընկալվելով ծանոթների տանը և վայելելով ընտանիքի հյուրասիրությունը` հրաժեշտ տալուց առաջ իր պարտքն էր համարել տանտիրոջ տաբատի գրպանից հափշտակել դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 դրամ:

Տանտերը նկատել էր այդ «անաղուհաց» անձնավորության վարմունքը, իսկ երբ փորձել է նրանից ետ վերցնել դրամապանակը` Հովնան Խ.-ն բռունցքով մի քանի անգամ հարվածել էր իրեն հյուրընկալողի կրծքավանդակին ու դիմել փախուստի: