ՄԵՐ ՀԻՆ ՈՒ ԼԱՎ ԲԱՐԵԿԱՄԸ

Արտեմ ՍԱՐԳՍՅԱՆԸ 70 տարեկան է


 

1970-ականների վերջերին հայկական հեռատեսիլի եթերում հայտնվեց «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը: Հաղորդաշարի գիտական խորհրդատուն բանասիրական գիտությունների դոկտոր Նվարդ Պառնասյանն էր, իսկ հաղորդումները հիմնականում վարում էր Արտեմ Սարգսյանը` այդ ժամանակ բանասիրական գիտությունների թեկնածու, գրեթե երիտասարդ լեզվաբան, ում նկատմամբ ձևավորվեց հետաքրքրություն և համակրանք:

Բայց հեռուստատեսությունը նրա գործունեության միակ ոլորտը չէր:

Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո` 1969-ին աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող: 1982-ից եղել է բաժնի վարիչ: Ապա մեկնել է Երուսաղեմ և դարձել Ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի դասախոս, տեսուչ: Սա փախուստ չէր հայրենիքից, փախուստ չէր պատերազմական վիճակից: Արտեմ Սարգսյանը կամենում էր օգտակար լինել Սփյուռքին, նպաստել, որպեսզի այստեղ ևս պահպանվի գիտական հետազոտությունների հանդեպ հետաքրքրությունը, վարժարաններում սովորող հայ պատանիները խորքով ուսումնասիրեն մայրենիի առանձնահատկությունները: Երեք տարի Երուսաղեմում աշխատելուց հետո, Արտեմ Սարգսյանը վերադարձավ Հայաստան և ստանձնեց ՀՀ Լեզվի պետական տեսչության լեզվաշինության բաժնի պետի պաշտոնը: Իսկ 1998-ին նորից վերադարձավ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ և դարձավ Թեմատիկ խմբի ղեկավար: 2006-ին նա ընտրվեց Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ:

Գիտնականը մեկընդմիշտ սիրահարվել էր հեռուստատեսությանը, ուստի նա դարձավ «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավար-մեկնաբաններից, այստեղ վերականգ նեց «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, ստեղծեց նոր` «Դարը» հաղորդաշարը: Իր ծննդյան 70-ամյակը նշող լեզվաբանը, ընդունելով մեր թերթի շնորհավորանքները, ասաց.

- Իմ խնդիրն է միշտ եղել ջանք թափել մայրենիի անաղարտությունը պահպանելու համար: Ինչ-որ բան հաջողվել է: Սակայն երբ տեսնում եմ մորթոտվող մեր լեզուն` սիրտս կտոր-կտոր է լինում: Ուստի, շատ եմ ուզում, որ սրդողած վերաբերմունք լինի մեր լեզվի հանդեպ: Այդ ժամանակ միայն հանգիստ կլինեմ, երբ զգամ, որ բոլոր լեզվաբաններիս ջանքերն իզուր չեն անցել: