ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԱՍԱԿԱՆԻ ՀԵՏ


 

Ալ. Շիրվանզադեի «Մորգանի խնամին» սատիրական կատակերգությունը գրվել է 1920-ական թվականներին: Արտասահմանից հայրենիք վերադարձած հայ մեծ գրողն ու թատերագիրը պատկերել էր վտարանդիներին` ծաղրելով նրանց սին պատրանքներն ու հույսերը, ցույց տալով այն բարոյական անկումները, որոնց բովում հայտնվել էին բոլոր նրանք, ովքեր կորցրել էին հայրենիք և ապահովություն: Բազմաթիվ անգամներ բեմադրված այս ստեղծագործությունը վերջին տարիներին կարծես մոռացության էր տրվել, հեռացել մեր բեմերից, մինչդեռ իր ներքին գաղափարական սևեռումներով այն առավել քան արդիական է: Եվ ահա նշանավոր կատակերգությունը նորից հայտնվել է Երևանի Հ. Պարոնյանի անվան թատրոնի բեմում: Նորից, որովհետև «Մորգանի խնամին» թատրոնի գոյության 70 տարիների ընթացքում երկու անգամ բեմադրվել է այստեղ, կատակերգության հերոսի` Պետրոս Մինթոևի դերը խաղացել են նշանավոր կատակերգակներ Թաթիկ Սարյանն ու Մայիս Կարագյոզյանը:

Երվանդ Ղազանչյանն այս բեմադրությունը ստեղծել է կոմպոզիտոր Արամ Սաթյանի հետ` փոքր-ինչ հեռանալով դասական օպերետից և մոտենալով ժամանակակից մյուզիքլին: Այս բեմադրության առաջին ու կարևոր ձեռքբերումներից մեկը նրա երաժշտությունն է` ստեղծված մյուզիքլի կանոններին ու պահանջներին համապատասխան: Հենց երաժշտության տոնայնությունն էլ հուշել է ռեժիսորական մտահղացումը` ցայտուն կատակերգության մեջ տեսնել թաքուստված ողբերգականությունը, պատկերել հայրենիք կորցրած մարդկանց ցավն ու վիշտը, հեգնաբար նայել բոլոր նրանց, ովքեր հեռացել են իրենց արմատներից ու երազում են մի անիրական աշխարհի մասին, որը երբեք էլ իրենցը չի դառնալու…

Երվանդ Ղազանչյանը բեմի երկու կողմերում նստեցրել է յուրատեսակ նախերգակներին, որոնցից մեկը ներկայացնում է Արևմուտքը, մյուսը` Հայրենիքը, Հայաստանը: Մարդ-խորհր դանիշերը յուրովի արձագանքում են հերոսների գործողություններին, գնահատում նրանց, միջամտում ու հուշում: Ու հենց նրանցից մեկն էլ ներկայացման ավարտին հնչեցնում է հայ երգը` այսպես պարտադրելով վերադառնալ սեփական էությանն ու սեփական նկարագրին, չդավաճանել հայրենիքը, առանց որի ցանկացած ոք կկորչի ու կանէանա: Սա բեմադրական մտահղացման նորույթն է, որը փոխում է ստեղծագործության երգիծական ուղղվածությունը, բերում ցավի արտահայտությունը: Երվանդ Ղազանչյանը սիրում է կատակերգութ յուններում պեղել-ներկայացնել նաև որոշակի գաղափարական հոսքեր, ամեն մի բեմադրությամբ հայ մարդու մեջ արթնացնել ցավի պոռթկումը: Այստեղ էլ նա հավատարիմ է մնացել ինքն իրեն, ոչ թե ծաղրել արևմտյան բարքերի հորձանուտում հայտնվածներին, այլ խղճացել նրանց, փորձել հուշել դարձի ճամփաներ…

Պետրոս Մինթոյանի դերն այս բեմադրության մեջ խաղում է դերասան Հովակ Գալոյանը: Նրա մեկնաբանությունն ու կատարումը տարբերվում են բոլոր մեծերի կատարումներից, փոքր-ինչ խեղճ ու անօգնական է այս Մինթոյանը, արդեն իսկ պարտված, որովհետև նա հեռացել է իր երկրից, հեռացել է այն բնավայրից, որն իրենն էր ամբողջապես: Դերասանի ձեռքբերումն է այս կատարումը` գունեղ, բազմաբովանդակ, ուշագրավ: Մինթոյանի կողքին է որդին` Ժորժը` նրա հակապատկերը: Դերասան Նարեկ Ներսիսյանի Ժորժը հոգեբանական մեծ ավերածությունների մեջ է հայտնվում, ի վերջո գիտակցում իր անհեռանկար ընթացքը, որն էլ տանում է դեպի ողբերգություն…

Ե. Ղազանչյանը բոլորովին նոր մեկնաբանություն է տվել Մինթոյանի կնոջ` Մագթաղինեի կերպարին` նրան դարձնելով արևմտյան «քաղաքակրթության» կապկողն ու կրողը: Դերասանուհի Սաթենիկ Հախնազարյանի ստեղծած կերպարը ևս նորույթ է պարունակում:

Բեմադրության առաջնախաղից հետո թատերագետ Մարգարիտա Յախոնտովան բավական դիպուկ նկատեց.

- Այս բեմադրությունը վերադարձ է դեպի ժանրը, դեպի երաժշտական ներկայացումը: Ուրախացնում են ռեժիսորական շատ լուծումներ և հղացումներ, մի շարք դերասանական կատարումներ:

Իսկ մյուզիքլի երաժշտության մասին անվանի կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ով նույնպես երաժշտություն է գրել «Մորգանի խնամու» համար, նշեց.

- Արամ Սաթյանի երաժշտությունը նոր ու հետաքրքիր է: Կոմպոզիտորը ստեղծել է ժամանակի կերպարը, իր երաժշտությամբ նպաստել մարդկային բնավորությունների բացահայտմանը: