Սերն է ուժ տալիս


 

Մտահոգիչ մի շարք խնդիրների շուրջ ՀՀ վաստակավոր արտիստ, ճանաչված դուդուկահար Գևորգ ԴԱԲԱՂՅԱՆԻ հետ զրույցը նրա սրտացավության յուրօրինակ արտահայտությունն է:

- Շատ հաճախ ասում են, որ հայկական ծիրանափողը «խոսում» է աշխարհի բոլոր լեզուներով, գերում ու հմայում` անկախ ազգությունից ու հոգեկերտվածքից: Ո՞րն է նվագարանի խորհրդավորությունը:

- Դուդուկն անկեղծ է, բնական... արևի շող է: Իսկ արևը բոլորինն է: Դուդուկն, արարվելով մեր երկրում, լինելով հայ մարդու հոգու բեկորը, այնքան անկեղծ ու բնական է, որ միևնույն ժամանակ բոլորինն է: Շինծու ոչինչ չկա: Դուդուկի ուժը նրա պարզության ու անկեղծության մեջ է: Այնքան ենք շեղվել դեպի արհեստականը, որ մոլորվել ենք, իսկ դուդուկը հիշեցնում է, որ մենք մարդ ենք` Աստծո ստեղծած, որ պետք է սիրենք իրար: Սա է դուդուկի «խոսքը»: Բարդ փիլիսոփայություն չկա:

- Գրեթե միշտ դուդուկի հնչյունները նույնացվում են տխրության հետ:

- Դուդուկը նաև սեր է, իսկ սերը միայն զվարճանք չէ: Սիրո մեջ կա նաև թախիծ, ալեկոծում: Բնություն է, կյանք է: Իհարկե, դուդուկը հնչում է նաև տխուր առիթների դեպքում: Կյանքը, ցավոք, միայն ուրախությունների շղթա չէ: Մահը մեր անբաժանելի ուղեկիցն է: Այդ դեպքում դուդուկը փարատում է: Ես ավելորդ եմ համարում նաև դուդուկը չափից շատ մեծարելը, հավատացեք` դրա կարիքը չկա: Մեր բոլոր նվագարաններն իրենց համ ու հոտն ունեն, պարզապես դուդուկը ինքնատիպ շատ «համեմունքներ» ունի, որոնք հատուկ են հային:

- Այսօր մեր ծիրանափողը նաև միջազգային ճանաչում ունի և համաշխարհային բեմերից ներկայացնում է հային ու Հայաստանը: Սակայն քիչ չեն ադրբեջանցիների կողմից մեր մշակութային արժեքները յուրացնելու դեպքերը: Իսկ դուդուկը կարծեք թե ամենաշատն է ենթարկվում այդ հարվածներին: Շատերի կարծիքով` մենք ևս ունենք մեղքի մեր բաժինը:

- Դուդուկն իսկապես բավական մեծ ճանաչում է ձեռք բերել: Սակայն յուրաքանչյուրս անելիք ունենք: Հայաստանը պետք է դառնա դուդուկի կենտրոն: Եթե ուզում ենք լայն մասշտաբով ներկայացնել աշխարհին, պիտի աշխատի նաև դիվանագիտական կորպուսը: Միայն լավ նվագելը բավարար չէ: Անհրաժեշտ է այսօրվա օրենքներով առաջնորդվել: Դուդուկով միայն խանդավառվելը քիչ է: Եթե հողի տեր ես, պետք է կարողանաս պահել այն և նամուսով պահել: Մենք ունենք ունեցածը պահելու և զարգացնելու խնդիր: Դրա համար մեծ աշխատանք է պահանջվում: Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից մեր արժեքները յուրացնելուն` զարմանալի չէ: Եթե նրանց լսենք, հայ ազգ գոյություն չունի: Կրկնում եմ` մենք պարտավոր ենք ազգովի աշխատել, դուդուկը ներկայացնել, ինչու ոչ, նաև քաղաքական երանգավորումներով: Օրինակ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն տարիներ առաջ դուդուկը ճանաչեց որպես նյութական արժեքների գլուխգործոց: Նույն ժամանակահատվածում ճանաչեց նաև ադրբեջանական մուղամը: Նրանք անմիջապես հսկայական շենք տրամադրեցին, որտեղ մասնագետներ են աշխատում, իսկ մենք ոչինչ չարեցինք: Անգամ դուդուկի տուն չունենք, մի հավաքատեղի, որտեղ ծրագրեր մշակվեն: Իսկ դա չափազանց կարևոր է. չէ՞ որ առիթի դեպքում հպարտանում ենք մեր դուդուկով: Պիտի փոխվեն մեր մոտեցումները, դեռ ուշ չէ` վրիպումները շտկելու համար: Ի դեպ` Գավառում քաղաքապետի առաջարկով դուդուկի դպրոց է բացվել: Եվ ես հույս ունեմ, որ ապագայում այնտեղ կունենանք շինություն` ապահովված գրադարանով, ձայնագրման ստուդիայով, որտեղ կաշխատեն նաև պատմաբաններ և ծրագրեր կմշակեն:

- Դուք դասավանդում եք նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Այսօրվա երիտասարդությունը հետաքրքրվա՞ծ է ծիրանափողով և առհասարակ` ժողովրդական նվագարաններով:

- Ցավով պիտի նկատեմ, որ մարդիկ մի տեսակ սառել են, ագրեսիվացել, զգացմունքայնությունը նվազել է: Մշակութային արժեքների նկատմամբ անտարբերություն եմ նկատում: Իհարկե, կան երիտասարդներ, ովքեր ուզում են նվագել սովորել, սակայն հետագայում աշխատանքի խնդիր են ունենում: Շատերը մեկնում են արտերկիր: Գիտեք, կան բաներ, որոնք չի կարելի քողարկել, պետք է բարձրաձայնել: Թող սա չընկալվի որպես բողոք (այսօր այնքան շատ են բողոքողները. ամենահեշտ գործն է դարձել): Թերությունները շտկված, մեր երկիրն ավելի լավը տեսնելու մտահոգությունս է խոսում: Շատ երկրներում մարդիկ անգամ չեն ճանաչում իրենց վարչապետին, իսկ մեր կյանքն այնքա˜ն է քաղաքականացել: Քաղաքականությունը կենցաղ է մտել: Մինչդեռ մշակույթը պիտի այնքան առատ լինի, որ փարատի մարդուն, հոգուն դարման լինի: Մարդկանց մեջ ագրեսիվություն կա: Եկեք սատարենք միմյանց և ամեն ինչ անենք, որ մեր երկիրն ավելի հզորանա: Անկեղծ լինենք, պետք չէ միմյանց նկատմամբ դիվանագետ լինել, խաբում ենք իրար: Թոթափենք բոլոր տեսակի երանգավորումները, որոնք չորացնում են մեր հոգիները: Նայեք մարդկանց դեմքերին. սեր չկա: Սերն է ուժ տալիս: Երկիրը սիրենք, որ վաղը չասենք` էս երկիրը, ասենք` մեր երկիրը: Մեր զրույցը բռնկումներով ստացվեց... կուզենայի եզրափակել այսպես` ես սիրում եմ մեր երկիրը և հայ մարդուն:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ