Վրացական զարգացումներ


 

Մեր հարևան երկրում հեղաշրջման փաստն այլևս անհերքելի է: «Վրացական երազանքի» հաղթանակը հեղաշրջում փափագող ցանկացած երկրի երազանքը կարող է լինել, եթե իհարկե ընտրական հաջողությունը սոսկ գումարելիների տեղափոխություն չլինի, որի արդյունքում գումարը չի փոխվում:

Արևմտյան որոշ լրատվամիջոցներ վրացական ընդդիմության հաղթանակը որակեցին որպես Ռուսաստանի հաղթանակ: Բայց նորաթուխ իշխող կոալիցիան չի շտապում երկխոսել «Եդինայա Ռոսիա»-ի գործընկերների հետ: Երբեմնի ընդդիմադիրների առաջնորդը թեև շարունակում է շեշտադրել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ցանկությունը, սակայն կարծես թե դա չէ նրանց առաջնահերթ խնդիրը:

«Վրացական երազանք»-ում երեկ նշել են, որ ծանոթ են երկխոսության պատրաստակամության վերաբերյալ Դմ. Մեդվեդևի հայտարարությանը, բայց նման զարգացումը դեռևս վաղաժամ են համարում:

- Մենք ուշադիր ենք ռուսաստանյան վարչապետի այդ հայտարարության հանդեպ, սակայն դեռ վաղ է խոսել երկխոսության մասին, քանի որ անհրաժեշտ է սպասել ԿԸՀ-ի վերջնական տվյալներին, լուծել շատ այլ հարցեր,- «Ինտերֆաքս»-ին ասել է կոալիցիայի մամլո խոսնակ Մայա Փանջիկաձեն:

Այսուհանդերձ, ՌԴ ԱԳՆ-ն արձանագրել է.

- Ակնհայտ է, որ վրացական հասարակությունը քվեարկել է փոփոխությունների օգտին: Հուսով ենք, որ վերջնարդյունքում նրանք թույլ կտան, որ Վրաստանը ձեռնամուխ լինի հարևանների հետ կառուցողական և հարգալից հարաբերություններ ստեղծելուն:

Ամերիկայի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը ևս համագործակ-ցությունը շարունակելու պատրաստակամություն է արտահայտում.

- Մենք պատրաստ ենք համագործակցության` Վրաստանի նոր խորհրդարանի, ինչպես նաև այդ երկրի կառավարության և նախագահի հետ: Հիմքում ունենալով մեր սերտ կապերը` դա հնարավորություն կտա վրաց ժողովրդին ավելի լուսավոր ապագա ապահովել:

Ռուսաստանյան լրատվամիջոցներում արդեն կասկածներ են հնչում` վրացական նոր իշխանությունների հետ անցնցում հարաբերությունների առնչությամբ:

- Եթե մեր իշխանությունը մտածում էր, թե Վրաստանի հետ խնդիրները Սահակաշվիլիի հետ խնդիրներ են, ապա նա խիստ սխալվում էր,- իր բլոգում գրել է տեսաբան Անտոն Օրեխը` մանրամասնելով, որ ո´չ Իվանիշվիլին, ո´չ ցանկացած այլ վրացի երբեք չի հաշտվի Հարավային Օսիայի և Աբխազիայի կորստի հետ:

- Եվ քանի դեռ այդ հիմնախնդիրը չի լուծված` Վրաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունենալ մենք չենք կարող: Կարող են լինել քիչ թե շատ հանգիստ, բայց բարեկամական` երբեք:

Միով բանիվ` առաջիկա հավանական վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ստիպված է լինելու համատեղել անհամատեղելի թվացող որոշ դիրքորոշումներ` հավասարակշռութ յուն պահպանելով երկու ուժերի միջև: Այդ առումով նա որոշակի դիրքորոշում արդեն արտահայտել է.

- Կրեմլին մենք պետք է հավատացնենք, որ ՆԱՏՕ-ում ընդգրկվելու և եվրոպական տարածքում ինտեգրվելու մեր ձգտումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ,- CNN-ին հայտարարել է Իվանիշվիլին:

Նա նաև բարձրաձայնել է, որ որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ (ու իհարկե` որպես վարչապետ), իր առաջին պաշտոնական այցով Միացյալ Նահանգներ է մեկնելու` այստեղ կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

- Ես կմեկնեմ ԱՄՆ` մեր գլխավոր գործընկերոջ ու բարեկամի մոտ,- Իվանիշվիլիի խոսքը մեջբերել է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը: