Խելացիության հակառակ «երեսը»


Մտավոր բարձր ներուժ ունեցողները հեշտությամբ ընկալում են ամեն ինչ և լուծում բարդ խնդիրները: Բայց մի՞շտ է, որ խելքն օգնում է: Իսկ գուցե երբեմն այն ավելի շատ անեծք է, քան օրհնանք: Խոսքն, իհարկե, իրենց խելացի համարող տգետների մասին չէ, այլ իրական խելացիների:

Թվում է, թե IQ-ի բարձր մակարդակը մի շարք առավելություններ է տալիս: Դիցուք, առանց տառապանքի հանձնում եք քննությունը, գլուխ հանում բոլոր հանձնարարություններից: Բայց այդ առավելությունների կողքին հոգեբանական դժվարություններ կան: Դրանցից մի քանիսին անդրադարձել է … softΗixer.coΗ-ը:

ԴՈՒՔ ՇԱՐՈՒՆԱԿ ՄՏԱԾՈՒՄ ԵՔ` ԶԳԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ. Սա խելացի մարդկանց ընդհանուր խնդիրն է. հատկապես նրանց, ովքեր վարժվել են արտահայտվել միայն խոսքերով: Քչախոսները հակված են իրենց հույզերն արտահայտել ֆիզիկական շարժումներով. ձեռքերի օգնությամբ, վազքի, ծիծաղի միջոցով ուրախությունից թռչկոտելով: Բայց, միևնույն է, հոգում կուտակվածը չի լիցքաթափվում, որովհետև ուղեղը շարունակում է գործել:

ՉԵՔ ՍՈՎՈՐՈՒՄ ՀԱՄԱՌՈՐԵՆ ԱՇԽԱՏԵԼ. Ինտելեկտուալներն զգում են, որ կարող են ուրիշներից ավելի հեշտ ու արագ առաջ ընթանալ: Միայն բարձր IQ-ն, սակայն, չի երաշխավորում իր տիրոջ հաջողությունը, իսկ այս մարդիկ հաճախ համառություն չեն ունենում հետևողական լինելու:

ՄԱՐԴԻԿ ՁԵԶԱՆԻՑ ՄԻՇՏ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ. Ու ոչ մեկը չի փորձում հասկանալ, որ դուք ևս մարդկային թուլություններ ունեք: Եվ չկա մեկը, ում հետ կարող եք խոսել այդ թուլություններից ու ձեր անպաշտպանվածությունից: Չե´ն հասկանա, չե´ն պատկերացնի:

ՁԱԽՈՂՎԵԼՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՎԱԽԸ, ՈՐ ՉԵՔ ՀԱՋՈՂԻ ՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՉԵՔ ԼԻՆԻ. Շրջապատին հուսախաբ չանելու վախը ձեզ թույլ չի տալիս ռիսկի դիմել և փորձել: Պարտվելու զգուշավորությունը ևս ձեզ խանգարում է:

ՄԱՐԴԿԱՆՑ ԶԱՅՐԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՈՒՂՂՈՒՄ ԵՔ ԻՐԵՆՑ ՍԽԱԼՆԵՐԸ.Իսկույն նկատում եք, որ ձեր զրուցակիցը սխալ է խոսում, և չեք կարող նրան չուղղել: Բայց նախ պետք է համոզված լինեք, որ ձեր դիտողությունը նրան չի ջղայնացնի: Այլապես կարող եք բարեկամներ կորցնել, զի մարդիկ կխուսափեն ձեզ հետ շփվել:

ՈՄԱՆՔ ՁԵԶ ՊԱՐԾԵՆԿՈՏ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ.Ամեն առիթով ձեր կարծիքը հարցնելով և այդ կարծիքի հետ հաշվի նստելով հանդերձ` մարդկանց երբեմն թվում է, թե դուք պարծենում եք ձեր գիտելիքներով ու տրամաբանությամբ: Իրականում դուք փորձում եք օգնել կամ ճիշտ կողմնորոշել նրանց, իսկ նրանց թվում է, թե պարծենում եք:

ԴՈՒՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՔ, ԹԵ ԴԵՌ ՈՐՔԱՆ ՔԻՉ ԳԻՏԵՔ. Բարձր ինտելեկտի տեր մարդիկ գիտակցում են, որ անվերջ սովորելու, նոր գիտելիքներով զինվելու կարիք կա միշտ: Գիտեք նաև, որ անկարելի է ամեն ինչ իմանալ, և դա հաճախ կաշկանդում է ձեզ` ընդհուպ խճճելով թերարժեքության բարդույթում:

Այնպես որ` կատարելությունն այստեղ էլ է կաղում և առավելությունը թերություն է դառնում` բարդացնելով կյանքը: