Գլխավոր դերում` ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Իր թատերական արդեն կեսդարյա գործունեության ընթացքում մոտ 5 տասնյակ հոբելյաններ է բեմականացրել ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Դրանց մեծամասնությունը մշակութային տոնախմբության շուքով են կենսագործվել: Հայաստանի Հանրապետության հոգևոր-մշակութային առօրյան գունեղացնող տարաժանր ոլորտների հանրահայտ ներկայացուցիչների ուղերձ-ելույթներն անձանձիր միահյուսվել են շահվերդյանական թատերային հնարքներով:

Բնական է, որ չծերացող ստեղծագործական մտքի տեր բեղուն արվեստագետն ի վերջո պիտի շեղվեր իր իսկ մտահղացած մեծարման երեկոների ավանդական դարձած ձևաչափից: Ինչպես, ասենք` Լևոն Խեչոյանի մեծարման երեկոն նրա արձակի բնութագրական դրվագների կենդանի խաղարկումներով թատերայնացնելիս: Շահվերդյանի պրպտուն մտքի բազմատասնամյա ընթացքին լավատեղյակները սրված հետաքրքրությամբ էին սպասում, թե նա ինչպես պիտի նշանավորեր իր իսկ միաձույլ հոբելյանները` ծննդյան 70 և բեմական արարման 50-րդ տարեդարձները: Գտնվեց, իհարկե, նախապատվելի տարբերակը` վերջին 10-15 տարիների բեմական կենսագրությունն իր արվեստի երկրպագուներին ներկայացնել Վանաձորի, Երևանի, Ստեփանակերտի տարբեր թատրոնների խաղացանկերում պահպանված լավագույն 10-15 ներկայացումների խաղարկմամբ: Այսպիսով անհամեմատ ավարտուն կդառնար բեմական յուրատիպ հաշվետվությունը թե´ թատերասեր հանրության, թե´ իր համար: Անկողմնակալ հնարավորություն կընձեռվեր ի մի բերելու, իմաստավորելու տասնամյակների ընթացքում ձևավորած կերպապնակի արտահայտչագույները և ճշգրտելու իր պոետիկ թատերամտածողությանն առավել հարիր արդիաոճ նրբերանգները:

- Յուրաքանչյուր օր` ներկայացումներից առաջ, վեր կբարձրանա ինձ հետ երբևէ աշխատած մոտ 50 դերասանների նկարներով ձևավորված հոբելյանական վարագույրը,- «Ավանգարդի» հարցասիրությունը գոհացնելու համար մանրամասնեց Վահե Շահվերդյանը: Հետո ողջույնի մի հակիրճ խոսք կհնչի` որևէ պաշտոնյայի կամ թատրոնի կողմից, ապա կխաղարկվի ընտրված ներկայացումը: Նախապես ընդգրկված էին նաև Ստեփանակերտում արված ու տարբեր թատրոնների դերասանների ներգրավմամբ նորովի գրավիչ դարձած ներկայացումներ: Սակայն, գիտեք, «դավաճան» հիվանդությանս պատճառով ստիպված էի մտահղացածս տարողունակ ծրագրից կրճատել ոչ միայն դրանք, այլև մայրաքաղաքայիններից մի քանիսը:

Երեկ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հոբելյանական խաղացանկի առաջատարով` Վիլյամ Շեքսպիրի «Արքա Լիր» ողբերգության ներկայացմամբ, ազդարարվեց աբելյանցիների գեղարվեստական բազմամյա ղեկավարի մեկշաբաթյա հանդիսաշարի տոնահանդերձ մեկնարկը: Հանդիսատեսը կրկին հիացավ Վահե Շահվերդյանի ձևավորած բազմաբարդ բեմատարածքով ու տպավորվեց ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի կերտած Լիրով և շեքսպիրյան թատերակտավի նրբիմաստների թանձրույթով առանձնակի ներգործուն Խեղկատակին մարմնավորող Արամ Մխիթարյանի դերասանական վարպետությամբ:

Չմոռանանք հավելել, որ հոկտեմբերի 4-8-ը ծրագրված ներկայացումներով նշանավորվելու են նաև Վահե Շահվերդյանի ստեղծագործական տարեգրության մեջ մնայուն հետագիծ թողած մի քանի արվեստագետների հոբելյաններ ևս: Զորօրինակ, Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայի ներկայացումը նվիրվում է ՀՀ վաստակավոր նկարիչ Եվգենի Սաֆրոնովի ծննդյան 70-ամյակին, ում հետ Շահվերդյանը բեմ է բարձրացրել մեծագույն վարպետությամբ ձևավորված 25 ներկայացում: Արմեն Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտ» հուզառատ բեմապատումով նշանավորվում է հնարմատ աբելյանցի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյանի 85-ամյակը: Շահվերդյանի աճեցրած հերթափոխով իր կենսունակությունն ապահոված Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբան և նրա աղջիկները» ներկայացման խաղարկումը անուղղակիորեն հավաստելու է բեմական 20-ամյա երկարակեցության արժանավորությունը: Վանաձորյան հոբելյանական թատերաշաբաթն ավարտվելու է դրամատուրգ Նելլի Շահնազարյանի «Վարագույրը չի փակվի» պիեսի բեմադրության առաջնախաղով:

- Պիեսը գրել էի Վարդուհի Վարդերեսյանի համար,- պարզաբանում է Նելլի Շահնազարյանը: - Երբ երկու տարի առաջ կարդաց, անկեղծորեն խոստովանեց, որ այլևս ի վիճակի չէ այդպիսի ծանրություն հաղթահարել, կենսական ուժերը չեն բավականացնի` բեմում 80-ամյա կենսագրություն վերապրելուն: Ասաց նաև, որ միայն Գրետա Մեջլումյանը կարող է մարմնավորել: Մեծ արտիստուհու մահից հետո որոշեցինք իրականացնել նրա երազանքը և բեմադրել պիեսը: Ներկայացման մեջ կոնկրետ նրան չեք տեսնի: Սա նրա կենսագրությունը չէ, սա մեծ Արտիստուհու կենսագրություն է, որտեղ կարելի է տեսնել և´ Վարդուհուն, և´ Սիրանույշին, և´ Մետաքսյային...

Ասենք նաև, որ Շահվերդյանի հոբելյանական հանդիսաշարը չի վերջակետվելու Մայր բեմի մեծ տիկնոջ նվիրական ցանկության իրականացմամբ: Նույն օրը, նույն ժամին, «Թատերական Լոռի» 23-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, աբելյանցիները Ալավերդիում ներկայացնելու են նրա վերջին բեմադրություններից մեկ ուրիշը` Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգին»: Հաջորդ օրը ևս հնագույն հայաստանյան թատերական տոնախմբության գլխավոր դերում փառատոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն է լինելու: Սանահինի Սարահարթի մշակույթի պալատում նախաձեռնված հանդիսության շահվերդյանական բովանդակությունը լիարժեքանալու է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիք» նորաստեղծ ներկայացմամբ, որի մտահղացումը սկսել է միս ու արյուն ստանալ վաստակաշատ թատերամանկավարժի վանաձորյան արվեստանոցում, ապա` հղկվել աբելյանական բեմում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ