Պետություն-ֆերմեր ներկայիս հարաբերություններում տուժում են և´ գյուղացին, և´ հողը, և´ բերքը


Ի սկզբանե էլ ենթադրելի էր, բայց սեփականաշնորհումից շատ չանցած` շատ արագ պարզ դարձավ, որ մարդը միայնակ չի կարող հող մշակել. էլ չենք ասում ստացված բերք ու բարիքն իրացնելու և դրանից եկամուտ ստանալու մասին: Արդյունքում քանդվեցին տարիների ընթացքում տնկված խաղողի և շատ այլ մշակաբույսերի այգիներ: Փոխարենը սկսեցին քանդված այգիների տեղում ցորեն ու գարի աճեցնել, քանի որ այն ավելի քիչ խնամք էր պահանջում: Այստեղ էլ պարզ դարձավ, որ տեխնիկա չկա` եղած բերքը հավաքելու համար:

Տարիներ անց, իրավիճակը փոքր-ինչ թեթևացնելու համար, բանկերը սկսեցին վարկ տալ գյուղացիներին: Դրա արդյունքում էլ շատերը եկամուտ ստանալու և իրենց ֆինանսական վիճակը բարելավելու փոխարեն ավելի վատ իրավիճակում հայտնվեցին: Մի կողմից վարկային տոկոսները, մյուս կողմից` բնության մատուցած անակնկալները թույլ չտվեցին, որ հողից ստացվող բերքը եկամուտ դառնա ու փակի ծախսերը: Ավելին, մարդիկ կանգնեցին մի նոր խնդրի` սեփական տունը կորցնելու վտանգի առջև: Գյուղացուն փրկելու համար այս անգամ էլ «նոր» ծրագիր մշակվեց և առաջարկվեց ֆերմերներին միավորվել և կոոպերատիվներ ստեղծել: Դրա շնորհիվ էլ պետք է որ հնարավոր լիներ համատեղել ջանքերը և դուրս գալ ստեղծված իրավիճակից: Ասել է թե` հետքայլ դեպի խորհրդային կոոպերատիվներ: Սակայն, այստեղ էլ ամեն ինչ առաջվանը չէր կարող լինել, և նոր ձևաչափով ստեղծված կոոպերատիվները խորհրդային տարիների նման չեն կարող ամբողջական պլանավորում իրականացնել և հասկանալ, թե տվյալ տարում ի՞նչ պետք է աճեցնեն, որ իրացման սեզոնին խնդիրներ չունենան: Գործող շուկայական հարաբերությունների «տրամաբանությունից» ելնելով` պետությունը ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել, իսկ ֆերմերներն իրենք պետք է որոշեն, թե ինչ մշակաբույս աճեցնեն և ինչպես իրացնեն: Տեսակետ կա, որ եթե պետությունը չմիջամտի, ապա ֆերմերը և ֆերմերային տնտեսությունները կրկին չեն կարողանա կողմնորոշվել, թե ինչ աճեցնեն, որպեսզի իրացման ժամանակ խնդիրներ չունենան: Մինչդեռ ոլորտի պատասխանատու Գյուղատնտեսության նախարարությունը հանդես է գալիս որպես ընդամենը քաղաքականություն մշակող օղակ և փաստորեն իրավասու չէ պարտադրել ֆերմերին, թե նա ինչ աճեցնի, կամ ինչքանով իրացնի: Այս անհասկանալի շրջապտույտում փաստը մնում է փաստ, որ Գյուղատնտեսության նախարարության մշակած քաղաքականությունը պետք չէ գյուղացուն, քանի որ նրա ստացած բերքը կամ մնում է այգներում, կամ չնչին գներով, ապառիկ կերպով հանձնվում է վերամշակող կազմակերպություններին: Նման իրավիճակից հոգնած շատ գյուղացիներ արդեն դադարել են հողի հետ կռիվ տալ: Այստեղ էլ հողերն են որակազրկվում ու աղակալում, ինչն էլ իր հերթին այլ խնդիրներ է առաջացնում:

Անկախության արշալույսին վերացան կոլեկտիվ տնտեսությունները, և սեփականաշնորհվեցին հողերը, այսինքն` հողը հանձնեցին գյուղացուն: Շատ չանցած` գյուղացին հառաչեց, որ իրականում ոչ թե հողն են հանձնել գյուղացուն, այլ` գյուղացուն են հողին հանձնել` նրան միայնակ թողնելով հեկտարներով հողի հետ:

Արդյո՞ք ժամանակը չէ, որ պետությունը քայլեր ձեռնարկի պետական տնտեսություններ հիմնելու: Ոլորտը պլանավորելու հարցում և, ընդհանրապես, ի՞նչ պահանջներ ունեն մեր ֆերմերները ոլորտի պատասխանատուներից, որը ոչ միայն կհեշտացնի գյուղացու գործը, այլև կկանոնակարգի ոլորտի զարգացումը: Այս հարցի մասին է «Ավանգարդ»-ի հարցախույզը` հանրապետության տարբեր մարզերի ներկայացուցիչների հետ:

Արմավիրի մարզի Մյասնիկյան

գյուղի բնակիչ Հովհաննես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

- Ողջ աշխարհում գյուղատնտեսությունը լրավճարով (դոտացիայով) է աշխատում. դա բոլորին է հայտնի: Դրան գումարած գյուղատնտեսության մասնատումը նշանակում է քաոսի մեջ քաոս ստեղծել: Իսկ կառավարությունը ոչ միայն որևէ աջակցություն չի ցուցաբերում, այլ` խոչընդոտում է գյուղացուն: Մի տարի ասում է ծիրանը վրացին չպետք է տանի, մյուս տարի ասում է` մյուսը չպետք է տանի: Սրանք խաղեր են, որոնք մոնոպոլիստների պատճառով գալիս և հարվածում են գյուղացուն: Ես այսօր վախենում եմ խաղող մշակել, որովհետև այսօր արդեն իմ մշակած խաղողը մնացել է օդի մեջ: Ու չգիտեմ էլ, որ եթե մյուս տարի ծիրան դնեմ, վրացին կթողնի, թե՞ չի թողնի, որ ծիրանն իր երկիր մտնի: Փաստորեն, գյուղացին անվերջ մնում է օդի մեջ:

- Կոոպերատիվների ստեղծումը չի՞ օգնի, որ գյուղացին ավելի կազմակերպված և արդյունավետ գործի:

- Նախ պետք է հասկանալ, թե ինչի համար են ուզում կոոպերատիվներ ստեղծել: Ես տեսնում եմ, որ ամեն ինչ անում են այնպես, ինչպես որ իրենց է հարմար և ձեռնտու: Գյուղացուն ձեռնտու կլիներ, որ ասեին, թե ինչ մշակի: Օրինակ` կարող էին մի քանի առաջարկ անել, գյուղացին էլ մշակեր այն, ինչը նախընտրում է: Դրա հետ մեկտեղ պետք է գյուղացուն ասեն նաև բերքի իրացման պայմանները, որպեսզի նրա համար էլ հասկանալի լինեն ծախսերն ու եկամուտը: Այսօր ամբողջ աշխարհում գյուղատն տեսական աշխատանքները սկսելու ժամանակ դիզվառելիքի գինն իջնում է, իսկ մեզ մոտ բարձրանում է, ո՞ր մեկն ասեմ: Մի խոսքով էնպիսի բաներ են անում, որ գյուղացուն փակուղու մեջ են դնում, ուզում են գյուղացուն լրիվ հողաթափ անել:

Արմավիրի մարզի Ծիածան

համայնքի նախկին գյուղապետ Խաչիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

- Մշակելու պրոբլեմ չունենք, իսկ իրացնելու շատ մեծ խնդիր կա: Բերքի մշակման ժամանակ բավական գումար է ներդրվում ցանքի, վառելիքի վրա, բայց իրացումը խնդիր է:

- Կոոպերատիվների հիմնումը որևէ խնդիր չի՞ լուծի:

- Մեր համայնքում 200 հեկտար հող կա, յուրաքանչյուր գյուղացի իր հողն ունի, մշակում է: Մերը փոքր համայնք է. կոոպերատիվը իրեն չի արդարացնի: Օրինակ` անցյալ տարի վարունգն ու ծաղկակաղամբը գյուղացիները թողեցին այգիներում, որովհետև իրացումն իրեն չէր արդարացնում: Այս տարի ավելի քիչ են մշակել, կարծում եմ խնդիրներ չի լինի այդ հարցում: Քաղաքում բերքը իրացնելը լրացուցիչ ժամանակ է պահանջում գյուղացուց, և շատերը ժամանակ և հնարավորություն չունեն դրանով զբաղվելու և հիմնականում մոտակա վայրերում են վաճառում իրենց բերքը: Քանի դեռ այսպես է, քանի դեռ տեխնիկա չկա, վառելիքի գները չեն էժանանում` գյուղացու վիճակը չի կարող լավանալ: Ինչ վերաբերում է կոոպերատիվներին, դա մեծ համայնքներին է ձեռնտու: Մեր համայնքը փոքր է, և մեզ ձեռնտու չի լինի: Բացի այդ` գյուղացուն պետք է ուղղորդել, որ իմանա` ինչ պետք է մշակի ու ինչքանով այն պետք է իրացնի, ոչ թե մի տարի նույն ապրանքը 50 դրամով վաճառի, մյուս տարի` 150-ով: Լոտոյի նման խաղացնում են գյուղացուն: Մեկ կարկուտն է վնասում բերքը, մեկ` անձրևներն են շատ լինում, ինչ անի գյուղացին: Չի կարողանում կողմնորոշվել:

Շիրակի մարզի Ձիթհանքով

համայնքի ղեկավար Հովիկ ՊՈՂՈՍՅԱՆ

- Կոոպերատիվները օգնում են, որ գործն ավելի լավ կարողանաս կազմակերպել, քան հողը կտորների բաժանված վիճակում: Ես կողմ եմ կոոպերատիվների ստեղծմանը: Դրա առավելությունն այն է, որ հնարավոր կլինի տեխնիկա ձեռք բերել, քանի որ այսօր պետությունը չի օգնում: Եթե կոոպերատիվներ լինեն, ապա վստահություն կլինի և հնարավորությունը կմեծանա տեխնիկա ձեռք բերելու: Բացի այդ, իմ կարծիքով հնարավոր կլինի նաև իրացման խնդիրը լուծել:

- Իսկ եթե կոոպերատիվները պետական լինեն, ավելի հեշտ չի՞ լինի գյուղացու համար, քանի որ նախապես կիմանա, թե ի՞նչ մշակի և ի՞նչ ակնկալիք ունենա:

- Պատկերացրեք, որ գյուղացին ավելի լավ գիտի ինչ աճեցնի, ինչքանով վաճառի: Փորձում ենք տարբեր մշակաբույսեր աճեցնել. որը ձեռք է տալիս, դա էլ աճեցնում ենք: Մենք ինքներս կանոնակարգում ենք, իսկ պետական կոոպերատիվներ պետք չէ ստեղծել, պետք է գյուղացին ու կոոպերատիվը որոշեն, թե ինչ են ուզում անել:

Տավուշի մարզի Ծաղկավան

համայնքի ղեկավար Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

- Մենք ունենք կոոպերատիվ, բայց միայն կարողանում է խոտհունձի և ձմռան անասնակերի հարցը լուծել: Մեր գյուղը հիմնականում անասնապահությամբ է զբաղվում: Ինչ վերաբերում է պետության աջակցությանը, ապա գյուղապետարանները պետք է գումարներ հատկացնեն այդ կոոպերատիվների կայացման համար: Բայց գյուղապետարաններն էլ այդքան գումար չունեն: Իրենց չեն կարողանում պահել, կոոպերատիվների՞ն որտեղից գումար տան: Իհարկե, ֆերմերները կարողանում են կոոպերատիվի օգնությամբ որոշ հարցեր լուծել, բայց դա բավարար չէ: Ինչ վերաբերում է պետության աջակցությանը, ապա պետությունը պետք է գյուղ-մթերքի գին սահմանի, որպեսզի գյուղացին էլ իմանա, թե ինչքան եկամուտ կունենա տվյալ տարում: Ֆերմերները պետգնումների են մասնակցում, բայց բոլորն էլ գիտեն, թե դա ինչ է նշանակում: Այնպես որ` կոոպերատիվները բավական լավ կառույցներ են, պարզապես պետք է օգնել, որ դրանք զարգանան և ֆերմերներին օգնեն, որպեսզի նրանք էլ եկամուտ ստանան:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ