Պապը չի օրհնում միասեռականներին


Համասեռամոլության հակում ունեցողներին և դրանով զբաղվողներին եկեղեցին չպետք է մերժի. այդպես և նրանց, ովքեր սեռափոխվելու որոշում են կայացրել: Յուրաքանչյուր առանձին պատմություն հարկավոր է քննարկել առանձին և խուսափել ընդհանրացումներից: «Մարդկային և բարոյական» այդպիսի խնդիրներ ունեցող անձանց պետք է վերաբերվել բարեսրտությամբ:

Այս մասին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը խոսել է Բաքվից Հռոմ մեկնելու ճանապարհին` ինքնաթիռում հրավիրած մամլո ասուլիսում (տեղեկացրել է obozrevΖtel.coΗ-ը): Նա ասել է, որ «որպես հոգևորական, որպես եպիսկոպոս և նույնիսկ որպես Պապ», ինքը «շարունակում է ուղեկցել համասեռամոլության հակում ունեցող և դրանով զբաղվող մարդկանց», որպեսզի նրանց «հասցնի Աստծո մոտ»:

Հովվապետը պատմել է իսպանացի մի աղջկա մասին, ով որոշել էր սեռը փոխել: Երբ նա եկեղեցի է մտել, հոգևորականներից մեկը հայտարարել է`

- Գնա´ դժոխք…

Բայց մեկ ուրիշ սպասավոր հարցրել է`

- Երկա՞ր ժամանակ է, որ չես ապաշխարել,- և հրավիրել է ապաշխարանքի:

- Կյանքը մնում է կյանք, և իրերը պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին դրանք կան,- ընդգծել է Պապը:- Մեղքը մեղք է: Որոշակի միտումներ և հորմոնալ խախտումներ կարող են բազմաթիվ խնդիրներ ստեղծել, և մենք պետք է զգույշ լինենք, երբ ընդհանրացումներ ենք կատարում: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հարկավոր է ընդունել, ուղեկցել, ուսուցանել, տարբերակել և ինտեգրել: Դա այն է, ինչ այսօր կաներ Հիսուսը,- հավելել է հովվապետը:

Լրագրողների չափազանցասիրական հակումներին ծանոթ լինելով` նա հատուկ դիմել է նրանց.

- Խնդրում եմ, հիմա չասեք, թե Պապն օրհնում է միասեռականներին: Ես արդեն տեսնում եմ պարբերականների շապիկները… Դա խնդիր է` մարդկային, բարոյական: Այն պետք է լուծվի` միշտ Աստծո բարեսրտությամբ:

Ի ԴԵՊ. Ֆրանցիսկոս Պապը նաև դեմ է արտահայտվել դպրոցներում գենդերային տեսության դասավանդմանը` նկատի ունենալով, որ մարդիկ կարող են իրենք ընտրել իրենց սեռը կամ ընդհանրապես հրաժարվել սեռային տարբերակումից (հաղորդել է Reuters գործակալությունը):

Հովվապետն այդ տեսությունն անվանել է հակաբնական, իսկ դա դասավանդելը` «գաղափարական գաղութատիրություն»:

Անցյալ շաբաթ Վրաստան կատարած այցի ժամանակ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատերազմ է հայտարարել ամուսնության այն սահմանակարգին, որում, որպես զենք, օգտագործվում է գաղափարախոսությունը: