Նրանք ավելի լիարժեք են ապրում


Կենսական ու կենցաղային ի˜նչ մանրամասներ միայն չեն ուսումնասիրում գիտության քրմերը: Նրանց նպատակները հասկանալի են, սակայն այնքան էլ հստակ չէ, թե նրանց հետազոտությունների եզրահանգումները որչափո՞վ են նպաստում համայն մարդկության կենսամակարդակի և առողջության լիարժեք ապահովմանը:

Սա` իմիջայլոց և ընդհանրապես: Իսկ ամերիկացի գիտնականների վերջին եզրահանգումներից մեկը մենակյացներին պետք է հուշի` այլևս չգանգատվել միայնակութ յունից: Մասնավորապես, ըստ հետազոտողների, կյանքի ընկեր չունեցողները սոցիալապես ավելի ակտիվ են, քան ամուսնացածները:

Նախկինում ենթադրվում էր, թե միայնակ մարդիկ ավելի ներփակված են և հաճախ ապրում են ճգնավորի պես: Պարզվում է` ճիշտ հակառակը: Նրանք անհամեմատ ավելի հետաքրքիր և բազմաբովանդակ առօրյայով են ապրում, քան ամուսնացյալները կամ մշտական զուգընկեր ունեցողները, ովքեր ուշադրության մեծ մասը հատկացնում են իրենց երկրորդ կեսին:

Մենակյացներն ավելի հաճախ են խմում, ավելի շատ մարդկանց հետ են հարաբերվում. մտավոր ներուժ ունեցողներն ավելի զարգացած են:

Ինչ վերաբերում է շատ ընկերներ ունենալուն և նրանց հետ առնչություններին, ապա միայնակ տղամարդիկ 4 անգամ ավելի հաճախ են հանդիպում մտերիմներին, քան ընտանիք ունեցողները, իսկ մենակյաց կանայք` 2 անգամ: (GLUnews):