ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. համակարգային թե՞ անձանց


ՏԻՄ ընտրություններն` ընդհանուր առմամբ, իսկ Գյումրիինն ու Վանաձորինը` մասնավորապես, հիրավի փորձաքար էին` քաղաքական դաշտում վերաձևումների, նորամուտների, ինքնահաստատումների առումով: Միայն «նորամուտ» ասվածին պետք է փոքր-ինչ վերապահումով մոտենալ, որովհետև բացարձակ իմաստով` նորաստեղծ կուսակցություններում ու դաշինքներում նոր դեմքեր չկան: Խոսքը դրանց ղեկավարների մասին է, թեև արդեն ծանոթ գործիչներից ոմանք իրենց թիմերում դեռևս լավ կամ վատ համբավ չունեցող երիտասարդներ են ընդգրկել:

Թե ինչպես անցան քվեարկությունները` արդեն հայտնի է: Մենք չդատենք: Արձանագրենք, որ դեռևս ընտրարշավից էլ առաջ ընդդիմությունը հերթական բարոյական պարտությունը կրեց` ապացուցելով, որ իրենց պայքարն իշխանական ճոճաթոռի համար է միայն: Այս տպավորություն-կարծիքին ընդդիմացողներին լոկ մեկ հարց կուղղեինք` «Ուրեմն ինչո՞ւ չմիավորվեցին»:

Այս առումով իշխող ուժերն ավելի ազնիվ են` չեն թաքցնում, որ իշխանությունից հրաժարվել չեն ուզում, համբերատար լսում են բոլոր դատափետումները, ինքնաքնն ադատությունից էլ չեն խորշում (այլ խնդիր է, որ բարեփոխումների «սայլն» այդպես էլ տեղից չի շարժվում): Մինչդեռ ընդդիմադիր ուժերի միավորումը դարձել է անմարսելի մի «ոսկոր»` հենց իրենց կոկորդում և համաժողովրդական անիրականալի ցանկություն: Միավորվելու հատուկենտ փորձերն էլ ավարտվում են միացյալ ընտրացուցակում առաջին տեղը զբաղեցնելու «բազարով»:

Ասում եք` ուզում եք իշխանության գալ` երկրի ծռված մեջքը շտկելու, գործող իշխանությունների բացթողումները լրացնելու, ժողովրդի մատից փուշ հանելու: Դրա համար ի՞նչ կարևոր է ցուցակի 1-ին կամ 10-րդ հորիզոնականը: Հենց դրանով էլ մատնում են, որ իշխանական կարկանդակի մեծ կտորի համար են պայքարում: Ու ո՞նց չհիշես, որ նրանցից շատերը` տարբեր թիմերով ու այլազան «վերնագրերով» մեծամասամբ արդեն իշխանության մաս կազմել են: Իրենց «շենշող» ծրագիր-խոստումների հետ, ուրեմն, ինչո՞ւ չեն հիշեցնում, թե ժողովրդաշահ, պետականաշահ ի՞նչ գործ են արել: Արե՞լ են, որ հիշեցնեն:

Ամենաթարմ օրինակը. մարդասիրական օգնությունը ժամանակին վաճառած Հովհ. Մարգարյանին կարելի՞ էր նույն Գյումրիում թեկնածու կարգել: Ուրիշի հաշվին կուշտ ապրածի հիշողությունը կարճ է, բայց կեղեքվածը հիմա շղթաներ էլ չունի, այլ միայն հիշողություն` իր ու զավակների բերանից հացը խլածների մասին:

Նախընտրական մթնոլորտը դեռ նոր է թեժանալու: Ու դեռ ի˜նչ երդում-խոստումներ ենք լսելու վերջին քառորդ դարում բազմակի երդմնազանց «խաղացողներից»: Իրենք էլ գիտեն, որ ոչ մեկն իրենց չի հավատում: Խոստումներով անոթի մնալու ցանկությունը մարել է արդեն: Համախմբվելու և կոնկրետ գործերով ներկայանալու ժամանակն է վաղուց, պարոնա´յք իշխանատենչներ: Եթե սոսկ իշխանական աթոռներին բազմելն է ձեր նախընտրական ճոռոմաբանությունը, հիշեցնենք, որ այդ աթոռները զբաղված են, իսկ ժողովուրդը հոգնել է խաբվելուց:

Իրենց կիրակնօրյա քվերակությամբ ընտրողներն էլ դա հաստատեցին: Եթե ոչ ու մի փոքր էլ հումորով` ապա ընդդիմադիրի կարգավիճակն ի՞նչ վատ է. առանց պատասխանատվություն կրելու` կարելի է անվերջ քննադատել ու մատնացույց անել իշխողների արատները:

Ինչ վերաբերում է փոփոխությունների անհրաժեշտությանը, ապա մեր երկրի համար հրատապ է ոչ այնքան անձերի, որքան համակարգային փոփոխությունները: Զի բազմիցս համոզվել ենք, որ անձերի փոփոխություններով ու տեղափոխություններով ոչինչ չի փոխվում: