...Լուսիկ Ագուլեցին արժանի տեղ է գրավում ժամանակակից հայ գեղանկարչության լավագույն վարպետների շարքու


Ռոբերտ էԼԻԲԵԿՅԱՆ Շատ արվեստագետներ իրենց հետաքրքիր բնորոշումներով փորձել են տալ Լուսիկ Սամվելյանի դիմանկարը, ինչպես հայտնի է` հարուստ գունային-խոհական ասելիքով, ուրույն դիմակերտվածքով հայուհին կարողացել է իր վրձնարվեստում բացահայտել ծննդավայրի հարուստ գույները: Այդ բացահայտումներն իրեն բնորոշ հայկական գույներով են շաղախված: 1974 թ.-ից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ Լուսիկ Ագուլեցին իր բեղմնավոր կյանքի ընթացքում ունեցել է անհատական ու խմբակային բազմաթիվ ցուցահանդեսներ թե° Հայաստանում, թե° արտերկրում, արժանացել բազմաթիվ մրցանակների: Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի բնորոշմամբ. «Լուսիկի նկարներն առանձնահատուկ տեղ ունեն հայկական նկարչության մեջ: Օտար երկրներում կազմակերպվող հայկական նկարչության ցուցահանդեսները ես չեմ պատկերացնում առանց Սամվելյան Լուսիկի աշխատանքների: Ինձ համար նա մեր ժամանակակից նկարչության ամենավստահելի դեմքերից է, որովհետև նրա գործը շատ ինքնուրույն է, չկան սարքված, անհասկանալի և անբացատրելի պահեր: Ինչ էլ նկարի Լուսիկը` բնություն, փողոց կամ մարդ, վերածվում է գեղարվեստական գործի: Առանց խորը վերլուծելու, պիտի ասեմ, որ նա ունի իր գիծը, սամվելյանական իր գույնը, իր գեղանկարային թրթռուն մակերեսը, որոնք ինքնաբուխ են և չես շփոթում ուրիշների հետ»: -Վերադարձի անտեսանելի կամուրջ կա, որի անունը հիշողություն է: Տիկի°ն Սամվելյան, հայն իր արմատ-ակունքներից չհեռանալու, չօտարվելու փափագով ապրո՞ւմ է: - Կարծում եմ` ժողովուրդը չի կարող ապրել` անտեսելով արյան կանչը: Ցավոք, յուրաքանչյուր ժամանակաշրջան ունենում է իրեն բնորոշ անտարբերություն, անհոգություն: Ուղղակի արվեստագետը բոլոր ժամանակներում «դատապարտված» է լինել պարզ, անկեղծ: Կարծում եմ` ժողովուրդն այն հզոր ուժն է, որը կարողանում է հավաքել, ի մի բերել և սկուտեղի վրա մատուցել մեր հարստությունը: Պարզապես ժամանակակից մարդը պետք է իմանա, հասկանա ու փորձի բացահայտել սկուտեղի պարունակությունը: Եթե հստակորեն իմանա և կարողանա ժամանակին համահունչ ներկայանալ, կարծում եմ, դա ազգային ամենամեծ գաղափարախոսությունը կլինի, այսինքն` ունենալ անցյալը, պահպանել ներկայի մեջ և յուրովի մեկնաբանությամբ` տալ ապագային: Մեր ավանդույթներն իմացական են եղել: Որպես հայ նկարչուհի` կուզեմ Հայաստանում տեսնել կենցաղավարությամբ ու մշակութային արժեքներով շաղախված հայկական ընտանիքներ, որ մեր հոգևոր ամրության հիմնաբջիջներն են: Իմ նկարներում գունային խտացումները որոշակիորեն տարբերվում են մեր ժողովրդական տարազներում առկա գունային համադրություններից, որոնք շատ ավելի վառ են եղել: Դեռ մանկուց ինձ հետաքրքրել է մեր հայկական «գունային երաժշտությունը»: Պապս ու տատս եղել են երաժիշտներ: Տատս նաև զբաղվել Է ավանդական բժշկությամբ և ուսումնասիրել Է հին հայկական հարսանեկան ծիսակատարությունները: Ազգային մտածողության յուրօրինակ շաղախի մեջ եմ մեծացել: Ինձ հետաքրքրում էին մեր հին հայկական տարազները: ՉԷ որ դրանք մի առանձնահատուկ ստեղծագործություններ են: Սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել ամեն ինչ, ինչն ազգային է, շատ է հայկական: - Ասում են` քարերի տակ ննջում են դարերը, որոնք իրենց ծոցում պահած ունեն հարստություն, միայն ընտրեալք են կարողանում այդ հարստությունը վեր հանել: Տիկի°ն Լուսիկ, հայտնի է, որ Դուք ուսումնասիրում եք ոչ միայն հին հայկական տարազները, այլև արծաթյա գոտիները, զարդեղենը, կահ-կարասիները, կահույքը, դրամները... Որքա՞ն ժամանակ է, որ զբաղվում եք հավաքագրման աշխատանքներով: - 40 տարի է զբաղվում եմ ուսումնասիրություններով, իսկ 2-3 տարի է արդեն` հավաքագրման աշխատանքներով: Հաճելիորեն բարդ գործընթաց է: Դրանք համարում եմ առանձնահատուկ երևույթներ, որովհետև ոչ մի ազգ չի ունեցել այդպիսի բան: Դա նաև գոտեպնդումի, պատվի, պտղաբերության, դիրքի որոշման խորհուրդ է ունեցել իր մեջ, գաղափարապես հետաքրքիր մտածողություն: Ունեմ պատմական լուրջ արժեք ներկայացնող բազմաթիվ հավաքածուներ: Ի վերջո ջանում եմ գլորել չափազանց ծանր քարը, քանզի հարստությունը միշտ քողածածկ է եղել: Վերջին անգամ 88-ին եմ եղել հայրենի ծննդավայրում: Ձեռք բերեցի մշակութային հարստություն, նաև մտքումս անթեղեցի` կտավներում վրձնահարելու համար: Կլինի գորգ, կահ-կարասի, խոհանոցային իր, դրամ` անխոս վկաներ են մեր մշակույթի: Հետաքրքիր մտածողություն է եղել նաև պղնձագործության մեջ: Այդ կենցաղային իրերն այսօր դարձել են մշակութային արժեք ունեցող մասունքներ, որոնք իրոնց ձևով, ոճով, գունային հետաքրքիր խաղերով բարձրաճաշակ գործեր են: Շուտով լույս կտեսնի հավաքածուների մասին իմ գիրքը` «Զրույց ընթերցողիս հետ» նախաբանով: Որքան խորանում եմ ակունքները, այնքան զուլալությունն ինձ բերկրանք է պատճառում: Երբեք չպետք է շփոթել պարզությունը հասարակությունից, ազատությունը` գռեհկությունից, և այս պարզություն-ազատությունը պետք է հոգեբանություն դառնա` ազգային հոգեբանություն:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ