Պատերազմը «մերձեցրեց»


«Լրահաղորդներ` առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած` խոսքի ազատության վարկանիշային ամենամյա ցանկում 2008-ին ընդգրկվել են 173 երկրներ: Պարզվում է` խոսքի ազատության «գործերը» փայլուն են Իսլանդիայում, Լյուքսեմբուրգում և Նորվեգիայում: Նրանցից հետո ազատախոս են Բելգիան, Լատվիան, Նոր Զելանդիան ու Սլովակիան: Ըստ զեկույցի` խոսքի ազատությունը վատթարագույն վիճակում է կամ ընդհանրապես գոյություն չունի Հյուսիսային Կորեայում, Թուրքմենիայում, Մյանմայում, Կուբայում, Վիետնամում, Չինաստանում, Իրանում, Շրի-Լանկայում, Լաոսում: Ռուսաստանը 144-րդից բարձրացել է 141-րդ հորիզոնական` Մեքսիկայի ու Եթովպիայի միջև: Ինչպես զեկույցում է նշվում` Ռուսաստանից դժգոհությունը հիմնականում 2-ն է. լրագրողուհի Աննա Պոլիտկովկայայի ողբերգական մահը և այն համոզմունքը, որ ռուսական իշխանությունները, հանձին Դմ. Մեդվեդևի և Վլ. Պուտինի, խիստ հսկողություն են սահմանել երկրի ԶԼՄ-ների վրա: - Ամեն տարի ռուսաստանցի լրագրողներ զոհվում են «անհայտ» մարդասպանների գնդակներից, իսկ հետո պարզվում է, որ վերջիններս սերտ կապեր ունեն Կրեմլի հետ,- արձանագրել են «Լրագրողներն` առանց սահմանի»: Մամուլի ազատության առումով վատ չեն Ուկրաինայի գործերը. այն 87-րդ տեղում է: Իսկ ահա 2007-ին 66-րդ հորիզոնականը զբաղեցրած Վրաստանում վատթարացել է ազատախոսության վիճակը. նա իջել է 120-րդ հորիզոնական: Զեկուցողներն այս իրողությունը նախևառաջ պայմանավորում են այն հանգամանքով, որ լրագրողներին «հնարավորություն չի ընձեռվել` օբյեկտիվորեն լուսաբանելու Ռուսաստանի հետ օգոստոսյան հակամարտությունը»: