Ս.Օհանյանի այցը Կոսովո


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվելով Կոսովոյում` հանդիպեց բազմազգ դիվիզիայի հունական գումարտակի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հետ: Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի ուժերի շտաբի պետ, բրիգադի գեներալ Բերգերի, «Արևելք» բազմազգ խմբավորման հրամանատար, բրիգադի գեներալ Դեվիդ Քեյի, ինչպես նաև հունական զորախմբի հրամանատարության հետ: ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը նախարարին ներկայացրեց Կոսովոյի անկախության հռչակումից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգության իրավիճակը, վերջինիս ապահովման ուղղությամբ միջազգային ջանքերի համադրման գործընթացները, ՆԱՏՕ-ի առաքելության մարտավարական և ռազմավարական խնդիրներն ու առաջիկա կանխատեսումները: Իսկ ԱՄՆ ղեկավարության ներքո գործող «Արևելք» խմբավորման, նաև Կոսովոյում հունական զորախմբի հրամանատարները բարձր գնահատեցին հունական գումարտակի կազմում հանդես եկող հայկական վաշտի մարտական ու հոգեբանական պատրաստականությունը, կարգապահությունն ու մասնագիտական հմտությունը` այն համարելով առաքելության լավագույն ստորաբաժանումներից մեկը: Ըստ հրամանատարության, հայկական վաշտը վայելում է թե հրամանատարության և թե տեղական բնակչության վստահությունը, ինչը կարևոր է նման առաքելություններում հաջողության հասնելու համար: Ապա Ս.Օհանյանը ծանոթացավ հայ խաղաղապահների ծառայության և զորանոցային պայմաններին, իսկ համատեղ ընթրիքի ընթացքում պատասխանեց անձնակազմին հուզող տարաբնույթ հարցերին: Այնուհետև նախարարն այցելեց նաև Ուրոշևաց քաղաքում պարեկային ծառայություն իրականացնող հայկական խմբին` տեղում ծառայության առանձնահատկությունները դիտարկելու նպատակով: Այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը շնորհակալություն հայտնեց վաշտի անձնակազմին` Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզում բարձր պահելու համար, և հունական ու հայկական զորախմբերի լավագույն զինծառայողներին պարգևատրեց թանկարժեք նվերներով: Ս.թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երևան: n Այսօր ավարտվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցը Բուխարեստում, որտեղ նախարարը հանդիպել է Ռումինիայի պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի հետ: Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել նաև Ռումինիայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: