Անցած ինն ամիսներին...


Ընդհանուր գծերով ներկայացնելով 2008 թ. ինն ամիսների ընթացքում ոստիկանության կատարած աշխատանքներն ու ոստիկանության ստորաբաժանումների կողմից տարվող պայքարի արդյունավետության մասին հարցերը, երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ ՇԻՐԻՆՅԱՆՆ անդրադարձավ նաև վերջին շրջանում հասարակական մեծ հնչողություն ստացած դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննությանը: Բանախոսը հավաստիացրեց, որ հիշյալ հանցագործությունները բացահայտելուն և բոլոր մեղավորներին հայտնաբերելուն զուգահեռ, ոստիկանության ղեկավարությունը շարունակելու է հետեւողական աշխատանքը քաղաքացիների շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության եւ հարգանքի մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ: Սակայն ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում հանցավորության վիճակը եւ դրա դեմ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ու տարածքային մարմինների կողմից տարվող պայքարը ավելի շատ անուրախ մտորումների առիթ է տալիս: Գրանցված (ընդգծենք` գրանցված, զի դեպքերը չգրանցելու պրակտիկան շարունակում է կենսունակ մնալ) 6825 հանցագործությունները 315 դեպքով ավելացել են: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների շարքում աճ է արձանագրվել սպանության (51-62), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով (25-49), այդ թվում բռնաբարության եւ բռնաբարության փորձի (5-14) դեպքերով: Միեւնույն ժամանակ, նվազում է արձանագրվել սպանության փորձերով (25-23) եւ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (384-370) դեպքերով: Նվազում է արձանագրվել սեփականության դեմ կատարված ոտնձգություններում: Ի դեպ` քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակում կանանց մասնաբաժնի որոշակի աճին զուգընթաց, 8,2%-ով աճել է հանցագործություն կատարած կանանց թիվը: Հանցագործություն կատարած անձանցից 52-ը եղել են օտարերկրացիներ, ընդ որում 36-ը` ԱՊՀ երկրների քաղաքացիներ, իսկ 2-ը` քաղաքացիություն չունեցող անձինք: Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության 413 դեպքեր. 21-ով աճել են թմրամիջոցների իրացման դեպքերը£ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1199 հանցագործներ, որոնցից 18-ը հետախուզվել են սպանության, 2-ը` բռնաբարության« 15-ը` ավազակության, 7-ը` կողոպուտի, 67-ը` գողության, 52-ը` խարդախության, 40-ը` խուլիգանության, 34-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Բացի այդ, հանրապետության տարածքային մարմինների կողմից ձերբակալվել են այլ պետությունների կողմից հետախուզվող 78 հանցագործներ, իսկ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 38 քաղաքացիներ ձերբակալվել են տարբեր երկրներում եւ տեղափոխվել Հայաստան: Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ առկա դրական տեղաշարժերով հանդերձ, վթարայնությունը հանրապետությունում պահպանել է աճի միտումը: Այսպես. 2008թ. 9 ամիսների ընթացքում հանրապետության տարածքում հաշվառման է վերցվել 1587 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 285 եւ մարմնական վնասվածք ստացել 2295 մարդ: Տարբեր կարգապահական խախտումներ թույլ տալու համար կարգապահական տույժի են ենթարկվել ոստիկանության 164 ծառայողներ, այդ թվում` 12-ը զգուշացվել են պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելու մասին, 3-ի պաշտոնը եւ 4-ի կոչումը իջեցվել է մեկ աստիճանով, իսկ 12-ը ազատվել են ոստիկանությունում ծառայությունից: