ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ոստանի պահապա՞ն Ինչո՞ւ է աշխուժացել կրիմինալը


Պատճառները շատ են: Շրջանցենք այն շարժառիթները, որոնք ունեն սոցիալական արմատներ և մեկ հարվածով, մեկ օրում չես վերացնի: Գոնե վերացնենք այն պատճառները, որոնք ունեն զուտ մարդկային` ծառայողական արմատներ: Մասնավորապես` որոնք ոստիկանության և դատախազության դատապարտելի անգործության հետ են կապված, և նրանց վերադասներն էլ չեն արձագանքում այդ մասին ահազանգերին: Եթե անցած շաբաթվա գրեթե բոլոր օրերն էին արյունոտ, ապա հրապարակային ահազանգերի հադեպ ոստիկանության և դատախազության ղեկավարների անտարբերության պատճառով մեր ապրած յուրաքանչյուր օրը կարող է դառնալ արյունոտ: Հոկտեմբերի 28-ին մամուլը գրեց երկու օր առաջ տեղի ունեցած ողբերգության մասին` հոկտեմբերի 26-ին Վերոնիկա Ծառուկյանը և նրա ընկերը կացնահարել են Վերոնիկայի քրոջը` Նառա Ծառուկյանին` հարվածելով նրա գլխին: Ինչպես նշված էր լրատվամիջոցներից մեկում` «Վերոնիկա Ծառուկյանը մորից և քրոջից բնակարանի պահանջի հայցով դիմել է դատարան: Մայրը, քույրը և նրանց փաստաբան Ռուբեն Բալաբանյանը դիմել են Ավան և Նոր Նորք համայնքների ոստիկանություն և դատախազութ յուն` ներկայացնելով կացնահարողի հեռախոսային սպառնալիքները: Փաստաբանը միջնորդել էր կալանքի վերցնել քրոջն ու փեսացուին, սակայն… ասել էին` հիմքեր չկան»: Որքան հայտնի է ոստիկանությունը և դատախազությունը պարտավոր են միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կանխելու համար: Փաստորեն նրանք ունեցել են անառարկելի ապացույցներ, բայց, մեղմ ասած` անտարբեր են գտնվել իրենց պարտականությունների նկատմամբ: Արդյունքում` անպատժելիությունը նպաստել է ծանր հանցագործության կատարմանը: Պատասխանատվության կանչվե՞լ են Ավան և Նոր Նորք համայնքների ոստիկանապետը և դատախազը, որոնց գրավոր հաղորդում և ապացույցներ են ներկայացվել: Փաստորեն ոստիկանության համակարգում շարունակվում է հանցագործությունների մասին հաղորդումները չգրանցելու, չգրանցողներին հովանավորելու (պատախանատվության չենթարկելը հովանավորություն չէ՞) արատավոր պրակտիկան: Մինչդեռ ՀՀ ոստիկանության նոր պետի մուտքը կարծես հուսադրող էր. նրա հրապարակային ելույթները հագեցած էին հանցագործությունների դեմ ակտիվ, առարկայական պայքարի խոստումներով: Ավելին, դրանց նախորդել էր ՀՀ նախագահի հանձնարարականը` երկրում կարգուկանոն (մասնավորապես` երթևեկության) ստեղծելու մասին: Վարորդական իրավախախտումների դեմ պայքարը գուցեև արդյունավետ էր. կարմիր լույսը այլևս չի անտեսվում: Սակայն նախազգուշացնող որևէ լույս դեռ չի վառվում հանցագործություն կատարողների ու հանցագործությունները թաքցնողների դեմ: Նույնիսկ օրենքի պահանջով պարտադիր քննարկման ենթակա ահազանգերն ու մամուլի հրապարակումները շարունակվում են անուշադրության մատնվել: Նաև մամուլի հրապարակումների նկատմամբ խիստ զգայուն վերաբերմունք դրսևորելու մասին սկզբնական խոստումներն իր պաշտոնավարման 100-րդ օրվան նվիրված ասուլիսից հետո ոստիկանապետի անտարբեր վերաբերմունքը հղի է առավել ծանր հետևանքներով: Այդ ամենն, ի վերջո, ոմանք կարող են տեղափոխել քաղաքական հարթություն` թե տեսեք` վերևներից արդեն թույլ չեն տալիս պայքար մղել ապօրինությունների դեմ: Եթե չլինեին բարձրագոչ հայտարարությունները, խոստումները, որ պատասխանատվության կենթարկվեն բոլորը` անկախ դեմքից, դիրքից, թերևս շարունակեինք պահպանել նախկին ոստիկանապետի օրոք ունեցած վերաբերմունքը: Բայց 100 օրվա ընթացքում հրապարակային խոստումները ստիպում են հիշեցնել դրանց և դրանց չկատարման հետևանքների մասին: Ահավասիկ, «Զորավիգ» թերթը ճշգրիտ մասնագիտական գնահատականներով ծավալուն վերլուծության մեջ ներկայացրել էր նույն Ավան և Նոր Նորք համայնքների ոստիկանությունում կրկնվող գողությունների շարանի «բացահայտման» ժամանակ թույլ տրված ապօրինությունները: Պարզվեց, որ սեպտեմբերի 19-ից հետո ՀՀ ոստիկանությունը չի հասցրել ուսումնասիրել այդ հրապարակումը: Նրան չի՞ հետաքրքրում իր ենթակա կառույցներում ապօրինությունների վերացման հարցը: Ներկայացնում ենք հրապարակումներից մեկը, որի մանրամասներին ի սկզբանե ծանոթ է նաև «Ավանգարդը»: