Ռուսաստանն ամրապնդում է դիրքերը


Ղարաբաղյան հակամատության խաղաղ կարգավորման հարցով Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ. Մեվեդևի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կիրակի օրը, նոյեմբերի 2-ին Մոսկվայի արվարձանում կայացած եռակողմ (Մեդվեդև-Սարգսյան-Ալիև) հանդիպումը ջուր լցրեց առաջիկա երկու-երեք ամսում Ղարաբաղի հիմնահարցը վերջնականապես լուծվելու մասին վերջին ժամանակներում ասպարեզ նետված կանխատեսումների ու հավաստիացումների գլխին: Այդ հանդիպմանը նախորդած օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգները հաջողություն մաղթեց Ռուսաստանի նախագահի հիշյալ նախաձեռնությանը, ինչը որոշ վերլուծաբանների առիթ տվեց եզրակացնելու, թե Վաշինգտոնը տեղեկացված է, որ Ադրբեջանը կամ Հայաստանը մերժելու են հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի կողմից արվելիք առաջարկը, և Միացյալ Նահանգների բարեմաղթանքը պարզապես հեգնանք է: Ընդ որում, Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես, Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Յովանովիչը (և ոչ միայն նա) ամեն առիթով կարծիք էին հայտնում, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իրեն, և ձևաչափը փոխելու կարիք կա: Սակայն, դրա հակառակ տեսակետն էր պնդում Եվրամիությունը` շեշտելով, թե հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի հովանու ներքո: Տեսակետների այս բախումը խոսում է այն մասին, որ Հարավային Կովկասն այսօր, իրոք, հայտնվել է աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների` ԱՄՆ-ի, Եվրամիության ու Ռուսաստանի շահերի հատման կիզակետում, և նրանցից յուրաքանչյուրն աշխատում է տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործում նախաձեռնությունը իր ձեռքը վերցնելով` առաջին ջութակի դերը ստանձնել այստեղ: Այդպես էր ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակ, իսկ ներկայումս` ղարաբաղյան հակամարտության հերթն է: Հարկ է նաև նկատել, որ ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանում իր շահերից բխող քաղաքականությունն իրականացնել դաշնակցի` Թուրքիայի միջոցով: Թերևս այդ շրջանակում պետք է դիտել կովկասյան պլատֆորմ ստեղծելու մասին Անկարայի նախաձեռնությունը` Ղարաբաղի խնդրի լուծմանն օժանդակողի դերում հանդես գալու փորձերը: Ընդ որում, Մինսկի խմբի ձևաչափը փոխելու մասին կարծիք հայտնելով, Միացյալ Նահանգները խնդրո առարկա հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի դերակատարությունը ընդլայնելու նպատակ էր հետապնդում: Իմիջիայլոց, տարածաշրջանային` Սևծովյան տնտեսական համագործակցության ստեղծման գաղափարը նույնպես ամերիկյան պատվեր է, որի իրականացնողը դարձյալ Թուրքիան է: Նկատենք մի ոչ պակաս կարևոր հանգամանք. և° կովկասյան պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ Անկարայի նախաձեռնության մեջ, և° Սևծովյան տնտեսական համագործակցությունում տարածաշրջանի կարևոր երկրներից մեկը` Իրանը, բացակայում է, ինչը դարձյալ օվկիանոսի արևմտյան ափից եկող պատվեր է: Ինչևէ: Նոյեմբերի 2-ին ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեց: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը պահպանեց նախաձեռնող-առաջատարի դիրքերը: ՌԴ միջնորդությամբ 1994-ին ծնվեց հրադադարի մասին փաստաթուղթը, որի տակ կա նաև ԼՂՀ պաշտպանության նախարարի ստորագրությունը, ինչը ԼՂՀ ոչ միայն փաստացի, այլ նաև դը յուրե գոյության վկայությունն է: 2008 թ. նոյեմբերի 2-ին ստորագրված եռակողմ հռչակագիրը, ըստ էության, իրավական առումով անշրջելի է դարձնում հակամարտության խաղաղ, մադրիդային սկզբունքներով և Մինսկի խմբի հովանու ներքո կարգավորումը: Արդյունքում Ռուսաստանն ամրապնդեց հարավկովկասյան տարածաշրջանում իր ազդեցությունը` հող նախապատրաստելով նաև էներգակիրներով հարուստ ողջ Մերձավոր Արևելքում ծավալվելու համար:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ