Անբարո երազ


Ծայրահեղ ընդդիմադիր շրջանակները անցյալ շաբաթ շրջանառության մեջ դրին Արցախյան հակամարտության «շուտափույթ կարգավորման» և բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերի իբրև թե «չափազանց թույլ լինելու» վարկածները: Որպես «ապացույց»` մատնանշվում էր այդ գործընթացում ռուսական կողմի աննախադեպ ակտիվացումը, Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից նոյեմբերի 2-ին Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցներին Մոսկվայում եռակողմ հանդիպման հրավիրելը: Իբր` այդ հրավերն արվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը շրջանցելով, ինչը կարող է հանգեցնել Խմբից Միացյալ Նահանգների դուրս գալուն և դրանով իսկ` այդ խմբի փլուզմանը: Իսկ հակամարտության վերջնական կարգավորումն իր ձեռքը վերցրած Ռուսաստանը, որի հետ «Ադրբեջանը վերջին երկու տարում հասցրել է ռազմավարական դաշնակից դառնալ», իբր, Հայաստանին այնպիսի լուծումներ է պարտադրելու, որ Նախագահ Սերժ Սարգսյանը կամ չի կարող դրանք ընդունել և հրաժարական կտա, կամ կհամաձայնի «դավաճանության» և ժողովրդական զայրույթի փոթորիկը նրան ուղղակի «կքշի»: Իրականում վիճակն ամենևին էլ այդպիսին չէր: Նոյեմբերի 2-ին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Մոսկվայում, Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ իրենց հանդիպման ընթացքում ստորագրեցին մի հռչակագիր, ուր գոնե արտաքուստ տագնապահարույց ոչինչ չկար: Նրանում ընդգծված է, որ բանակցային գործընթացը մնում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում, ընթանում է նրա եռանախագահների մասնակցությամբ և նրանց մշակած «Մադրիդյան սկզբունքներ»-ով: Կողմերը, հետպատերազմյան շրջանում առաջին անգամ նման համատեղ փաստաթուղթ ստորագրելով (ինչն արդեն իսկ մեծ առաջընթաց էր), պատրաստակամություն հայտնեցին նույն ձևաչափով շարունակելու խաղաղ բանակցությունները: Դա շատ լավ էր, որովհետև Արցախյան հակամարտությունը կարող է խաղաղ լուծվել միայն և միմիայն շահագրգիռ բոլոր կողմերի լիակատար համաձայնության դեպքում: Ընդսմին, «շահագրգիռ կողմ» ասելով պետք է հասկանալ ոչ միայն Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու Ադրբեջանը, այլև ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա եռանախագահ երկրները` Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը: ԵԱՀԿ Մինսկի խումբն այն քաղաքական հարթակն է, որտեղ հավասարակշռվում են մեր տարածաշրջանում իրենց աշխարհաքաղաքական նպատակները հետամտող հզորների շահերը: Մեկի շահերի գերակայումն անմիջապես կխախտի այդ հավասարակշռությունը, ուստի մյուսներն ամեն կերպ կխանգարեն հարցի լուծմանը: Ահա ինչու° է բանակցային գործընթացն այսքան դժվարին, այսքան անդյուրաշարժ: Երկար տարիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները համբերատարորեն աշխատել են այդպիսի փաստաթղթի մշակման վրա: 2007 թվականին նրանք, կարծես թե, հասել են այն սկզբունքների վերջնական ձևակերպմանը, որը Մադրիդում ներկայացրին հակամարտող կողմերին: Մինչև Մոսկվա մեկնելը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, վերջապես, փոքր ինչ բացեց գաղտնիության շղարշը և հայտարարեց, որ այժմ բանակցություններն ընթանում են Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հոդվածների շրջանակներում: Դրանցից մեկը բացառում է ուժի կիրառումը, ինչպես նաև ուժի կիրառման սպառնալիքը, մյուսը ելնում է պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքից, երրորդը նախատեսում է ազգերի ինքնորոշման իրավունքի հարգում: Ըստ ամենայնի` ուժի կիրառումից և դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելը կարող է իրականացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև միմյանց վրա չհարձակվելու պայմանագիր ստորագրելով: Ընդսմին, Ադրբեջանի պարագայում չհարձակվելը և ուժի կիրառմամբ չսպառնալը պետք է ներառի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա չհարձակվելու միջազգային պարտավորություն: Որովհետև Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, և ինքնըստինքյան հասկանալի է, որ վերջինիս վրա հարձակումը նշանակելու է հարձակում նաև Հայաստանի վրա: Բայց դա բավարար չէ: Չհարձակման պայմանագիրը անպայման պետք է ունենա նաև միջազգային երաշխավորներ, այսինքն` պիտի լինեն միջազգային խաղաղարար ուժեր, որոնք պիտի տեղակայվեն հակամարտության գոտու ամբողջ երկայնքով: Հետևաբար, շատ լուրջ քննարկում է պահանջում նաև այն հարցը, թե ո՞ր երկրները, ի՞նչ համամասնությամբ, ու՞մ ֆինանսավորմամբ պետք է իրենց զինուժը մտցնեն հակամարտության գոտի: Սակայն դա նույնպես բավարար չէ: Միջազգային խաղաղարարները չեն կարող հավերժ մնալ հակամարտության գոտում: Վաղ թե ուշ նրանք կհեռանան, և այդժամ դարձյալ կսրվի ԼՂՀ անվտանգության հարցը: Ուստի Հայաստանը միանգամայն հիմնավորված կերպով պնդում է մայր Հայրենիքի և Արցախի միջև ցամաքային կապի անհրաժեշտութ յունը: Եվ դա ըմբռնում է գտնում միջազգային հանրության կողմից: Այս տեսակ համաձայնագրերի ստորագրումը միանգամից լուծում է նաև Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման խնդիրը: Այդ սկզբունքը վերաբերում է միջպետական հարաբերություններին, նպատակ ունի բացառել մեկ պետության կողմից մյուսի տարածքի նկատմամբ որևէ ոտնձգություն, որևէ բռնազավթում: Իսկ ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքը վերաբերում է ներպետական հարաբերություններին, կարգավորում է հանգամանքների բերումով տվյալ պետության մեջ հայտնված ազգային փոքրամասնության և գերիշխող ազգի հարաբերությունները, լուծում է նրանց միջև ծագած հակասությունները: Երբ այդ հակասությունները դառնում են անհաղթահարելի, ինչպես Ադրբեջանի և Արցախի պարագայում է, միջազգային իրավունքը նախատեսում է տվյալ ազգային փոքրամասնության ինքնորոշման հանրաքվե` ընդհուպ մինչև գերիշխող պետության կազմից տվյալ ազգային փոքրամասնության դուրս գալը, լիակատար անջատումը: Այդ կերպ միջազգային իրավունքը պետություններին ուղղակի պարտադրում է ստեղծել այնպիսի ժողովրդավարություն, ազգային փոքրամասնությունների համար ապահովել այնպիսի իրավահավասար պայմաններ, որ նրանք հարկադրված չլինեն հարց բարձրացնել այդ պետությունների կազմերից դուրս գալու մասին: Անտարակույս, ազգային փոքրամասնության դուրս գալը փոփոխում է պետության տարածքային ամբողջականությունը: Բայց դա արդեն տվյալ բռնակալական պետության մեղքն է, ուստի և` միջազգայնորեն ընդունելի: Ադրբեջանական ժողովուրդը, որքան էլ չեմ ուզում այդ ժողովրդին վիրավորել, դեռ քաղաքակրթական այնպիսի բարձր մակարդակի չի հասել, որպեսզի հասկանա, թե ինչ ահռելի անբարոյականություն է որևէ ազգային փոքրամասնության բռնի կերպով իր ենթակայության տակ պահելը: Էլ չեմ խոսում այդ փոքրամասնությանը ոչնչացնելու, նրան իր բնօրրանից դուրս մղելու քարեդարյան բարբարոսության մասին: Սեփական ժողովրդին միջազգային իրավունքի այս տարրական պահանջները բացատրելու, նրան քաղաքակրթելու փոխարեն` Ադրբեջանի պետական ու քաղաքական ընտրանին էժանագին հայրենասիրություն է խաղում, անվերջ բորբոքում է սեփական ժողովրդի բնազդները, ներշնչում ատելություն ամեն հայկականի նկատմամբ, համառորեն հրաժարվում է Հայաստանի հետ որևէ համագործակցությունից, դրան դրդում նույնիսկ իր ավագ եղբայր Թուրքիային: Եթե նոյեմբերի 2-ի Սարգսյան-Ալիև-Մեդվեդև մոսկովյան հանդիպումից հետո Բաքվից պարբերաբար հնչող թշնամանքի ու ռևանշի քարոզչությունը դադարի կամ գոնե նվազի` կարելի կլինի ենթադրել, թե խաղաղ համաձայնության կայացումն արդեն սարերի ետևում չէ: Քանի դեռ այդպիսի նախանշաններ չկան, բանակցային գործընթացում Հայաստանի նախագահի «շուտափույթ» ձախողում և պաշտոնից այս կամ այն կերպ «հեռացում» կանխատեսելը առայժմ ընդամենը…կուտ տեսնող հավի երազ է: Ընդորում` քանի որ պարունակում է սեփական երկրի ձախողման բաղձանք, ապա դա նաև անբարո° երազ է…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ