Հա՞ որ...


ԵՐԿՐԻ թիվ 1 ֆինանսական փաստաթղթի` հաջորդ տարվա բյուջեի խորհրդարանական քննարկումները մի շարք հետաքրքիր բացահայտումներով են ուղեկցվում: Եվ մինչ առաջիկա տարեսկզբից հանրությունն ու հայրենի կառավարությունը նախանշվող գործընթացների ականատեսն ու մասնակիցը կդառնան, քննարկենք մեզ ու մեր երկրին սպասվող իրադարձություններից մի քանիսը: ՎԵՐՋԻՆ տարիներին փոշեխառն շինհրապարակի վերածված Երևանում թե այլուր շինարարության առկա ծավալները, ըստ նոր ֆինանսական փաստաթղթի, նվազելու են: Ընդ որում, սա այն դեպքն է, երբ այս ամենի կանխատեսելիությունն ակնհայտ էր: Հարցին որ տեսանկյունից էլ նայենք, անվիճելի է, որ անհնար էր, ասենք, ողջ մայրաքաղաքը շարունակաբար նորոգել ու վերանորոգել: Այստեղ նույնիսկ մեզ անվերջանալիորեն չէր կարող օգնել մեր այն հնագույն սովորության նորացված կիրառումը, համաձայն որի` դեռ էն գլխից շինարար մեր ժողովուրդը այնուամենայնիվ սիրում է տվյալ գործը կիսատ-պռատ անել, որպեսզի անելիք միշտ լինի: Շինարարության ծավալների անկումն անշուշտ չի ենթադրում, թե, ասենք, համատարած ասֆալտապատումն այնքան բարձր որակով է իրականացվում, որ առնվազն մի տասը տարի «ձեռք չտալու» երաշխիքներ արդեն կան: Չէ՞ որ միշտ էլ կարելի է գործն ավարտելուց անմիջապես հետո ինչ-որ ջրագիծ կամ էլ գազի խողովակ անցկացնելու պատրվակով դեռևս տարածքում գտնվող շինտեխնիկան նորից գործի գցել: Այսպես եղել է բոլոր ժամանակներում: Իսկ ինչ վերաբերում է եկող տարվան, ապա ըստ երևույթին խոսքն ավելի շատ էլիտարա-շինարարության ծավալների կրճատման մասին է: Համաձայնենք, որ սրանց նվազող պահանջարկը վաղուց էր նկատելի, ու ցանկացած գործարար, պարզ է, որ գումարներ (այն էլ նման անհաշվելի չափերի) չի ներդնի այնտեղ, որտեղից սպասվող եկամուտներին ինքը կամ շատ երկար պիտի սպասի, կամ էլ այդ գործից եկամուտ ակնկալելու համար է°լ գինն էժանացնելով, է°լ համոզել-խնդրելով եղածը մի կերպ պետք է վաճառի: Այս իրավիճակն, անշուշտ, հաճելի չէ նաև հայրենի կառավարությանը, քանզի դժվար չէ վերհիշել, որ մերոնք ավանդաբար հպարտացել են, թե տնտեսական աճը իրականություն է դարձել մեծամասամբ շինարարության աննախադեպ ծավալների հաշվին: Հիմա, թերևս, ժամանակն է տնտաճը խթանող այլ ոլորտ զարգացնել. զորօրինակ` արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը վաղուց սպասում են իրենց հերթին: ԵՐԲ ժամանակին առավել հեռատեսներն առաջարկում էին կառուցվող շենքերը ոչ թե բնակարանների, այլ ավելի շատ արտադրական նշանակության օբյեկտների տեսքով վեր խոյացնել, ներդնող-գործարարների շրջանում դա չընդունվեց: Մերոնք այսրոպեական շահույթն են նախընտրում` ներդրած գումարների արագ շրջանառությամբ և հեռահար ծրագրերը, որքան էլ խոստումնալից լինեն, նրանց քիչ են հետաքրքրում: Հիմա էլ, երբ արդեն մի քանի շաբաթ հետո նախատոնական դարձած Երևանը հեղեղվի հազար ու մի տեղից ներկրված ամենատարբեր ապրանքներով, մեր գործարարներից ոմանք (դարձյալ` ոչ բոլորը) հայկական ավանդական լավատեսությամբ «հանկարծ» հայտնաբերելու են, որ դրանց արտադրությունը տեղում կազմակերպելն էլ էր վաղուց հնարավոր: Ու հաշվել-հաշվարկելուց հետո պարզվելու է, որ եթե հայրենի գործարարներն էլ ժամանակին փողի արագ շրջանառությամբ չգայթակղվեին, հիմա ավելի հիմնավոր ու շարունակական եկամտի աղբյուրներ ստեղծած կլինեին: Աշխատատեղերի ու վճարվելիք հարկերի մասին էլ չենք խոսում… Բայց, ինչպես ասում են, հայի վերջին խելքի ամենազոր «գործոնը» երբեք չպետք է անտեսել, ու, ով գիտե, միգուցե բիզնեսի չսերտված դասերը մերոնց, թեկուզ ուշացումով, բայց հենց այսօրվանի՞ց արդեն հուշի` ավելի հեռատես բիզնես- քաղաքականություն վարել: ԹԵԿՈՒԶԵՎ ուշացումով ինքնավերադաստիարկվելը երբեք էլ ուշացած չի° լինում: Բայց սխալները կամ բյուջետային անիմաստ հատկացումները ինչպես նախորդող, այնպես էլ եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում դարձյալ քիչ չեն: Ուստիև օրինաչափ զարմանքով ու օրինական զայրույթով ընդունվեց այն ահռելի հատկացման նախահաշիվը, որով երկրիս գլխավոր դրամատունը 2009-ի 365 օրերին օճառ ու զուգարանի թուղթ պետք է գնի: Անշուշտ կեղտոտ փողեր եթե ԿԲ-ում շատ կան, ապա դրանք հաստատ օճառով չեն լվացվելու: Ինչ վերաբերում է զուգարանի թղթին, ապա Լոռու մարզը պատուհասած ինֆեկցիոն հիվանդությունները, եթե Աստված մի արասցե նույնիսկ ԿԲ հասնեն, ապա աշխատակազմի վարակազերծումը հաստատ զուգարանի թղթով չէ, որ պետք է կատարվի: Մնում է հուսալ, որ բյուջետային քննարկումների հորձանուտը մտած խորհրդարանականները կնկատեն ու կվերացնեն նման անհեթեթությունները: