«ՈՎ «ՍԱՂ» ՄՆԱ, ՆԱ ԷԼ ԿՀԱՂԹԻ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ-2


Թվում էր, թե համայնքապետական բազմափորձ կենսագրությունը կօգնի ասենք Ստեփանավանի քաղաքապետին` իր իսկ սեփականությունը հանդիսացող ռեստորանային համալիրում ծագած վիճաբանությունը անարյուն վերջաբանով եզրափակելու: Բայց արի ու տես, որ տեղական հեղինակություն հորջորջվող Քոթոն փաստորեն ոչ միայն չի փորձել արյունահեղությունից խուսափել, այլ, ըստ նախնական վարկածների, ծեծկռտուքի հիմնական հրահրողն ու մասնակիցն է դարձել: Այս պատմությունն անշուշտ կարելի էր մեզ ծանոթ օրինաչափությունների (՞) շրջանակից դուրս համարել, եթե Ստեփանավանը ՏԻՄ ընտրությունների շղթայի օղակներից մեկը չլիներ, առանձնանար կամ էլ տեղի ունեցածը այս ընտրաշրջանի միակ խոցը լիներ: Բայց Լոռու մարզում տեղի ունեցածը միայն դեպքի արտաքին նկարագրությամբ չի ավարտվում… Դանակահարությունն ու կրակոցներն, իհարկե, դեռևս նախընտրական շրջանում սկիզբ առած զարգացումների ամբողջական ժայթքումն էին, խեղված բարքերի անառողջ դրսևորումների գագաթնակետը: Սակայն այս ամենը հընթացս մի շատ ժամանակակից «տեխնոլոգիա» է քողազերծում, որն այս ընտրություններում կիրառվեց գրեթե ամբողջ հանրապետությունում: Հետընտրական կադրային ջարդը կամ դրա սպառնալիքը օրախնդիր դարձավ ամենուր և հատկապես այնտեղ, որտեղ գործող համայնքապետերը վերընտրվեցին, ու դա տեղի ունեցավ մեծամասամբ սեփական վարչական լծակները հնարավորության սահմաններում գործի դնելու շնորհիվ: Ասել է թե` վատ աշխատող համայնքապետը, ում ապաշնորհության հետևանքով համայնքային բյուջեն աղքատիկ է, մի 25-30 հազար դրամ վաստակող գրադարանավարուհու կամ մանկապարտեզի դայակի վատթար սոցիալական վիճակից օգտվելով` վերջինիս քվեն կորզեց: Համայնաքապետացուները լավ էին յուրացրել այն պարզունակ հաշվարկը, որը սպառնալիքով շաղախելով` ներկայացնում էին, թե եթե իրենց փոխարեն համայնքապետի պաշտոնում ուրիշ մեկն ընտրվի, ուրեմն տեղական բյուջեից սնվող այդ մի քանի հաստիքներում շատ արագ նոր մարդիկ են նշանակվելու… Այսօր, երբ ընտրություններն ավարտվել են, եկել է հետընտրական հաշվեհարդարների ժամանակը: Ընդ որում, աշխատանքից ազատվում են նաև նրանք, ովքեր ամենանվիրված կամակատարի նման (հաճախ նաև աշխատանքից չզրկվելու շահագրգռվածությամբ) ինքնամոռաց նվիրվել ու հնարավորն արել են` տվյալ իշխանիկի հաղթանակն ապահովելու համար: Նախընտրական հարայ-հրոցը թերևս այդչափ ընդգծված, իսկ հետևանքներն էլ անցանկալի չլինեին, եթե նախկինի նման ամեն ինչ հնարավոր լիներ «քվեատուփերի շրջակայքում» որոշել: Բայց ըստ երևույթին լցոնումների, այլևայլ ընտրական զեղծարարությունների ժամանակներն անցյալում են մնացել: Ներկայումս ընտրողի նախասիրությունները կամովին, թե ստիպողաբար արդեն նախքան տեղամաս հասնելը այսպես կոչված քարոզչության շրջանում են ձևավորվում: Ահա թե ինչու է աննկարագրելիորեն կարևորվել քվեի արժեքը. այն քվեի, որը ոչ թե միանգամից-տրցակներով Է հայտնվում քվեատուփում, այլ հատիկ-հատիկ է ձեռք բերվում (առայժմ, սակայն, հաճախ ոչ այնքան ազնիվ ճանապարհներով): Անցել են նաև համատարած ասֆալտապատումների, ալյուր-բրնձի տեսքով ողորմությունների ժամանակները: Ու հենց այս ամենի հետևանքով էլ այս անգամ ՏԻՄ ընտրությունները նշանավորվեցին կենաց-մահու պայքարով, ինչու չէ` նաև ընտրողների աննախադեպ ակտիվ մասնակցությամբ: