Միամիտ մտքերի տեսականի 


 

*Օրենքը գրվում է խախտելու և բացառություններ անելու համար:

*Չգրված օրենքներն ավելի գործուն են:

*Նույնիսկ խախտվող օրենքը դարձյալ օրենք է մնում:

*Օրենք` այս ի՞նչ օրի ենք:

*Կարևորը ստեր հորինելն է. ոչինչ` որ չեն հավատա:

*Սուտն առաջինն է հասնում հրապարակ:

*Երբեմն ճշմարտությունը տեղ է հասնում ստի օգնությամբ:

*Ուրիշներից պահանջում է ճիշտ խոսել, որ ինքը չկրկնի նրանց ստերը:

*Ստի ոտքերը կարճ են, քիթը` երկար:

*Ճիշտ խոսողի գրպանը ծակ է:

*Ճշմարտությունն ասելու համար խելոք կամ հիմար լինելը մեկ է. երկու դեպքում էլ բանի տեղ դնող չկա:

*Փորը կուշտ է, աչքը` սոված:

*Դեմ է կաշառքին, բայց երբ առաջարկում են` ամաչում է մերժել:

*Կարևոր խնդիրը խնդիր չունենալն է:

*Երբ խոսել սովորեց, լսելը թարգեց:

*Անձրևն ու քամին նրան չեն վախեցնում, որովհետև ինքն է եղանակ ստեղծողը:

*Ուրիշի թերությունները գլխից վերև է բարձրացնում, որ ինքը մնա ստվերի տակ:

*Միայն փառքի մեջ խեղդվելն է հաճելի:

*Գիտունը սովորում է, անգետը` ապրում:

*Շատերի համար սողալը թռիչքի նախանշան է:

*Դատարկ խոսքը հաճախ ավելի մեծ կշիռ է ունենում:

*Ով հավատում է` նրան էլ խաբում են:

*Նա միայն խոսող է. լսող է փնտրում:

*Մարդու տեղ դրեցին` դարձավ անմարդկային:

*Շատախոսը ծուլանում է լռել:

*Հիմար մտքերն ավելի շուտ են իրականություն դառնում:

*Ոմանք մտածելու ժամանակ չունեն. ավելի կարևոր գործեր ունեն:

*Ուրիշի մասին լավ բան էր ուզում ասել, իր մասին ստացվեց:

Գուրգեն ԼՈՌԵՑԻ