Հեռախոսագող աղվեսը 


 

Գուցե ուրիշ երկրների գազաններին ևս գայթակղում է նորագույն տեխնիկան, բայց այս միջադեպի հերոս աղվեսը Նորվեգիայի անտառաբնակ է:

Օրեր առաջ 16-ամյա Լարս Բյերկն ընկերոջ հետ անտառ է գնացել` փորձարկելու նոր սմաթֆոնը: Արտադրողները հուշել էին, որ հեռախոսն այնպիսի ձայներ է արձակում, որոնք հրապուրում են վայրի գազաններին: Եվ իսկապես, շուտով դպրոցականներին է մոտեցել ջահելիկ մի աղվես. մի քիչ պտտվել է գետնին դրված խոսափողի շուրջը, հետո ճանկել է այն ու ճողոպրել դեպի թավուտ: Այդ ամենը տեսագրել են տղաները, որ զգուշանալով թաքնվել էին:

Քիչ անց Լարսը հավաքել է իր հեռախոսահամարը` հուսալով, որ աղվեսն այն նետած կլինի և որևէ մի մարդ այն կգտնի ու կպատասխանի իր զանգերին: Եվ...

- Ինչ-որ մեկը միացրեց լսափողը, բայց ես միայն տարօրինակ փնչփնչոց ու աղմուկ էի լսում: Հավանաբար նա պատահաբար սեղմել էր կոճակը,- պատմել է Լարսը:

Բայց գող շեկլիկը չի բավարարվել միայն զանգին «պատասխանելով»: Քիչ հետո Բյերկը հեռախոսագիր (SMS) է ստանում: Տղան ուրախանում է` մտածելով, թե ինչ-որ մեկը գտել է իր հեռախոսն ու «մաղարիչ» է պահանջում: Բայց «նամակում» անվերծանելի ինչ-որ տառեր էին:

- Այնտեղ գրված էր I FRY o oOΖb 34348u ΖΖugjoi zolboΗosdji jsog igio sjiw: Հավանաբար նա ցանկացել է մեզ ինչ-որ բան ասել,- ծիծաղելով պատմել է նոր հեռախոսից հույսը կտրած տղան:

Ճիշտ էլ արել է, որ հույսը կտրել է. աղվեսիկին ոնց որ թե շատ է դուր եկել հեռախոսը: