Մսավաճառի որոգայթում 


 

Ամանորը, ինչպես ասում են, յոթ սարի հետևում չէ, և մեր կյանքի ամենատարբեր բնագավառներում ամեն մարդ յուրովի է պատրաստվում դիմավորելու այդ թեկուզ և հոգսաշատ, բայց հաճելի ու կարևոր իրադարձությունը: Ցավոք` ոչ միշտ է բոլորին հաջողվում պատվով հաղթահարել դեպի տոնը տանող մանրումեծ արգելքները, որովհետև, ինչպես սովորաբար լինում է` մեկ էլ տեսար հայտնվում է մեկը և իր արարքներով փչացնում մարդկանց ուրախ տրամադրությունն ու ակնկալիքները: Այդ են վկայում օրերս ոստիկանության Կոտայքի բաժնում արձանագրված համանման երկու դեպքերը:

Բուժական գյուղի բնակիչ Ա.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Երևան քաղաքի սուպերմարկետներից մեկի մսավաճառ, 53-ամյա Ռաֆայել Մ.-ն, չարաշահելով իր վստահությունը, որոշ ժամանակ առաջ պատվիրել է մորթել իր ցլիկը` 160 կգ կշռով` խոստանալով մեկ-երկու օրից վճարել 224.000 դրամ գումարը:

Այդ մեկ-երկու օրը վաղուց անցել է, մսավաճառի հեռախոսը` դարձել անհասանելի: Խաբված գյուղացին կարևոր գործերը թողնելով և մի քանի անգամ գնալով Երևան` այդպես էլ չի կարողացել գտնել ասես գետնի տակն անցած խաբեբային:

Նույն օրը, ոստիկանության նույն բաժնում հայտարարություն է տվել նույն գյուղի մեկ այլ բնակիչ` 74-ամյա Գ.-ն: Եվ դարձյալ բողոքը նույն խաբեբա մսավաճառի վերաբերյալ էր. Ռաֆայել Մ.-ն այս անգամ էլ մորթել էր տվել ծեր գյուղացու 80 կգ կշռով հորթը` 125.000 դրամ արժողությամբ` պայմանավորվելով երկու օրից գալ գյուղ և վճարել գումարը: Խաբված պապիկի հարցում մսավաճառը, ամենայն հավանականությամբ մյուս գյուղացիների մոտ վստահություն ձեռք բերելու համար, կիսով չափ «ազնիվ» է գտնվել` խոստացած օրը գալով, սակայն վճարելով ընդամենը գումարի մի մասը` 65.000 դրամ ու խոստանալով, որ մնացած մասն էլ կբերի մի քանի օրից: Սակայն մինչ օրս գումարը չի բերել:

Խաբեբա մսավաճառին հայտնաբերելու նպատակով ոստիկանները հետաքննություն են սկսել: Չի բացառվում, որ Ռաֆայել Մ.-ի անմարդկային և հանցավոր գործունեությունից տուժած լինեն այլ անասնատերեր ևս, ովքեր կարող են դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին: