Վեճը «հարթել էր» կացնով…


 

Լավ հարևանի մասին ասույթը հենց այնպես չի ստեղծվել, իսկ վատ հարևանի մասին ժողովուրդը ոչ մի ասացվածք չի հորինել: Բայց սա դեռ չի նշանակում, թե վատ ու անհաշտ հարևաններ չկան:

Օրերս Մասիսի կենտրոնական հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ մասում ահազանգ ստացվեց, որ գլխի վնասվածքներով և անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին:

Օպերատիվ խումբը շտապ մեկնեց հիվանդանոց: Մինչ ոստիկանների հասնելը, ծանր վնասվածքների պատճառով տուժողին արդեն տեղափոխել էին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում շուտով բացահայտվեց կնոջ` հիվանդանոցում հայտնվելու պատճառը:

Վիճաբանություն էր տեղի ունեցել և այն հանգուցալուծվել էր... կացնով:

Կարճ ժամանակում պարզվեց նաև տուժողի հետ վիճաբանողի և վնասվածքներ հասցնողի ինքնությունը: Հարևանն էր, 1957 թ. ծնված Վլադիմիր Բախշիյանը, ով րոպեներ անց հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին: Հայտնաբերվեց և առգրավվեց նաև հանցագործության գործիք կացինը: Օպերատիվ-քննչական աշխատանք ների արդյունքում չուշացավ նաև Բախշիյանի խոստովանությունն ու հստակեցվեց դեպքի ամբողջական պատկերը:

Բախշիյանը տուժողի հետ երկար ժամանակ նույն շենքում էր ապրում: Դրկից էին, բայց բոլորովին էլ ոչ այնպիսի հարևան, որ բարեկամից լավ է: Ընդհանուր լեզու այդպես էլ չէին գտնում և անդադար վիճում էին: Դադար չէին առել նաև այդ չարաբաստիկ օրը, բայց այս անգամ մեջտեղ էր եկել կացինը:

Ըստ Բախշիյանի` հերթական վիճաբանության ժամանակ նյարդերը տեղի էին տվել, և որոշել էր մեկընդմիշտ վերջ դնել վեճերին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ մեղադրանքը` սպանության փորձ: Վլադիմիր Բախշիյանը կալանավորված է, կատարվում է նախաքննություն: