ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ 


 

Մայրաքաղաքի կայարանամերձ հրապարակում արդեն շա˜տ երկար տարիներ կանգնած է մի կիսակառույց շենք, որը պետք է լիներ հյուրանոց: Այն սկսեցին կառուցել տակավին 1980-ականների կեսերին` քանդելով նույն վայրում գտնվող «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը: Որոշվեց նույնանուն հյուրանոց ունենալ, որի պահանջը մայրաքաղաքը զգում էր. մանավանդ որ մեծ թվով մարդիկ էին ժամանում մեր երկիր, անհրաժեշտ էր նաև պայմաններ ստեղծել այն ուղևորների համար, ովքեր կայարան էին ժամանում գիշերվա ժամերին:

Անկախության հռչակումից հետո այս շենքին տեր դարձավ ՀՀՇ առաջնորդներից մեկը. եթե չենք սխալվում` Շահեն Պետրոսյանը: Տարիներ շարունակ նա որևէ ներդրում չկատարեց, չուզեց փրկել անձրևներից ու ձյունից օրավուր քայքայվող շենքը: Այս ընթացքում կարելի էր ունենալ և´ հոյաշեն հյուրանոց, և´ մշակութային որևէ օջախ...

Օրերս վերջապես մայրաքաղաքի իշխանությունները վճռական հայտարարություն արեցին, որ այս շենքը քանդվելու է: Քանդման աշխատանքները տևելու են մոտ 9 ամիս: Ինչպես տեղեկացրեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` հնարավոր է, որ այստեղ կառուցվի կինոթատրոն: Իհարկե, այս հայտարարությունը վճռական չէր, ինչն էլ չի բացառում, որ կարող է մի օր փոխվել որոշումն, ու այստեղ հայտնվի հերթական էլիտարը: Սակայն կինոթատրոնի կառուցման գաղափարն իսկապես պիտի պաշտպանել, որովհետև այսօր Էրեբունին, կայարանամերձ հատվածը զրկված են որևէ մշակութային օջախից: Երկաթուղայինների մշակույթի պալատը շատ վաղուց իր նպատակին չի ծառայում, փակվել է տարածքում ժամանակին գործունեություն ծավալած երկու կինոթատրոնը, չկան համերգային դահլիճներ: Ուրեմն, իսկապես հրաշալի առիթ է` մայրաքաղաքի մի կարևորագույն հատվածում մշակութային օջախ ունենալու, երիտասարդության հանգիստը կազմակերպելու համար: