Ամերիկացի զինվորականները` Ճապոնիայում 


 

Գուցեև ոմանց տարօրինակ թվա, բայց ամերիկյան հրամանատարներն օտար պետությունում իրենց իսկ ներկայացուցիչներին են սաստում: Արժանապատվության խնդիր է` ուրիշի տանը սանձարձակություններ թույլ չտալ:

Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ-ի զինվորական զորակազմի հրամանատարությունն իրենց զինծառայողներին արգելել է բազաների սահմանը միայնակ դուրս գալ: Նրանք կարող են դուրս գալ միայն մեկ զինակցի կամ ազգականի ուղեկցությամբ: Հավելումն` ուժի մեջ է մնում նաև պարետային ժամը` 23.00-ից մինչև առավոտյան 5.00-ն, որի ընթացքում արգելված է ոգելից օգտագործել (հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Այս սահմանափակումները նպատակ ունեն կանխել նոր միջադեպերը` ամերիկյան զինվորականների մասնակցությամբ, ինչը վերջին շրջանում կրկնվում է պարբերաբար: Հոկտեմբերի կեսերին, օրինակ, զինվորական 2 նավաստի ձերբակալվել էին հարավային Օկինավա կղզում` տեղացի մի կնոջ բռնաբարելու և թալանելու պատճառով: Դրանից հետո ԱՄՆ-ի զինհրամանատարությունը Ճապոնիայում ծառայող իր զինվորականների համար պարետային ժամ սահմանեց` պատմության մեջ առաջին անգամ:

Նշված միջադեպից շատ չանցած` նոյեմբերի սկզբին, մեկ այլ նավաստի-հետևակային հարբած` մի բարում տուրուդմփոց էր սարքել, հետո ներխուժել հարևան շենքի բնակարան ու ծեծել 13 տարեկան երեխայի: Պարետային ժամը խախտելու ուրիշ միջադեպեր էլ են արձանագրվել:

Ճապոնիայում տեղակայված է ամերիկյան 40 հազարանոց զորակազմ, որոնց մեծ մասը` Օկինավայում: Կզղու իշխանությունները կենտրոնական Տոկիոյից պահանջել են ընդլայնել ճապոնական ոստիկանության լիազորությունները և վերանայել իրենց երկրում Միացյալ Նահանգների զորքերի կարգավիճակը: