ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ

Այն էլ` գրանտային


 

ՀՀ Արդարադատության նախարարությունը վերջերս սկսել է պատժամիջոցներ կիրառել այն հիմնադրամների նկատմամբ, որոնք վաղուց ի վեր դադարեցրած լինելով իրենց գործունեությունը` չեն ներկայացրել «զրոյական» հաշվետվություններ: Նախարարությունում չեն ժխտում, որ հիմնադրամների լուծարմամբ պիտի զբաղվեն հիմնադիրները, բայց իրենք «փող են պոկում» խեղճուկրակ հիմնադրամներից, որոնք բանկային հաշիվներ և գործունեություն չունենալով` պարտավոր են ապահովել նախարարության երիտասարդ ու շփացած չինովնիկների պահանջները:

Դե, բյուջեն լցնելու, սեփական եկամուտներն ավելացնելու խնդիր կա: Բայց ահա նույն այս նախարարությունը չի զբաղվում մի կարևորագույն խնդրով. ի՞նչ գործառույթներ են իրականացնում Հայաստանում գրանցված ավելի քան 2500 հասարակական կազմակերպությունները, արդյո՞ք նրանց գործունեությունը համապատասխանում է այն կանոնադրութ յուններին, որոնք գրանցված են այս նախարարությունում: Եթե նախարարության գոնե մեկ չինովնիկ մտածեր այս մասին, ապա կտեսներ, որ մի շարք գրանտակեր կազմակերպութ յուններ զբաղված են հանրային բարոյականության աղճատմամբ, ապաբարոյական գաղափարների տարածմամբ, մարմնավաճառության և արտամուսնական կապերի քաջալերմամբ...

Նման կազմակերպությունների թվին է պատկանում նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն» կառույցը, որի գործունեության թափանցիկության ու հստակ արտահայտված գործառույթների մասին ոչ ոք ոչինչ չգիտի: Ի՞նչ նպատակներ է հետապնդում այս կազմակերպությունը, ի՞նչ շահերով է առաջնորդվում: Այս հ/կ-ն հանդես եկավ միասեռականների պաշտպանությամբ` այսպես կանանց խնդիրներն ու միասեռականների շահերը դնելով մեկ հարթության վրա: Պարզ է, որ շրջանցելով իր գործառույթները, այս կազմակերպությունը համապատասխան գրանտ էր ստացել, ինչն էլ շլացրել էր «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչներին: Այս հ/կ-ն նաև կազմակերպեց ակցիաներ «կարմիր խնձորի», կանանց սեռական ազատության «թեմաներով»` բացահայտորեն ջատագովելով մարմնավաճառությունը` «իմ մարմինն է, ինչ ուզեմ կանեմ» համոզմունքով:

Հրապարակային ակցիաները, որոնք նախաձեռնում է այս կազմակերպությունը, որևէ աղերս չունեն քաղաքացիական հասարակության հետ. դրանք կազմաքանդում են հայ ընտանիքները, քարոզում անբարոյականությունը` երբեք պատասխան չտալով այս ամենի համար: Հասկանալի է, որ նրանց թիկունքին կանգնած են հզոր գրանտատու կառույցներ, որոնք իրենց շահերն ունեն:

Ռուսաստանում օրենք է ընդունվել, որով արտասահմանյան գրանտներից օգտվող մի շարք կազմակերպություններ համարվում են օրենքից դուրս, նրանց նույնացրել են արտասահմանյան գործակալների հետ: Իսկ ահա մեզանում գրանտներ ստանալն ու դրանց հաշվին պետության շահերի դեմ ելնելը դարձել է շատ սովորական և նույնիսկ ընդունելի գործելակերպ: Հիշենք, թե ինչպես էր վերջերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հեռուստատեսությամբ խոստովանում, որ այլևս գրանտներ չի ստանալու, որպեսզի ավելորդ պարտավորվածություններ չունենա:

Գիտենք, որ որոշ գրանտներ է ստանում նաև Արդարադատության նախարարությունը, ու, թերևս, սրանով է պայմանավորված այն հանդուրժողականությունը, որը դրսևորվում է գերատեսչության կողմից: Չենք ուզում ասել, որ շատ գրանտներ փոշիացվում են, որ հանցավոր պայմանավորվածություններ կան որոշ հ/կ-ների և նախարարության մի խումբ աշխատակիցների միջև: Չենք ասում, որովհետև դրանք հիմնավորել և ապացուցել է պետք: Սակայն ինչպե՞ս վարվել, երբ նախարարությունը մինչև օրս որևէ հասարակական կազմակերպության չի պարտադրել սեփական գործունեության մասին հաշվետվություն ներկայացնել` ոչ թե լոկ ձևական հայտարարություններ անելով, այլև հստակորեն ցույց տալով, թե կանոնադրական ո՞ր կետով ի՞նչ է արվել: Երևի դա նախարարությանն էլ ձեռնտու չի լինի, որովհետև այս դեպքում լույս կսփռվի մի շարք «ստվերների» վրա` ապացուցելով, որ գերատեսչությունն էլ ի´ր շահերից ելնելով, միտումնաբար իրեն մատնել է անգործության... 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ