ԴԱՐՁՅԱ՞Լ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ 


 

Անցած կիրակի մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավտոշարասյունը ուղևորվել է Ախալքալաք: Ժդանովկա գյուղում մեքենան, որը վարել է անձամբ Սամվել Բալասանյանը, վրաերթի է ենթարկել գյուղի բնակիչ Ռոզա Ներսիսյանին, ով տեղում մահացել է: Վրաստանի ոստիկանությունն առայժմ կոնկրետ որևէ տեղեկություն չի տրամադրել: Հայտնի է միայն, որ Ռոզա Ներսիսյանի հուղարկավորությունը կայացել է երկուշաբթի օրը:

Տեղեկություններ կան, որ «քավության նոխազի» դերում, հնարավոր է, հանդես գա Գյումրու ներկա քաղաքապետի թիկնազորի անդամներից մեկը: Այս տեղեկությունը շրջանառ վում է Բալասանյանի մերձավոր շրջապատում: Նույն աղբյուրից հայտնի է դարձել նաև, որ Սամվել Բալասանյանը դեպքի պահին եղել է ոչ սթափ վիճակում, հարվածից հետո կորցրել է ինքնատիրապետումը և, չկարողանալով ժամանակին արգելակել մեքենան, զոհին մոտ 100 մետր քարշ է տվել: Այնուհետ Բալասանյանը դուրս է եկել մեքենայից, նստել է ուղեկցող մեքենաներից մեկը` իբրև թե ղեկին ինքը չի եղել:

Անկախ այն բանից, թե ինչ զարգացում կունենա սույն գործը, նախաքննությունն ինչպիսի վարկած կներկայացնի, վատ է, որ դարձյալ շրջանառության մեջ է դրվում Գյումրու նորանշանակ քաղաքապետի անունը: Սա արդեն հարված է նաև մեր պետականությանը, քանի որ խոսքը վերաբերում է Հայաստանի երկրորդ քաղաքի ղեկավարին, ԱԺ նախկին փոխնախագահներից մեկին: