Պուտինի հետ համատեղ


Այսպիսով, 69,07 % ձայներով, Ռուսաստանի նոր նախագահ ընտրված է համարվում Դմիտրի Մեդվեդևը: Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, իր նախընտրական շտաբում Մեդվեդևն ասել է, որ մտադիր է մինչ երդմնակալության արարողությունը զբաղվել գործադիր իշխանության ձևավորմամբ. - Այդ ուղղությամբ ես աշխատելու եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի` որպես կառավարության ապագա նախագահի հետ,- մամուլի ասուլիսում ասել է նա:- Հուսով եմ, որ այդ աշխատանքի արդյունքում մենք կձևավորենք արդյունավետ աշխատունակ գործադիր իշխանություն: Վլ. Պուտինն արդեն ընտելանում է վարչապետի դերին և նախարարներին մինչև 2020 թ.-ն իրականանալիք խնդիրներ է առաջադրել: Նա պաշտոնապես, իհարկե, դեռ չի ստանձնել ՌԴ վարչապետի պաշտոնը, բայց ՌԴ նոր նախագահի ընտրության հաջորդ օրը նախարարների հետ Պուտինի խորհրդակցությունը ներկաները նմանեցրել են կառավարության նիստի: Ի դեպ` Դմիտրի Մեդվեդևը ներկա չի գտնվել այդ խորհրդակցությանը: