Հետևողականորեն տեր կանգնենք մեր արժեքներին


Եղանակային պայմանները Հայաստանի հետընտրական քաղաքական կյանքում միայն գարնանամուտով չէ, որ պայմանավորում է մեր իրականությունը: Անշուշտ, ստեղծված իրավիճակը շատ ավելի արտառոց է, քան կարելի էր ակնկալել: Այդ իրավիճակի առանձնահատկություններից մեկն էլ ՀՅԴ-ի գործելակերպի կտրուկ փոփոխություններն էին, որոնք մեր համաքաղաքա ցիներից շատերին խորհելու տեղիք տվին: Ինչ դրդապատճառաներով է հիմնավորում ՀՅԴ-ի որդեգրած դիրքորոշումը ՀՀ ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԸ: - Կտրուկ փոփոխություններ իբրև այդպիսիք, չկան: Ուղղակի մեր որդեգրած քաղաքականությունը եղել է դեռևս գործող Նախագահի հետ համագործակցության շրջանակներում: Այժմ այդ ժամանակահատվածը ավարտվել է և, բնականաբար, որոշակի ճշգրտումներ և փոփոխություններ պետք է լինեին կուսակցության գործելաոճի մեջ: Այն հայտարարությունում, որ արել է մեր կուսակցությունը, հստակ նշված էր, թե կոնկրետ ո՞ր հարցերի շուրջ ենք առաջին հերթին պատրաստվում համագործակցել որևէ քաղաքական ուժի հետ. լինի ընդդիմություն, թե իշխանություն: Դրանք գերազանցապես այն հարցերն են, որոնց մեր քաղաքական համակարգում անհրաժեշտ է առաջնահերթ լուծում տալ: Ես կարևորում եմ այն հանգամանքը, որ ընդդիմությունը տեսնի հնարավորություն, թե ինքը երբեէ կարող է գալ իշխանության` քաղաքականության նորմալ դասական սկզբունքներով: Եվ երկրորդ` ընտրությունից ընտրություն հնարավորություն ունենա վերահսկելի դարձնել իշխանության գործողությունները: Նախագահի մեր թեկնածու Վահան Հովհաննիսյանը ևս անչափ կարևորում է կառուցողական ընդդիմության գաղափարախոսությունը մեր հասարակության մեջ արմատավորելու խնդիրը: Մեր օրերում շատ հաճախ խեղաթյուրվում է գաղափարախոսությունը. եթե ունես «պորտֆել»` նշանակում է միանշանակ իշխանություն ես, եթե չունես` ընդդիմություն ես: Սա բավական գռեհկացնում է համակարգը: Մինչդեռ կառուցողական ընդդիմության մոդելին բնորոշ են հիմնարար արժեքները, որոնց հասնելու համար կարող ես և պատրաստ ես համագործակցել և° իշխանությունների, և° ընդդիմության հետ: Անդրադարձ կատարելով այսօրվա քաղաքական իրականությանը` կարող եմ փաստել, որ այդ համակարգի ձևավորման ամենալավ մեկնարկը Վահան Հովհաննիսյանի հայտարարությունն էր` հանդուրժողականության, պառակտումներից խուսափելու, արտաքին մարտահարվերները համատեղ դիմակայելու մասին: - Արդի իրավիճակում այդ խնդիրների լուծման ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում, և որքանո՞վ են դրանք իրագործելի: - Այն երեք հիմնական ուղղությունները, որոնցով կարելի է նստել բանակցությունների սեղանի շուրջ, մեր ներկայի և ապագայի` առանց ցնցումների ընթացքի ապահովումն է: Եթե մենք կարողանայինք ձևավորել այնպիսի ընտրական մեխանիզմ, որը կոնսենսուսով ընդունելի լիներ խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի համար, դա ընդդիմության համար երաշխիք կհանդիսանար ունենալ իշխանության գալու հնարավոր հարթակ: Երկրորդ կարևոր հանգամանքը իշխանության վարքագիծը ընդդիմության կ°ողմից վերահսկելի դարձնելն է: Խոսքի ազատությունը երաշխավորելու համար Վահան Հովհաննիսյանը առաջարկեց մոդել, ըստ որի հանրային հեռուստառադիոընկերության, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմավորման գործընթացում ներգրավել նաև ընդդիմությանը, որը կբալանսավորի երկու քաղաքական դաշտերում գտնվող ուժերի համատեղումը: Երրորդ կարևոր հանգամանքը ընդդիմությանը տարբեր աշխատանքային գործընթացներում ներգրավելն է, որպեսզի վերջինս կարողանա իր խոսքը տեղ հասցնել և ապացուցելի դարձնել, այլապես կկանգնենք պառակտման վտանգի առաջ, ինչը մեր արտաքին թշնամիների համար շահարկումների թիրախ կհանդիսանա: - Ինչպե՞ս եք մեկնաբանում Դաշնակցության ձայների «փոշիացումը»: - Ընտրազանգվածը, որն իշխանության ներսում էր ու չէր ցանկանում հարել ընդդիմությանը, ի դեմս Վահան Հովհաննիսյանի, տեսնում էր ՀՀ նախագահին: Իսկ սև PR-ի արդյունքում այդ ընտրազանգվածը թեքվեց Արթուր Բաղդասարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմը: Մենք փաստեր ունենք, որ շուրջ հինգ-վեց մարզերում իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, թե «Վահանը մեզ հետ է»: Բոլոր դեպքերում ընտրակաշառքը և սպառնալիքի ազդեցությունը ևս արեցին իրենց գործը: Շատ տեղամասերում վերահսկելի էին ընտրության քվեարկության արդյունքները, այսինքն, ընտրողը չկարողացավ իր կամքը լիարժեքորեն արտահայտել: Այդ ամենի մեջ համախոհությունն ու հանդուրժողականությունը մղվեց երկրորդ պլան: Իհարկե, չենք ժխտում այն, որ ընտրությունների ընթացքում եղել են նաև կեղծիքներ, բայց չենք վիճարկում ընտրությունների արդյունքները այն տրամաբանությամբ, որ ՀՅԴ-ի 400.000 ձայնը չէր կարող դառնալ 100.000: - Վահան Հովհաննիսյանն իր հեռուստաելույթի ժամանակ հայտարարել է, որ ՀՅԴ-ն ունի առաջարկ, որը կարող է օգտագործել բանակցությունների ժամանակ: Ինչո՞վ կհիմնավորեիք հրաժարականն արդեն իսկ ստանձնած պարտավորություններից և այդ համապատկերում նոր առաջարկների օգտագործումը: - Վահան Հովհաննիսյանի քայլը ես համարում եմ արժանապատիվ, որով նա ցույց տվեց, որ ինքը մտահակված չէ ոչ մի «պորտֆելի», այլ առաջին հերթին երկրում հանդուրժողակա նության մթնոլորտի լուրջ համակարգ ձևավորելուն: Ի տարբերություն շատ թեկնածուների` Վահան Հովհաննիսյանը չգնաց և°… և°… տարբերակով, այլ ապացուցեց, որ «պորտֆելն» ու պաշտոններն անցողիկ են, իսկ անունը` մնայուն: Մեր կուսակցությունը ևս հավատարիմ է մնալու իր հարյուր տասնյոթամյա գաղափարախոսությանը և ազգային արժեքները պահպանելու դավանանքին:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ