Ն. Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ


Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց. Վիշտն է այսօր համակել ամենքիս հոգիները: Ազգս հայոց սգում է կորուստը իր զոհված զավակների: Նախագահական ընտրապայքարում դրսևորված անհանդուրժողության ոգին հանգեցրեց անկարգությունների, ցավալի և ողբերգական բախումների ու առճակատման: Երբեք չէինք սպասի, որ բնական ողջախոհությունը մեր ժողովրդի պիտի տեղի տար ատելության և թշնամանքի առջև: Այսօր, սիրելիներ, մտահոգ և անհանգիստ է համայն մեր ժողովուրդը` վտանգված տեսնելով իր նվիրական արժեքները` ազգի միաբանությունը, Հայրենիքի խաղաղությունն ու ապահովությունը: Ցուցաբերենք ողջամտություն, հեռու մնանք եղբայրատյացության զգացումներից, տագնապը խորացնող քայլերից: Հուզող բոլոր հարցերն ու խնդիրները վճիռների պիտի առաջնորդել խաղաղությամբ, օրինահարգությամբ, երկխոսության ապահով ուղիներով: Պատմության ու սերունդների առջև պատասխանատու ենք յուրաքանչյուրս: Չլինի, որ անխոհեմ հետագա քայլերով վտանգենք մեր երկրի կայունությունը: Չլինի, որ մթագնած տեսնենք մեր Հայրենիքի նորաբաց արևը: Չմնանք պարտական Աստուծո, մեր հայրերի ու զավակների առջև: Հավատում ենք, որ ապավինությամբ առ Աստված, արիության ոգով, հույսով ու լավատեսությամբ պիտի հաղթահարենք ստեղծված ծանր ու դժվարին իրավիճակը, վերագտնենք մեր կյանքի, մեր Հայրենիքի բարօր ընթացքը: Աղոթք ենք բարձրացնում երկինք` հոգիների համար զոհված մեր զավակների և մխիթարություն հայցում նրանց սգակիր ընտանիքներին և հարազատներին: Թող Աստված զորակից լինի մեզ: Թող Տերն օրհնի ամենքիս իմաստությամբ և Սուրբ Հոգու առաջնորդությունը պարգևի մեզ` հաղթահարելու մեր կյանքի այս ծանր փորձությունը: