ԱՆՀԱՅՏ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱ


Հավաստիացնում է ՀՀ նախագահի մամլո խոսնակը Հայաստանի իրադարձությունների վերաբերյալ անտեղյակ հայտարարություններից խուսափելու համար Վ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ կոչ է անում հաշվի առնել մի շարք հանգամանքներ: «Արտակարգ դրության` հնարավորինս արագ դադարեցնելու հարցը ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլեւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ցանկությունն է: Ես դրանում չեմ կասկածում: Մենք պետք է գործենք` ելնելով իրավիճակից»,- երեկվա ասուլիսում ասաց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը` անդրադառնալով լրագրողների այն հարցադրմանը, թե ԵԱՀԿ ներկայացուցիչների կողմից կոչ էր եղել դադարեցնելու արտակարգ դրությունը: Ինչ վերաբերում է որոշ արտասահմանյան կազմակերպությունների` մարտի 1-ին անհամաչափ ուժի կիրառման մասին հայտարարություններին, Վ. Սողոմոնյանը ցավով նկատեց, որ դա տարրական անտեղյակության արդյունք է: «Արտասահմանյան կազմակերպությունները եւ բոլոր նրանք, ովքեր փորձում են գնահատականներ տալ, պետք է հաշվի առնեն մի քանի հանգամանք. առաջինը պետք է որպես փաստ ամրագրվի, որ Լ. Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցներն ապօրինի հանրահավաքներ են անցկացրել Ազատության հրապարակում, որտեղ տարբեր կոչեր են հնչել: Միայն 11-րդ օրը ստացված տեղեկության հիման վրա, որը հետո հաստատվել է, ոստիկանությունը մտել է ցուցարարների մոտից զենքն առգրավելու: Այսինքն` պետք է հստակ ամրագրվի, որ օրենքը խախտվել է օրեր շարունակ, ոստիկանությունը կատարել է այլ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ կարգ ու կանոնը պահպանելու իր ուղղակի պարտականությունները: Ցուցարարները Ֆրանսիայի դեսպանատանը հարող հրապարակում սկսել են զանգվածային անկարգությունները, որը եւս փաստ է: Տեղեկատվություն է եղել, որը հետո հաստատվել է, որ ցուցարարների ձեռքին եղել են նռնակներ, որոնց պայթեցնելու պատճառով զինվորներ եւ զոհեր եղան: Հստակ տեղեկություն կար, որ հրահանգ է տրվել զինվել` վերցնել փայտեր, ձեղեր: Պետք է հաշվի առնել , որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մինչեւ վերջին պահը հրահանգել է ուժ չկիրառել: Որեւէ ոստիկան զինված չի եղել: Եղել են մահակներ եւ վահաններ: Պետք է հաշվի առնել, որ բազմաթիվ սադրանքներ են տեղի ունեցել հենց տեղում: Ահա այս հանգամանքներն է, որ պարտավոր են հաշվի առնել իրադարձություններին գնահատական տալիս, հակառակ դեպքում` անտեղյակ հայտարարություններ են»,-նշեց մամլո խոսնակը` ավելացնելով, որ եղած վտանգի դիմաց ոստիկանները մեղմ են եղել` ունենալով Հայաստանի քաղաքական ղեկավարության հստակ հրահանգը: Զոհվածների թվի մասին լրագրողի հարցին ի պատասխան, Վ. Սողոմոնյանը նշեց, որ նրանց թիվն այնքան է, որքան հայտարարվել է: «Ցավում եմ, որ կա 8 զոհ: Լուրերն այն մասին, թե իբր կան ավելի շատ զոհեր, ուղղակի կեղտոտ ստեր են: Այն ստերը, որոնք, ցավոք, արդեն մի քանի ամիս է շրջանառվում են հասարակության մեջ, եւ` նույն ձեռագրով: Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց նա: Նրանց մահվան բոլոր մանրամասնները հետաքննվում են, եւ արդյունքները կներկայացնեն իրավապահ մարմինները: Կան տեսագրություններ, ձայնագրություններ, եւ Վ. Սողոմոնյանը չի կարծում, թե որեւէ բան անհայտ կմնա: Ի պատասխան օտարերկրյա լրագրողների` Լեւոն Տեր-Պետրոսյանի` «տնային կալանքի» տակ գտնվելու մասին հարցին, մամլո խոսնակը պարզաբանեց, որ դա տնային կալանք չէ: Նախկին նախագահի անվտանգության պահպանմամբ զբաղվում է պետական պահպանության ծառայությունը, որի ներկայցուցիչները նրան խորհուրդ չեն տալիս լքել իր տունը կամ առաջարկում են հրաժարվել պետական պահպանությունից: Եթե նա ուզում է դուրս գալ տնից, կարող է հրաժարվել պետական պահպանության ծառայությունից եւ իր վրա վերցնել իր անվտանգության հարցը: Վ. Սողոմոնյանը հերքեց նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի` արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի այն պնդումները, թե իբր իրեն չեն թողել գնալ ժողովրդի մոտ, նշել է ինչ-որ բանակցությունների մասին: «Իհարկե, բանակցություններ չեն եղել, իհարկե, նախագահի աշխատակազմի ղեկավարը դեսպաններին չի ասել, թե իբր որեւէ կոմպրոմիսի պատարստ չենք, ինչպես ասվում է: Այդ բոլոր ստերը կհերքվեն: Առաջիկայում հնարավորություն կունենաք ՀՀ նախագահին հարցեր ուղղելու, եւ խորհուրդ կտամ Տեր-Պետրոսյանի հարցազրույցում նշվող «բանակցությունների առաջարկության» մասին հարցնել նախագահին, կարծում եմ` բավական հետաքրքիր պատասխան կստանաք»,- նշեց Վ. Սողոմոնյանը: Նա նաեւ ափսոսանք հայտնեց, որ կեղծ տեղեկատվությունն ակտիվորեն ընդունվում է արտասահմանյան լրատվամիջոցների կողմից: