ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՕՐԻՆԱՑ Ե


Սիրելի հայրենակիցներ, Անցած նախագահական ընտրություններին հաջորդած անցանկալի զարգացումները լուրջ ներքաղաքական լարվածություն առաջացրեցին երկրում: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր մի խումբ արկածախնդիր համախոհների անպատասխանատու եւ անխոհեմ գործունեության հետեւանքով կազմակերպված զանգվածային անկարգությունները հանգեցրին ՀՀ Նախագահի կողմից հրապարակված եւ Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացած որոշմանը Երեւանում արտակարգ դրություն հաստատելու մասին: Այդ իրադարձությունները ծանր հարված էին մեր պետականությանն ու մեր ժողովրդին: Անդառնալի կորուստները ծառայողական պարտքը կատարող ոստիկանության աշխատակիցների եւ ցուցարարների շարքերից, ավելի քան հարյուր վիրավորները, բարբարոսությունը, վայրագությունն ու թալանը ծանր բարոյահոգեբանական ցնցում պատճառեցին մեր ժողովրդին: Մենք ցավակցում ենք կույր ատելության զոհ դարձած մեր հայրենակիցների ընտանիքներին ու հարազատներին, մեր վշտակցությունն ենք հայտնում նրանց եւ մեր վճռականությունը` ամեն ինչ անելու, որ մեր երկրում այլեւս այդպիսի դեպքեր չկրկնվեն: Նման երևույթների մերժումը կարող է անկեղծ լինել ու կրկնությունը կարող է կանխվել միայն մեկ դեպքում` եթե անաչառ ու ճիշտ քաղաքական, իրավական եւ բարոյական գնահատականներ են տրվում կատարվածին: Հետեւաբար մենք պարտավոր ենք, զսպելով ցավը, ցասումն ու կսկիծը, գնահատել կատարվածը: Դժբախտաբար, մենք չկարողացանք կանխել այն, ինչը հետեւողականորեն, մեթոդաբար եւ դաժանորեն նախապատրաստվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի ու իր մի խումբ համախոհների կողմից, ովքեր տեւական ժամանակ մարդկանց մեջ ներարկում էին կեղծիք, շանտաժ, այլատյացություն, անհանդուրժողականություն, չարություն ու ապօրինություն: Քաղաքական մրցակից ներին դավաճանի պիտակ կպցնելը, զազրելի հայհոյախոսությամբ անպատվելը, իր կոչերին չարձագանքող քաղաքացիներին տականք համարելը, ապօրինի հանրահավաքներ եւ երթեր անցկացնելը, Ազատության հրապարակում ապօրինի զենք, զինամթերք, հոգեմետ նյութեր, մահակներ ու երկաթյա ձողեր կուտակելը խոսում է վաղօրոք նախապատրաստված եւ կազմակերպ ված գործունեության մասին: Սուտ, կեղծիք ու ատելություն սերմանելը որեւ է առնչություն չի կարող ունենալ քաղաքական գործընթացների հետ: Դա կարող է հանգեցնել միայն նրան, ինչը տեղի ունեցավ մարտի 1-2-ին: Ընտրությունները առիթ դարձան Լեւոն Տեր-Պետրոսյանի ու իր մի խումբ համախոհների համար` սեփական ժողովրդի ու պետության նկատմամբ 10 տարի շարունակ կուտակած կույր ատելությունը, վրեժն ու չարությունը բացառիկ ցինիզմով դրսեւորելու համար: Կատարված վանդալիզմի ու ողբերգության ողջ պատասխանատվությունը կրում են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր մի խումբ համախոհներ, որոնք ոչ միայն մերժում էին շարունակաբար հնչող հորդորները` հրաժարվելու քաղաքական շանտաժի, ատելության ու չարության քարոզից, քաղաքական խնդիրները քաղաքական ու իրավական միջոցներով լուծելու եւ երկխոսության առաջարկներից, այլեւ դժվարին պահին չկարողացան հաղթահարել սին եւ եսակենտրոն մղումները` հրաժարվելով անգամ Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումից: Սիրելի հայրենակիցներ, Մեծ է վիշտն ու ցավը, կորուստների կսկիծն ու կատարվածի պատճառած հոգեկան վերքը: Այդուհանդերձ, վերականգնելու համար մեր ժողովրդի հոգեկան անդորրը, երկրի կայունութ յունն ու բնականոն ընթացքը, մենք պարտավոր ենք մեր մեջ կամք եւ ուժ գտնել` ճիշտ լուծումներ գտնելու այս իրավիճակից դուրս գալու համար: Մենք վճռական ու հետեւողական ենք լինելու մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին եւ ուղղորդողներին բացահայտելու եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժելու հարցում: Մենք վճռական ենք, որպեսզի հնարավոր ամենակարճ ժամանակում բացահայտվի ու առգրավվի երկրում առկա ապօրինի զենքն ու զինամթերքը, երկրում ապահովվի օրենքի լիակատար գերակայություն` երաշխավորելով ժողովրդավարության անշրջելի զարգացումները: Մենք վստահ ենք եւ վճռական, որ ձեւավորվող նոր քաղաքական կոալիցիան ի զորու կլինի առաջիկայում իրականացնել նոր որակի ազգաշահ բարեփոխումներ, նպաստելով երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած տարաբնույթ խնդիրների լուծմանը, դրանով իսկ նպաստելով սոցիալական համերաշխության կայացմանը եւ երկրի առաջընթաց զարգացմանը: Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ «Օրինաց Երկիր» Կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ