«Թող ոչ մի զոհ չպահանջվի» Քավության նոխազներ էլի գտնվեցին


Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը դեռ նախընտրական շրջանում իրենց կողմից հաստատված սևի ու սպիտակի` տվյալ դեպքում միակողմանի ջրբաժանն ամեն գնով ձգտեցին պահպանել: Ահավասիկ, ՀՀՇ առաջնորդը Ազատության հրապարակում հավաքվողների, կամ ավելի ճիշտ` այլևս այնտեղ բացօթյա և վրանային բնակություն հաստատածների նախագահն էր դարձել: Նա «երկրի» (տվյալ դեպքում` միտինգավորների) առաջին դեմքի ինքնամեծար և անհասկանալի կարգավիճակով էր ներկայանում: Ինչ-որ հրամանագրերի արձակումը, պատվավոր կոչումների շնորհումը ասվածի ցցուն ապացույցներից են: Բոլոր գործողությունները օրենքի և օրինականության շրջանակներում «տեղավորելու» մասին հավաստիացումները, որոնք հնչում էին նախընտրական շրջանում և կրկնվում հետընտրական նկրտումներում, ՀՀՇ առաջնորդը, ինչպես և սպասելի էր, չէր կարող ու չէր ցանկանալու պահպանել: Այն, որ 9 օր հաջողվեց խուսափել սուր բախումներից, բնավ էլ օրենքին հավատարիմ լինելու և ոչ էլ, մանավանդ, զանգվածներին հրահրումներով (և ոչ միայն) զինելու վկայությունը չէ: Եթե նույնիսկ անտեսենք հրապարակի ու նրա շրջակայքի հետևողական ապականման գործընթացը, ապա բոլոր դեպքերում հարկ է հավելել, որ Ազատության հրապարակի հետընտրական պաշարումն այդպես էլ ընդդիմադիրները չցանկացան օրենքի շրջանակներում «տեղավորել»: Ինչպես հայտնի է, միտինգային շարժման լիդերներն այդպես էլ հարկ չհամարեցին «ժամանակ վատնել» քաղաքապետարանի համապատասխան արտոնագիրն ունենալու համար: Դժվար չէր հաշվարկել, որ այն իր հերթին ավելի հաստատուն կդարձներ հետընտրական հանրահավաքային շարժումը` միաժամանակ էապես նվազեցնելով հետագա անցանկալի զարգացումների հավանականությունը: Սակայն այդպես էլ չկայացած իշխանությունը նույն հարթակում կանգնած Ստեփան Դեմիրճյանի վաղուց երազած կարգ ու կանոնը այդպես էլ չփորձեց կյանքի կոչել: Առավել ևս հիմա, երբ նախկինների առաջնորդն ու իր թիմը այդպես էլ կորցնելու ոչինչ չունեն: Դժվար չէ վերհիշել, որ ընդամենը նախընտրական շրջանում այսպես կոչված «համաժողովրդական շարժման» լիդերների` հանրահավաքներ կազմակերպելու մասին իրազեկումները քաղաքապետարանը սիրահոժար կերպով ընդունում էր: Ասել է թե` մայրաքաղաքային իշխանությունների վերաբերմունքի շարունակական արտահայտման համար նախադրյալներ ու հիմքեր կային նաև այս դեպքում: Սակայն խնդիրն ըստ ամենայնի մի ինչ-որ գրություն շարադրելու շրջանակում չի սահմանափակվում… Երկրորդ տեղը զբաղեցրածի անհնազանդությունը Լ. Տ.-Պ.-ի ու իր թիմակիցների ծրագրմամբ երբեք էլ Ազատության հրապարակով չէր սահմանափակվելու: Եվ այս առումով, բնականաբար, նրանց չէր բավարարելու նաև այն իրողությունը, որ Լ. Տեր-Պետրոսյանին հաջողվել է իշխանություն հաստատել միայն այդ մի քանի հարյուր քառակուսու վրա… Այն էլ` չթաքցնենք, իշխանությունների բարի կամքի, հանդուրժողականության, հաջողության չհասած թեկնածուի ու նրա շրջապատի մեծ հույսերի տապալմանն ու հուզական ավելի քան ընդգծված դրսևորումներին ըմբռնումով վերաբերվելու շնորհիվ: Հենց սրանով է պետք բացատրել իշխանության «անտարբերությունը» կամ ավելի ճիշտ հանդուրժողականությունը: Այլապես, սթափության հորդորները, որոնք շարունակաբար հնչում են պետության ղեկավարների ու պատկան մարմինների ներկայացուցիչների շուրթերից, անկասկած ավելի վաղ կարող էին կոնկրետ քայլերով փոխարինվել: Ով ով, բայց Լ. Տեր-Պետրոսյանը հենց նույն 1996 թվականի օրինակով գերազանց տիրապետում է անհնազանդ ցուցարարներին կարգի հրավիրելու գրված, թե չգրված բոլոր կանոններին: Հետևաբար, հաստատ` կարիք չկար հին փորձի կիրառումը հիմա էլ սեփական մաշկի վրա զգալ: Առավել ևս, որ այս դեպքում «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» ձևակերպումը չէր գործելու, և հասարակական կարգը խախտելու` բոլոր դեպքերում անցանկալի հետևանքները ավելի շատ ուրիշներն իրենց մաշկի վրա զգացին: Տեղի ունեցավ ավելին, քան կարելի էր պատկերացնել: Եվ իրեն հավատացողներին խառնամբոխի վերածած երկրիս նախկին անփառունակ խորհրդանիշը, արդեն իսկ պատասխանատ վությունից հրաժարվելով, քավության նոր նոխազներ է որոնում: Փաստորեն, Օպերայի շրջակայքում պայմանական իշխանության հաստատումը նաև զոհեր պահանջեց: Իսկ նրա մոլորեցման որոգայթներում հայտնվածները, արդեն սևի ու սպիտակի ջրբաժանից էլ անդին հայտնվելով` անկախ իրենց կամքից, անհնազանդության շարժման քավության նոխազներ դարձան: